Ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ բանակցություններից

Ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ բանակցություններից

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եւ արցախյան հարցի կարգավորման առնչությամբ քաղաքական-դիվանագիտական զարգացումները կարծես նոր հանգրվանի հասնելով, թափ են հավաքում։ Բարձր մակարդակի հանդիպումները կարգավորման «արեւմտյան» եւ «ռուսական» հարթակներում, որոնցից վերջինը տեղի ունեցավ նախօրեին՝ Քիշնեւում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր երեկ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ ղեկավարների՝ հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգտոնում, հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպումը, Մոսկվայից, Վաշինգտոնից պարբերաբար հնչող հայտարարությունները խնդրի առնչությամբ, հաստատում են, որ գործընթացն ընթանում է իր հունով՝ անկախ այն բանից, թե այդ հունն ում է ձեռնտու, կամ ով է դրա շահառուն։

Հայաստանի ակնկալիքները պարզ են՝ խաղաղություն։ Ըստ էության, փոքր եւ թույլ երկրի երազանք։ Արեւմուտքի ակնկալիքներն էլ պարզ են՝ լինել Հարավային Կովկասի խաղաղարարը եւ ամրապնդվել մի տարածաշրջանում, որն ավանդաբար համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ռուսական ակնկալիքներն էլ հստակ են՝ պահպանել ազդեցությունը մի տարածաշրջանում, որն ավանդաբար եւ պատմականորեն իրենն է համարվել։
Ադրբեջանի ակնկալիքներն էլ պարզ են՝ վերջնականապես զավթել Արցախը կա՛մ հայաթափել, կա՛մ բնակեցնել ադրբեջանցիներով, գործընթաց, որն արդեն իսկ սկսվել է, եւ հասնել նրան, որ Հայաստանը վերածվի «բանանային ռեսպուբլիկայի»։ Արդեն տեղի ունեցած եւ դեռ սպասվելիք հանդիպումներից ու տարածված հայտարարություններից ելնելով, առնվազն մի քանի ցավոտ հարց կա, որոնցից եթե հումանիտար նշանակություն ունեցող գերիների ազատ արձակումը հանենք, կմնա արցախահայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, կոմունիկացիաների ապաարգելափակման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանների հստակեցման հարցը։ Ընդ որում, եթե սահմանային հարցն ինչ-որ կերպ դեռ լուծելի է, ապա արցախահայության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցը, կարելի է ասել, այն փորձաքարն է, որի շուրջ կողմերը կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Այստեղ խնդիրը, ըստ ամենայնի, Ադրբեջանի դիրքորոշման հետ է կապված։

Բաքուն լավ է պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել Արցախին որեւէ իրավունքով օժտելը, անկախ այն հանգամանքից, թե ինքնավարության ինչ մակարդակ դա կլինի։ Բաքուն այս հարցում ամեն կերպ ձգտում է, որ որեւէ կերպ նույնիսկ աննշան հիմքեր չստեղծվեն ադրբեջանական պետության ֆեդերալիզացիայի համար, որովհետեւ նման թեկուզ ամենաթույլ նախադեպը մի գործընթացի կհանգեցնի, որը կարող է բերել ադրբեջանական պետության կազմալուծման։ Այսինքն՝ Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրն ունիտարիզմի պահպանումն է։ Եվ նույնիսկ եթե ինչ-որ կոմպրոմիսային լուծում էլ գտնվի, ապա այն վերահսկող մեխանիզմում չի կարելի աչքաթող անել Ռուսաստանին։ Հասկանալի է, որ պաշտոնական Երեւանի կողմից բարձրաձայնված այդ մեխանիզմում լինելու են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն։ Սակայն Արցախում հիմա «գետնի վրա» ռուսական խաղաղապահ զորակազմն է, ու այստեղ Ռուսաստանին չներգրավելը, Ռուսաստանի հետ հաշվի չնստելը կարող են չափազանց թանկ արժենալ եւ ցանկացած գործընթաց, պայմանագիր կամ համաձայնագիր առ ոչինչ դարձնել։