«Հրապարակ»․ Բյուջեն ամեն հնարավոր ձևով լցրեցիք, հիմա ավելի կարևոր գործով եք զբաղվելու՝ բանտերն եք լցնելու

«Հրապարակ»․ Բյուջեն ամեն հնարավոր ձևով լցրեցիք, հիմա ավելի կարևոր գործով եք զբաղվելու՝ բանտերն եք լցնելու

Պետական եկամուտների կոմիտեն նոր օրենք է բստրել ու հանրային քննարկման դրել, որով խստացվում են պատիժները մաքսանենգության համար։ Եթե այն մտնի ուժի մեջ, ապա այն արարքը, որը նախկինում գնահատվում էր որպես խախտում, կամ սխալ, որի համար մարդը տուգանք էր վճարում ու շարունակում հանգիստ աշխատել, այժմ կոչվելու է հանցագործություն։ 

Նախկինում մաքսանենգության ոչ բոլոր տեսակներն էին համարվում քրեորեն հետապնդելի։ Օրինակ, դրամական միջոցների, ռազմական արտադրանքի, կամ սարքավորումների, թմրամիջոցների, արգելված մշակութային արժեքների մաքսանենգության համար նախատեսված էին քրեական պատիժներ, մյուս դեպքերում՝ միայն վարչական պատասխանատվություն։ 

Այժմ «հոդվածի տակ» է ընկնում նաև ապրանքների ապօրինի տեղափոխումը «առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու», և այլ նմանատիպ արարքները, որոնց համար  նախատեսվելու է 1-ից 6 տարվա ազատազրկում։ 

Որպես նպատակ նախագծում նշվում են հարկային ու մաքսային  կարգապահության բարձրացումը, հարկային և մաքսային հանցագործությունների կանխումը, նմանատիպ հանցագործությունների ներկայիս աճի կասեցումը և այլն։ Ըստ նախագծի՝ ապրանքների խոշոր չափ է համարվում 5 միլիոն դրամը գերազանցող արժեքը։ Այսօրվա կարգավորումներով նման արարքների համար քրեական պատասխանատվությունից մարդիկ ազատվում են` եթե փոխհատուցում են վնասը եւ վճարում տուգանք։ 10 մլն-ից ավելի հարկեր թաքցնելու դեպքում ևս քրեական պատասխանատվություն է կիրառվելու։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնում է, որ տնտեսական երևույթների հետ կապված քրեական կոշտ գործիքներ կիրառելը ճիշտ չէ, որ ժամանակակից աշխարհում միտումը  տուրքեր, հարկեր կիրառելն է, ոչ թե քրեական պատասխանատվութուն սահմանելը։ Իսկ նոր  նախագծով անգամ փոխհատուցման պարագայում հարկայինը կարող է պատիժ պահանջել։ «Մարդը սխալ է անում, ասում է՝ պատրաստ եմ վճարել, բայց  նրան ասում են՝ եւ պետք է վճարես, եւ նստես»։ 

10 մլն-ից ավելի հարկեր թաքցնելու պարագայում, ըստ Պարսյանի, քրեական  պատասխանատվություն կիրառելը առհասարակ տեղին չէ։ «Հաշվի չի առնվում այն, որ տնտեսվարողները տարբեր «մեծության» են։ Օրինակ, խոշոր տնտեսվարողը, որը միլիարդների հասնող գործարքներ է անում, կարող է հաշվարկների ժամանակ սխալներ թույլ տալ, և փոքր տնտեսվարողի համար, որի շրջանառությունը, ենթադրենք, 50 մլն է, 10 մլն-ի խախտումը ավելի մեծ «հանցանք» է ենթադրում։ Հետևաբար, նույն պատիժները սահմանել բոլոր տնտեսվարողների նկատմամբ, կարծում եմ, անարդար է և անարդյունավետ»։

Տնտեսագետը անարդարություն է դիտարկում նաև այն, որ նույն կոշտ միջոցները չեն կիրառվում մաքսային, կամ հարկային տեսուչների նկատմամբ։ «Նման կոշտ գործիքի սահմանման պարագայում պետք է մաքսային, հարկային  տեսուչների նկատմամբ եւս զսպիչ մեխանիզմներ նախատեսվեն։ Նրանք կարող են սխալ թույլ տալ, և դրա արդյունքում տնտեսվարողը միջոցների, ժամանակ մեծ կորուստներ է ունենում, գնում է դատարաններ, ապացուցում, որ սխալ է տեղի ունեցել, բայց հարկային կամ մաքսային տեսուչը պատասխանատվություն չի կրում։ Եւ եթե այսքան խիստ ու սկզբունքային եք, ապա նույն խստությունը պետք է  կիրառել նաև ՊԵԿ-ի աշխատակիցների նկատմամբ»։ 

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը որոշել քրեականացնել մաքսանենգությունը կամ հարկերը թաքցնելը, չէ որ տարիներ առաջ հակառակ տենդենցը կար, որ տնտեսական հանցագործությունների համար պետք է մարդուն բանտ ուղարկել` եթե նա վճարում է հարկերը, տույժ-տուգանքները։ «Դա, իմ կարծիքով պայմանավորված է ՊԵԿ ղեկավարի մասնագիտությամբ։ Նա լինելով իրավաբան, խորությամբ չի պատկերացնում տնտեսական գործընթացներն ու երևույթները, և փորձում է ամեն ինչ քրեական պրիզմայով դիտարկել, ինչն անարդյունավետ է», - պատասխանում է Սուրեն Պարսյանը։ Եւ նկատում է՝ խիստ պատիժներով չի հաստատվում արդարություն, այլ այնպիսի համակարգ ստեղծելով, երբ բոլոր դեպքերը բացահայտվեն։ «Եթե մարդն իմանա, որ անգամ 1 մլն դրամ չարաշահման դեպքում բացահայտվելու է, կվախենա, ու չի անի այդ գործողութունը»։ 

ՊԵԿ-ի պատուհանից այն կողմ այլ աշխարհ է, որտեղ ահռելի խմբաքանակներով թմրանյութի տարածմամբ զբաղվողին չեն պատժում, անգամ չեն կալանավորում, թեև դրա համար ոչ մի օրենք էլ փոխել պետք չէ, որտեղ 14 հազար կիլոգրամ հավի միսը հողի տակից հանելու, ժողովրդին թունավորելու համար տնտեսվարողներին չեն պատժում և մեղավոր են կարգում մեքենայի վարորդին։  

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը կողմ է դեղերի մաքսանենգության դեմն առնելուն, քանի որ այն  ահռելի  չափերի է հասել։ Միաժամանակ, գտնում է, որ մինչև 6 տարի քրեական պատասխանատվություն սահմանելով հարցը չի լուծվի։ Ըստ նրա, պետք է մաքսային զննումներն ավելի մասնագիտորեն արվեն, մաքսավորները լավ աշխատեն, ոչ թե պատիժների խստացման վրա հույս դնեն։ «Աշխատողների պատրաստվածության վրա պետք է շեշտը դնել, այլ երկրների փորձը նայել, մաքսային զննման որակը բարձրացնել, ոչ թե մի արարքի համար 6 տարով մարդու ճակատագիրը խեղեն»։ Սամվել Զաքարյանն առաջարկում է պատասխանատվության աստիճանական խստացման համակարգ․ «Ասենք, առաջին դեպքի համար վարչական տույժ սահմանել, երկրորդի համար՝ ավելի խիստ վարչական տույժ և միայն երրորդ անգամ, երբ որ համոզվում ու տեսնում ենք, որ մարդը նպատակադրված զբաղվում է քրեական գործունեությամբ, նոր կարելի է քրեական պատժի ենթարկել»։ 

Նախագիծը հանրային հարթակում ընդամենը 10 «կողմ» է ստացել, 2759` «դեմ» ձայներ։ Բոլոր արտահայտված կարծիքները բացասական են. «Իսկ տնտեսվարողը հաշվապահական սխալի պատճառո՞վ էլ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի, թե՞ նախատեսել եք հաշվապահին էլ քրեական պատասխանատվության ենթարկել, որ սխալվել է։ Հերթական կարճ մտածված, չքննարկված ու չեփված նախագիծը»։ «Փաստորեն, բյուջեն ամեն հնարավոր ձևով լցրեցիք, վերջացրեցիք, հիմա էլ ավելի կարևոր գործով եք զբաղվելու՝ բանտերն եք լցնելու: ՀՀ-ում հանցագործների թիվը մեծացնենք, և ամենևին կարևոր չէ, որ մարդիկ սխալվել են ու պատրաստ են սխալը ուղղել։ Չէ, ինչպե՞ս կարելի է` թող նստեն, բիզնեսը տանուլ տան», այսպիսի մեկնաբանություններ են թողել նախագծի տակ  տնտեսվարողները։