Հայաստանը երբեւէ միջազգային իրավունքին հանգույն քայլ կանի՞

Հայաստանը երբեւէ միջազգային իրավունքին հանգույն քայլ կանի՞

Reuters-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին հայտարարել է, թե 1915 թվականին օսմանյան կայսրությունում հա­յերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդենի ցանկացած քայլ էլ ավելի կվնասի առանց այդ էլ ՆԱՏՕ-ի դաշ­նակիցների միջեւ լարված հարաբերություններին: Պատասխանելով Haberturk հեռուստաալիքի հարցին, թե այդ սպանությունները Բայդենը կճանաչի՞ որպես ցեղասպանություն՝ այն հաղորդագրությունների ֆոնին, որ նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կանի դա, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգներին «անհրաժեշտ է հարգել միջազգային իրա­վունքը»:

Չավուշօղլուն իրավացի է. ցեղասպանության ճանաչումն այս կամ այն երկրի կողմից ոչ մի իրավական ուժ չունի, բացի դրանից, ամրագրված չէ «Ցեղասպա­նութ­յան հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, որի Հոդված 1-ում ասվում է. «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի, հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել՝ այն կատարելու համար»։
«…Պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար»-ից հետո եթե լիներ «հանդես գալ ցեղասպանությունը դատապարտելու հայտարարությամբ», ապա միեւնույն է՝ «հայտարարությունը» գործողություն չի ենթադրում, ինչպես «կանխարգելելը» կամ «պատժելը»:

«Հայտարարությունը», ավելի ճիշտ՝ հուզական, բարոյական ու հոգեւոր ոլորտից է, իսկ վերջին երկուսը՝ իրավական: Բայցեւայնպես, կոնվենցիայով նաեւ արգելված չէ նման հայտարարություններ անելը, ինչն էլ արել ու անում են բազմաթիվ երկրներ՝ իրենց բարոյական աջակցությունը հայտնելով հայերին: Անշուշտ, դրա համար պետք է շնորհակալ լինենք նրանց: 
Թեպետ նշված կոնվենցիան մեզանում, առնվազն անկախության ժամանակաշրջանում, բազմիցս «ռենտգենյան զննման» են ենթարկել հեղինակավոր մասնագետները, այնուամենայնիվ, կրկին փորձենք դիտարկել դրա որոշ դրույթներ: 

Հոդված 6. «Այն անձինք, որոնք մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն կոնվենցիայի՝ այդ իրավազորությունը ճանաչած կողմերի նկատմամբ»։ Այսինքն, ցեղասպանության հանցագործությունների սուբյեկտներ են դիտարկվում ֆիզիկական անձինք: 

Իսկապես, Թուրքիայի դատարաններում, 1915 թվականին կատարած հանցագործությունների մեղադրանքով, տեղի են ունեցել մի շարք դատավարություններ: Սակայն հայերի շրջանում առաջացել են հիմնավոր կասկածներ թուրքական դատարանների անաչառության առնչությամբ, ինչի արդյունքում հայորդիներն իրականացրել են «ինքնիրավչություն»: Բեռլինի դատարանը, արդարացնելով Սողոմոն Թեհլերյանին, ըստ էության, մերժեց նման արարքներն ինքնիրավչություն ճանաչելը, միաժամանակ հանդես եկավ որպես «միջազգային քրեական դատարան»՝ «դատապարտելով ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրվող անձին» կամ արդարացնելով Թալեաթի գնդակահարությունը՝ «Նեմեսիս» գործողության շրջանակներում:

Պետության պատասխանատվությունը սահմանված է կոնվենցիայի 9-րդ հոդվածում: 
Հոդված 9. «Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերը՝ կապված սույն կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման եւ կատարման հետ, ներառյալ նաեւ ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են միջազգային դատարանի քննարկմանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»։

Այսպիսով, Չավուշօղլուի «անհրաժեշտ է հարգել միջազգային իրա­վունքը» թեզը համահունչ է կոնվենցիայի դրույթներին, եւ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը կարող է լուծվել բացառապես միջազգային դատարանում: Հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը՝ նպատակահարմար է նախապատրաստել Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հայցի փաթեթը՝ միջազգային դատարան ներկայացնելու համար:

Ընդ որում, այն նախ կարելի է ուղարկել Թուրքիայի ԱԳՆ: Հնարավոր է, որ նրանք համաձայնեն դրա շուրջ սկսել բանակցություններ՝ ողջամիտ լուծումներ առաջարկելու նպատակով: Ավելին, Մոսկվայի պայմանագիրը պետք է դիտարկել որպես 1915 թվականին իրագործված հակամարդկային ծրագրի շարունակություն եւ նույնպես բողոքարկել միջազգային դատարանում: Ըստ էության, 100 տարի առաջ, համաշխարհային հանրության աջակցությամբ, Թուրքիան լուծեց հայկական բարձրավանդակում հայերի ներկայության ոչ ցանկալի լինելու հարցը: Իսկ այժմ ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասում այդ հարցը լուծելուն:

ՀԳ. Թվում է, թե վաղուց արդեն պետք է պարզ լիներ, որ առանձին երկրներ «մարդու իրավունքներ», «ցեղասպանություն» ու նման հասկացություններն օգտագործում են իրենց ազգային շահերի համար: Երբ, օրինակ, ԱՄՆ պետությունը սպառնում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ելնում է ոչ այնքան հայերի նկատմամբ գթասրտությունից, որքան, օրինակ, տվյալ պահին ակտուալ Ս-400-ի հետ կապված՝ իր համար անընդունելի ռուս-թուրքական գործարքից: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ անդեմ ԵՄ-ն, ո՛չ նրա կազմում գտնվող երկրները, ո՛չ էլ դրանից դուրս եկած Մեծ Բրիտանիան որեւէ ծպտուն չհանեցին, երբ «ջանավար» Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ, ցեղասպանեց հայկական երկրորդ պետության հայ բնակչությանը, փաստորեն՝ վերացնելով այդ պետությունը:

Իսկ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ տարածքային ամբողջականությունը խախտելը հենց այդպիսի հետեւանքներ է ունենում: Նրանք, գուցե, մեծ բավականությամբ են դիտում, թե երկու թուրքական պետություններ ինչպես են աքցանի մեջ առել փոքր Հայաստանը եւ ինչպես են սպառնում հայոց վերջին պետականությանը: Միեւնույն ժամանակ, որեւէ հայ բարոյական իրավունք չունի մեղադրելու որեւէ պետության, քանզի նրանցից ոչ մեկը պարտավորություն չունի հայերի նկատմամբ, հատկապես, եթե հայերը չեն ցանկանում շարունակել մնալ միջազգային հարաբերությունների սուբյեկտ: Համենայնդեպս՝ կամա, թե ակամա, մենք ավելի մեծ ջանքեր ենք գործադրում այդ օրը մոտեցնելու համար, քան մեր չկամեցողները: Այդ ըմբռնումը, թվում է, թե բացակայում է նույնիսկ այն ժամանակ, երբ ազգովի դուրս ենք գալիս ապրիլքսանչորսյան երթերի: Իսկ մեզանից քանի՞սն ունի բարոյական իրավունք՝ այցելելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Գագիկ Վարդանյան