Աշխատողներին համատարած կրճատում են, զուգահեռ քննարկում աշխատանքը 7 ժամյա դարձնելը

Աշխատաժամերի կրճատումը 8-ից 7 ժամի կբերի աշխատանքի էֆեկտիվության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և աշխատանքից հոգնածության, մաշվածության կրճատման։ «Որ ուղին ենք մենք ընտրում՝ զարգանալո՞ւ, թե՞ շահագործելու։ Մարդ եթե ունենա ազատ ժամանակ, նա այդ ժամանակը կարող է տրամադրել սեփական զարգացմանը: Եթե մենք ձգտում ենք, որ մարդը շատ եկամուտ ստանա, դա իր վրա աշխատելու, աճելու ձևով, որակավորումը բարձրացնելով է հնարավոր», – հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Մի կողմից իշխանությունները Ամանորի համար նախատեսված հանգստյան օրերն են կրճատում, մյուս կողմից նախաձեռնում մի փոփոխություն ըստ որի քաղաքացին այսուհետ պետք է աշխատի ոչ թե 8, այլ 7 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է. «Լավ ապրել նշանակում է` շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել»:
Նույն հարցի մասին այս իրար հակասող ու տարօրինակ հայտարարություններն ու որոշումները կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն անիմաստ է համարում մեկնաբանել: Նրա կարծիքով` արդեն իսկ չկա Հայաստան, հետևաբար անկարևոր է, թե քանի ժամ կաշխատեն մարդիկ. «Թուրքի փաշաներին պետք է այս հարցերն ուղղել: Մենք` հայերս չենք ջոկում, որ Հայաստանը ֆիզիկապես վերանում է: Աշխատանքի ժամերի մասին քննարկում են մի երկրում, որն ունի հեռանկար, իսկ Հայաստանի նման երկիրը, որը վերանում է, ի՞նչ կապ ունի, թե մարդիկ քանի ժամ կաշխատեն. 7 ժա՞մ, թե՞ 10 ժամ: Ո՞րն է տարբերությունը, եթե բանը բանից վաղուց անցել է: Զարմանում եմ` մարդիկ չե՞ն նկատում, թե ինչ է կատարվում: Այսօր Հայաստանը գտնվում է 1915 թվականի ապրիլի սկզբին: Դե արի մարդկանց հասկացրու, որ սրի են մեզ քաշում: Ամեն մեկն իր գործով է զբաղվում, տներ են առնում, տներ են ծախում, չեն հասկանում, ինչ է կատարվում», - նման ծայրահեղ հոռետեսական մտքերով հանդես եկավ Մեսրոբյանը:
Իրավաբան, Աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանից էլ հետարքրքվեցին` ի՞նչ նպատակ է հետապնդում աշխատաժամերի կրճատումը։ Նա ասաց. «Եվրոպայում կան երկրներ, որոնք 4 օր են աշխատում: Իմ վարկածն այն է, որ այս իշխանություններն այս հարցում էլ են ուզում ընդօրինակել Եվրոպայի փորձին: Ժամերի կրճատումն աշխատողի օգտին է: Ցանկացած մարդ էլ կուզի` քիչ աշխատի, բայց վարձատրվի նույն չափով: Բայց արդյո՞ք Հայաստանում աշխատաժամերի կրճատումը չի անդրադառնալու աշխատողների աշխատավարձերի վրա: Եթե աշխատաժամերի կրճատման արդյունքում նվազեցնեն աշխատավարձերը, դա կլինի աշխատողի դեմ քայլ: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի երկար աշխատել, սակայն ավելի շատ վարձատրվել: Ես կարծում եմ` Հայաստանի իշխանությունները հերթական պոպուլիստական քայլին են գնում: Նիկոլ Փաշինյանն ասում է` լավ ապրելու համար պետք է շատ աշխատել: Իսկ ի՞նչ է նշանակում շատ աշխատել: Աշխատելու համար երկրի իշխանությունը նախ պետք է աշխատատեղեր ստեղծի: Այսօր բոլոր պետական սեկտորում աշխատատեղերի կրճատում է համատարած: Այս ամենից հետո էլ ասում են` շատ աշխատեք, շատ ծախսեք: Սոցիալական պետության իմաստն այն է, որ աշխատունակ քաղաքացին պարտադիր կերպով աշխատանք ունենա: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում աշխատել, ունեն տարբեր խնդիրներ, պետք է պատշաճ չափով գումար ստանան պետության կողմից: Ի՞նչ է անում Հայաստանն այս ուղղությամբ: Ոչ մի բան, ոչ մի աշխատատեղ չեն ստեղծում, ոչ մի օգտակար քայլ չեն անում: Մարդիկ հաստիքների կրճատման հիմքով ազատվում են աշխատանքից, այ թող այդ մասին մտածեն», - ասում է Պետրոսյանը:
Կարծիքներ