ՔՊ-ն վախենում է Ալավերդիում նոր արտահերթ ընտրության գնալ
Հրապարակային հայտարարում ենք՝ լինելով իշխանություն, եթե պատրաստ եք նոր ընտրության, եկեք Ալավերդի համայնքում նոր ընտրություններ անենք․ հրավիրված ասուլիսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին։
Նա հայտարարեց, որ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետի դեմ ՔՊ-ն անվստահության գործընթաց է սկսել՝ ավագանիներից ոմանց փորձելով շանտաժի միջոցով իր կողմը տանել։
«Ալավերդի համայնքի կոմպրոմիսային լուծումը մենք տեսնում ենք այն սկզբունքով, որ մենք ընդունում ենք, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից։ Հիմա, եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ժողովրդի կողմից իշխանության ձևավորման ուղիղ ճանապարհը ավագանու արտահերթ ընտրություններն են»,-ասաց նա և նշեց, որ ՏԻՄ օրենքով կարող են լուծել հարցը և արտահերթ ընտրություն նշանակել։
«Ունենալով նույն վարչական ռեսուրսները, լծակները՝ բնական է, որ վախենում են, սա հերթական անգամ փաստում է, որ ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ընտրություններին արձանագրի իր հերթական պարտությունը։ Եթե չեն վախենում, կառավարության ձեռքն է՝ առաջիկա օրերին ավագանին լուծարել»,-ասաց նա։
Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրենց նպատակն է Ալավերդիում աշխատել և ապացուցել, որ արժանի են այն վստահությանը, որ ստացել են։
«Բայց 3 ամիս է՝ նիստերը բոյկոտում են։ Ավագանու նիստերի բացակայությունը լուրջ խոչընդոտում է մեր ծրագրերին»,-ասաց նա։
Կարծիքներ