Բաքվի հերթական զառանցանքները Հայաստանի հասցեին

Բաքվի հերթական զառանցանքները Հայաստանի հասցեին

«Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որևէ արդյունքի չի բերի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը։

«Հայտնի է, որ այնպիսի երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին հարձակողական զենքի մատակարարման հարցում, ի հեճուկս պաշտպանունակության բարձրացմանն ուղղված հայկական կողմի հայտարարություններին, ծառայում են Հայաստանը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն:

Նկատի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի կողմից հերթական հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,-ցնդաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվել էր, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: 

Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, նշել են ԱԳՆ-ում: 

Բացի այդ, գերատեսչությունը կոչ է արել Ադրբեջանին վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ում: