«Թարթառի գործը»

«Թարթառի գործը»

2017թ. մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազը, Պետական անվտանգության ծառայության տնօրենը, Ներքին գործերի նախարարը համատեղ հայտարարություն տարածեցին զինված ուժերում Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն կատարած մի խումբ զինծառայողների բացահայտման եւ նրանց ձերբակալության մասին:

Քանի՞ զինվորական է այդ գործով ձերբակալվել՝ առայսօր ստույգ հայտնի չէ: Իրավապաշտպանները խոսում են ավելի քան հարյուր ձերբակալվածի մասին: Թեմայով մամուլում եղան հազվագյուտ հրապարակումներ: Մեկ տարի անց տեղի ունեցավ «Թարթառի գործով» դատավարություն: Քսան հոգի դատապարտվեց երկարաժամկետ բանտարկության՝ հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Ստույգ հայտնի է, որ ձերբակալվածներին ինը հոգի, չդիմանալով կտտանքներին, մահացել է: Նրանց հարազատները մի քանի անգամ փորձել են Թարթառ քաղաքում բողոքի ցույց կազմակերպել, բայց ոստիկանությունը դաժանորեն ճնշել է: Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Իսա Սադիգովի կարծիքով՝ «Թարթառի գործը» հնարածին է, որի միջոցով «ռազմական ղեկավարությունը փորձել է կոծկել ապրիլյան պատերազմում իր անհաջողությունները»:

Սադիգովը գտնում է, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ «ադրբեջանական բանակն պատրաստ չէ եւ ընդունակ չէ մարտական գործողություններ վարել»: Փաստացի «Թարթառի գործն» ապրիլյան պատերազմի ադրբեջանական «քննություն» կարելի է համարել, երբ ռազմաճակատում ձախողումների պատասխանատվությունը բարդվել է մի քանի սպաների եւ շարքային զինվորների վրա, որոնք, իբր, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից «հավաքագրված են եղել եւ լրտեսություն են կատարել հօգուտ հակառակորդի»:

Այս փաստը եւս մեկ անուղղակի ապացույց է, որ ապրիլյան քառօրյան եղել է պատերազմ, եւ ադրբեջանական զինված ուժերն իրենց առջեւ դրված մարտական խնդիրը չեն կարողացել լուծել: