Դժբախտության մեջ հայտնված մարդկանց պետք է հանգիստ թողնել

Դժբախտության մեջ հայտնված մարդկանց պետք է հանգիստ թողնել

Մարմարիկ գյուղում արդեն 5 օր է՝ շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա: Այսօր՝ մայիսի 9-ին, նրա ծննդյան 2-ամյակն է: Ծնողները հույս ունեին, որ փոքրիկին գոնե մինչ իր ծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն քանի օր է փրկարարները ստուգում են գետը, գնացել են մինչեւ Հրազդան. «Ապրեն մեր փրկարարները, ուղղակի ափսոս էդ մատղաշ երեխեն։ Եթե մի տարիքով մարդ լիներ, երեւի այսքան չնեղվեինք։ Գյուղի ժողովուրդը ինչ կարողանում է, ով ինչ գիտի՝ անում է։ Մարդիկ տրամադրություն չունեն, հավաքվում են հոր մոտ, դե կողքը միշտ պետք է մարդ լինի, որ չտրաքի։ Աստված, թող մի հատ հրաշք լինի, էդ երեխեն հայտնվի, հենց էսօր էլ իր ծննդյան օրն ա»։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ

:Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Երկու տարեկան Տիգրանի անհետացումից ի վեր հատկապես սոցիալական ցանցերում օգտատերերը սուր քննադատության են արժանացնում երեխայի ծնողներին, գրելով, որ մայրն անփույթ է եղել, անուշադիր է եղել, ընտանիքը երեխայի նկատմամբ անտարբեր է եղել և այդ պատճառով երեխան անհետացել է՝ անհայտ հանգամանքներում: Սոցհարթակներում երեխայի մասին քննարկումներ են ծավալվում, անդադար մեղադրանքներ են հնչում ծնողների հասցեին: Բանը հասել է նրան, որ երեխայի հայրն է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հանրությանը խնդրել փոքր ինչ ավելի զուսպ լինել և երեխայի անունն անհարկի չշահարկել:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Տիգրանի անհետացմանն ու հանրության կտրուկ և քննադատաբար արձագանքներին՝ նկատում է. «Մի այսպիսի օրինաչափություն կա, երբ ինչ-որ մեկի հետ մի վատ բան է պատահում, մարդիկ հակված են համեմատություններ անցկացնելու, թե ինչու նույն բանն իրենց հետ չպատահեց, պատահեց դիմացինի հետ: Օրինակ՝ ինչ-որ մի դժբախտություն է տեղի ունենում, ինչ-որ վրիպում, անմիջապես մենք նման համեմատությունների ենք ականատես լինում: Ինչո՞ւ են նման համեմատություններ անում, դրանով փորձում են ինքնահաստատվել: Սա իհարկե բարոյական իմաստով վատ է: Մարդիկ ենթագիտակցաբար սկսում են մտածել. եթե ինձ հետ նման բան տեղի չի ունեցել, ուրեմն ես լավն եմ: Եթե տվյալ մարդու հետ նման բան է պատահել, ուրեմն նա վատն է, անուշադիր ու անտարբեր է և այլն: Բայց այստեղ խնդիրը բարոյականության, խղճի գոյության տիրույթում պետք է լինի: Մենք՝ բոլորս ցնցված ենք, մտածում ենք այդ հրաշք բալիկի մասին, հարց ենք մեզ տալիս՝ տեսնես ի՞նչ եղավ, ուր անհետացավ նա, բայց ամենամեծ ցավը բոլոր դեպքերում ծնողներինն ու ընտանիքինն է: Մենք ինչքան էլ որ ցավ ապրենք, ծնողի չափ չենք կարող ցավ ապրել: Մեր ժողովուրդը չարացել է, բարոյապես անկում է ապրել, դա երևում է ամենուր, անգամ պատերազմում զոհված զինվորների ցավը միայն իրենց ընտանիքներինն է: Ես չեմ ուզում պնդել, որ բոլորն այդպիսին են, ոչ, բայց ամեն դեպքում, մի տենդենց կա, եթե հարվածը չի հասել իրենց ընտանիքին, ուրեմն այն ցավ չի պատճառում: Բարոյական խնդիր է սա: Ցավը դարձել է միայն ցավի տիրոջը: Սոցիալական ցանցերը մարդկանց ինքնահաստատման մեծ հնարավարություն են տալիս, շատերն ուղղակի մեծախոսությամբ են զբաղվում, ամեն մեկին թվում է, թե ինքը շատ խելացի է, խելոք է, հատկապես որ մի քանի լայք էլ ավել են հավաքում, դրանից առավել մեծամտանում են: Համացանցը դարձել է ինքնահաստատման կեղծ տիրույթ: Կան մարդիկ, ովքեր շրջապատում ընդունված չեն, նրանց կարծիքը երբեք չեն կարևորել, համացանցը այստեղ մեծ հնարավորություն է տալիս նման մարդկանց ինքնահաստատվելու: Վերադառնալով ծնողների հասցեին հնչող մեղադրանքներին, ասեմ, որ կան դեպքեր, երբ ծնողները իսկապես իրենց տեղում չեն լինում, նույնսիկ դեպքեր կան, երբ ծնողը երեխայի համար վտանգավոր է դառնում, սակայն ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ, խոսքը ավանդական, գեղեցիկ մի ընտանիքի ողբերգության մասին է: Մեղադրել ծնողներին, անկարելի է: Զոհին մեղադրելու օրինաչափությունը գումարվել է բարոյակնության անկմանը: Տա Աստված, որ երեխան անպայման գտնվի: Բայց դժբախտության մեջ հայտնված մարդկանց պետք է հանգիստ թողնել, կամ լռեք, կամ մի մեղադրեք մարդկանց», - եզրափակում է հոգեբանը: