Նահանջելու խնդիր չկա, հետեւել ենք ՍԴ որոշմանը

Նահանջելու խնդիր չկա, հետեւել ենք ՍԴ որոշմանը

Մոտ մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ԱԺ 7-րդ գումարման կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Մասնավորապես, հակասահմանադրական էր ճանաչվել հանրային բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման համամասնությունը, որը նախագահի կողմից ստորագրվելու պարագայում խաթարելու էր բուհերի ինքնավարությունը, քանի որ, օրենքի համաձայն, բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը` կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն, ինչն էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Սակայն սեպտեմբերի 8-ին կայացած նիստում կառավարությունը որոշում կայացրեց՝ փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում։ Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձեւավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ 

ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության սեպտեմբերի 8-ի որոշումը վերաբերում է 16 պետական բուհերի։ Համաձայն որոշման՝ փոփոխություններ են կատարվել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման դրույթներում եւ առաջին հերթին՝ բոլոր 16 բուհերում։ Խորհուրդների թվակազմը հասցվել է գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված նվազագույն շեմին՝ 20 հոգու։ Որոշմամբ պահպանվել է հավասար համամասնությունը․ խորհուրդը ձեւավորող յուրաքանչյուր կողմին՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի եւ լիազորված մարմնի ներկայացուցիչներ, հատկացվում է կազմի 25 տոկոսը ձեւավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։

«Որոշումն ուժի մեջ է մտել, սակայն, օրենքով սահմանված կարգով, դա պետք է, որպես կանոնադրության փոփոխություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվի, որպեսզի վերջնական ուժի մեջ մտնի։ Մենք արդեն պատրաստվում ենք բուհերին գրություն ուղարկել, որպեսզի իրենք ապահովեն գրանցումը եւ դրանից հետո նախաձեռնեն պրոֆեսորադասախոսական կազմից ընտրություններ, ինչպես նաեւ ուսանողական խորհուրդներին առաջարկեն, որ իրենք եւս ընտրություն կատարեն եւ իրենց թեկնածուներին ներկայացնեն նախարարություն, որպեսզի կազմենք վարչապետի որոշման նախագիծ՝ ներառելով նաեւ լիազոր մարմնի ներկայացուցիչներին, եւ ուղարկենք վարչապետի հաստատմանը»,-  նշեց Լ․ Գրիգորյանը։

Որքանո՞վ է ճիշտ կամ նպատակահարմար այս պահին բոլոր բուհերի խորհուրդները փոխել, գուցե կան այնպիսիք, որ նո՞ր են ձեւավորել իրենց խորհուրդները։ «Ամեն դեպքում, մինչեւ դեկտեմբերի 30-ը ժամանակ ունենք, ցանկացած խորհուրդ փոխատեղման սկզբունքով է գործում, նաեւ գիտենք, որ թեկուզ գործող խորհուրդներում կան այնպիսիք, որոնց ժամկետներն արդեն լրացել են։ Իսկ փոխատեղման սկզբունքը նշանակում է, որ ուսանողներն են ավարտում կամ հիմնադրի ներկայացուցիչները, որոնք կառավարության անդամներ էին, իրենք են իրենց պաշտոններին հրաժեշտ տալիս։ Եթե առանձին-առանձին վերցնենք, յուրաքանչյուր խորհրդում փոփոխությունների անհրաժեշտություն հաստատ կա, եւ քանի որ ուզում ենք միասնական մոտեցում ունենալ՝ բոլոր բուհերի համար նույն թվակազմով, հետեւաբար, այս որոշմամբ որեւէ իրավունք չի խախտվում։ Ցավով եմ ասում, բայց կորոնավիրուսի հետեւանքով պրոֆեսորադասախոսական կազմից մահացած անդամներ կան, որոնց պետք է էլի փոխել»։ 

Թե 20 հոգանոց կազմով խորհուրդներին ինչքանով կհաջողվի լուծել բուհերի կառավարման ճգնաժամը, Լ․ Գրիգորյանն ասաց․ «Երբ գարնանը նախաձեռնեցինք փոփոխությունները, որոշ բուհերում ճգնաժամ կար, բայց այս ընթացքում ճգնաժամը հաղթահարվել է էլի օրենսդրությամբ սահմանված շրջանակներում։ Օրինակ, ԵՊՀ-ում, «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն, ձեւավորվեց ժամանակավոր խորհուրդ, որը կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ նոր կարգով կձեւավորվի հիմնական խորհուրդը։ Ոչ մի բանի երաշխիք այս պահին չենք կարող տալ եւ ասել, որ ամեն ինչ շատ իդեալական կլինի, բայց նախարարությունը հույս ունի, որ երբ նոր խորհուրդները ձեւավորվեն, իրենք բնականոն կգործեն եւ կապահովեն նաեւ բուհերի բնականոն գործունեությունը»։ 

Հիմք ընդունելով այս որոշումը, կարո՞ղ ենք ասել, որ ի վերջո իշխանությունը, նախարարությունը նահանջեցին՝ վերադառնալով խորհուրդների ձեւավորման նախկին կարգին։ «Նախարարությունն ուղղակի հետեւել է օրենքի պահանջին՝ նաեւ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, մենք՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, կառավարության հետ միասին խորհուրդների ձեւավորման մեր սկզբունքն էինք առաջարկել, որը հավանության էր արժանացել, գնացել ԱԺ եւ ընդունվել էր։

Սակայն ՍԴ-ն գտել էր, որ այդ տարբերակը կարող է խանգարել կամ որոշ չափով խաթարել բուհի ինքնավարությունը, եւ այդ որոշումը վերջնական էր, բողոքարկման ենթակա չէր, ուստի նախարարությունը պարտավոր էր հետեւել բարձր դատարանի որոշմանը։ Եվ հիմք ընդունելով այդ որոշումը՝ մենք ոչ թե հետ ենք կանգնել, այլ, քանի որ անհրաժեշտություն կար նոր խորհուրդների ձեւավորման, ընտրել ենք օրենքով սահմանված համամասնությունը եւ թվաքանակը։ Նահանջելու որեւէ խնդիր չկա, ուղղակի առաջնորդվել ենք օրենքի պահանջով, հետեւել ենք ՍԴ որոշմանը»։