Խեղված արդարադատություն

Խեղված արդարադատություն

Արդարության, ապա իրական արդարադատության պահանջ բոլոր հասարակություններն ունեն: Դա թերեւս ինքնապաշտպանության եւ այլ բնազդների հետ նույն շարքում է: Դեռ նախնադարյան մարդն իր միջից ընտրում էր ամենախելոքին ու արդարին, որպեսզի վերջինս արդարություն հաստատի ցեղախմբում` պատժի հանցագործներին եւ վերականգնի արդարությունը: Այն ցեղախմբերը, որոնք կարողացել են ճիշտ, արդարամիտ դատավորներ նշանակել, ծաղկել ու բարգավաճել են: Որոնց դա չի հաջողվել, ծաղկել է անարդարությունը:

Մենք՝ որպես հասարակություն, որը դեռեւս խիստ բարձր գիտակցական մակարդակի վրա չէ, որպեսզի կարողանա ապահովել իր գոյության համար լավագույն պայմանները, արդար դատավորներ չի գտել եւ իրական արդարադատություն դեռեւս չի հաստատել իր ցեղախմբում: Մենք հրճվում ենք, երբ պատժում են մեր թշնամիներին, անկախ նրանից՝ նրանք անմե՞ղ են, թե՞ ոչ: Եվ տխրում ենք, երբ պատժում են մեր մերձավորներին, անկախ նրանից՝ նրանք մեղավո՞ր են, թե՞ ոչ:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հերթական կասկածելի հաղորդագրությունը տարածեց` զենքի պետական գնումների գործընթացում առկա չարաշահումների եւ յուրացումների հետ կապված: Մի կողմից, այլեւս որեւէ վստահություն չկա, որ այս գործերը քաղաքական եւ շոու-նպատակներով չեն հարուցվում` արդարադատության հանրային պահանջը բավարարելու կամ իշխանությունների քաղաքական հակառակորդներին պատժելու համար: Մյուս կողմից՝ մեղադրանքի հիմքում ընկած գործընթացի տարեթիվն ու դեպքերի նկարագրությունը խոսում են այն մասին, որ կրկին փորձում են մարդկանց մոլորեցնել, թե 2011-ից սկսած՝ «բանակը թալանել են», եւ դա է 2020 թվականի պատերազմում պարտության պատճառը: Իսկ եթե անգամ կան մեղավորներ, ապա դա Նիկոլ Փաշինյանը չէ, այլ՝ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը եւ այլ նոր «նախկիններ»: