Տրանսպորտի սակագինը քաղաքական շահարկման առարկա՞

Տրանսպորտի սակագինը քաղաքական շահարկման առարկա՞

Չգիտեի, որ հասարակության կիսագրագետ ու վախեցած մեծ հատվածի հետ միասին կարող են քաղաքականությամբ չզբաղվել նաև քաղաքական կուսակցությունները: Պետք է «65+» տարիքի հասնեի, որպեսզի իմանայի, որ «Հանրապետություն» կուսակցությունն, օրինակ, խուսափում է քաղաքականությամբ զբաղվելուց: Ճիշտ է, դեռ տեղական ինքնակառավարման մակարդակում: Որի շրջանակում գործում է ավագանի կոչված քաղաքական մարմինը: Տվյալ դեպքում խոսքը Երևանի ավագանու կազմում ներառված նույնանուն խմբակցության մասին է: Իսկ չզբաղվելն է դրսևորվում է նրանով, որ դրա անդամները հրաժարվել են մասնակցել հունվարի 21-ին գումարվելիք արտահերթ նիստին: Դրանում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվելու/քննարկվելու է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը: Ինչը «Հանրապետություն» խմբակցության կողմից բնորոշվել է որպես քաղաքական շահարկման առարկա: Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, քաղաքական շահարկման առարկա է:

Իսկ որպեսզի ինչ-որ ձևով արդարացվի մասնակցության հրաժարումը և ընտրողներից ստացած քվեն դավաճանելը՝ քննարկումը ներկայացվել է որպես Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգ: Այսինքն, քաղաքի բնակիչների և հյուրերի շահերը ոտնահարող՝ տրանսպորտի սակագնի բարձրացման հարց քննարկելը խոչընդոտում է Երևանի զարգացումը: Ստացվում է, որ այն, ինչ դեմ է գնում երևանցիների շահերին, նպաստում է Երևանի զարգացմանը: Ինչը, բնական է, պետք է նշանակի, որ Երևանը ոչ թե երևանցիների համար է, այլ այն կառավարող մի խումբ զավթիչների: Ովքեր երևանցիներին խաբելով՝ իշխանություն են վերցրել, որպեսզի վայելեն այն: Օրինակ՝ երթևեկեն թանկարժեք «պադավատ» մեքենաներով: Իսկ երևանցիները գոհանան ցուրտ կանգառներում հանրային տրանսպորտին ժամերով սպասելով: Ու միմյանց խանգարելով ու մի կերպ խցկվեն ավտոբուսի մեջ: Ընթացքում էլ կռիվ տան թե՛ անշունչ ապարատի և թե՛ վարորդի հետ: Ու դա տեղի ունենա ոչ թե իրենց մեղքով, այլ չարեփոխումների հետևանքով առաջացող խնդիրների պատճառով: Իսկ այդ ամենի դեմ բողոքելը կամ այն չեղարկելու փորձը բնորոշվի որպես կեղծ օրակարգ:

Եվ որպեսզի այդ ամենը շղարշեն՝ հայտարարում են «21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ» ստեղծելու մասին: Ինչպես նաև ընթացքում առաջացող խնդիրների ծագման ու դրանք հաղթահարելու անհրաժեշտության մասին: Երևում է, որ մոռացել են, որ 2018-ի մայիսից այս կողմ մեր հայրենիքում անընդհատ խնդիրներ են ծագում, բայց դրանք ոչ թե հաղթահարվում են, այլ ավելի են բարդանում: Որ խնդիրների հաղթահարման մասին կարող է խոսել այն իշխանությունը, որը հինգ տարում (մեկ ընտրությունից մյուսն ընկած ժամանակահատվածում) լուծում է նախոդի կողմից իրեն ժառանգություն մնացած խնդիրները: Եվ ոչ թե քանդում է վաղուց արդեն կարգավորված այս կամ այն մեխանիզմը՝ առանց նորը ստեղծելու կարողության: Ինչը մենք տեսնում ենք շուրջ յոթ տարի շարունակ, և այդ երևույթը վստահաբար կշարունակվի ևս յոթ տարի, եթե պահպանվի գործող իշխանությունը:

Հետաքրքիր է, երբ 2000-ականների սկզբին հանրապետականների շրջանակից առանձնանում էր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությանը, իշխող կուսակցության դեմ պայքարը ևս ընկալվում էր որպես կեղծ օրակարգ: Թե՞ դա կյանքի ու մահվան խնդիր էր, հանուն ինչի փողոց էին հանվում նույն երևանցիները: Թե՞ մարդկանց փողոց հանելով՝ իրենք ոչ թե բևեռացնում, այլ միավորում էին հասարակությունը: Թե՞ այդ ժամանակ խնդիր էր դրվել վերցնել իշխանությունը, ու հանուն դրա կարելի էր ոչ միայն բևեռացնել հասարակությունը, այլ դրա մի հատվածին հանել ընդդեմ մեկ այլ հատվածի: Ու մարտի 1 սարքելով՝ բարդել գործող իշխանության վրա: Կամ էլ հոսանքի և տրանսպորտի թանկացման և կամ Մաշտոցի պուրակի խնդրի արծարծումը, որ տեղի ունեցավ նախկինների օրոք, ևս քաղաքական շահարկման դրսևորումներ էին: Թե՞, այնուամենայնիվ, դրանք ուրիշ էին…