Ռուսները ջնջել են «Մեղրիի միջանցք» հասկացությունը

Ռուսները ջնջել են «Մեղրիի միջանցք» հասկացությունը

Մինչեւ հունվարի 30-ը կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի առաջին նիստը: Սպասվում է, որ այն իրագործելու է մոսկովյան փաստաթղթով ամրագրված պարտավորությունները, ներառյալ կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: 
Հենց այս կետն է, որ իշխանությունները տնտեսական մեծ ձեռքբերում են համարում: Վարչապետի մամուլի խոսնակն էր դեռ մինչեւ նրա մոսկովյան այցը գրել այս մասին:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը մեզ համար մի շարք հնարավորություններ կարող է բացել` «այդ թվում՝ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի վերականգնման առումով»:

Նախիջեւանով երկաթուղին արդյոք միայն թուրքերի ու ադրբեջանցիների համար չէ՞, մեզ մի բան տալո՞ւ է այդ ճանապարհը, թե՞ սա հերթական մանիպուլյացիան է, թե՝ հրես, գնացքը կաշխատի, ու մեզ համար լավ կլինի: 

Պատասխանելով մեր հարցին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ որոշակի օգուտ Հայաստանը կունենա այն առումով, որ Իրանի բեռները կկարողանան Հայաստան հասնել ոչ թե ավտոճանապարհով, այլ՝ երկաթուղով, եւ Իրանի ապրանքները հայկական շուկայում կէժանանան: «Կարող է աշխատել Երեւան-Թեհրան գնացքը, որը մեզ տնտեսում կտա: Մեծ բան չի տա, իհարկե, որովհետեւ մենք Մեղրիով դեպի Իրան կամուրջ ունենք, բայց չունենք նորմալ ճանապարհ, եւ ես վախենում եմ, որ եթե երկաթգիծը բացվի, ոչ ոք չի ուզենա էդ ճանապարհը դեպի Իրան կառուցի: Այն պետք է կառուցվի, բոլոր դեպքերում»: Մյուս առավելությունը, ըստ նախկին վարչապետի, Իրանից բենզինի ու դիզվառելիքի ներմուծման աճն է: Նա նշում է, որ հիմա մենք Իրանից քիչ ենք բերում բենզին եւ դիզվառելիք, որովհետեւ ցիստեռնների համար ճանապարհը հարմար չէ, այն բարձրանում է Քաջարանով: «Այս դեպքում բենզինն ու դիզվառելիքը ցիստեռններով կգան»:

Երեկ Հրանտ Բագրատյանն այցելել էր Գյումրի, տեսել «Հյուսիս-հարավի» այդպես էլ չկառուցված հատվածները եւ կարծում է, որ մեր խնդիրն ավելի շատ նոր ավտոճանապարհն է: «Մեր խնդիրը դեպի հարավ նոր ավտոճանապարհ սարքելն է: «Հյուսիս-հարավն» ընդհանրապես չի կառուցվել: Չկա, փողը կերել են: Այս ճանապարհը, իհարկե, ինչ-որ բան կտա»: 

Բագրատյանը զգուշացնում է, որ նոր բացվող կոմունիկացիաների հարցում պետք է զգույշ լինել: «Կա վտանգ, որ մենք սկսենք դրանցից օգտվել, հետո մեզ նորից շրջափակեն: Դրա համար նոր բացվող կոմունիկացիաներից պետք է օգտվել զգուշորեն, պետությունը պետք է որոշի, թե որ բեռներն է կարելի դրանցով ուղարկել: Պետությունը պետք է իր քաղաքականությունն ուժեղացնի այս հարցում: Երկու այլ ճանապարհներ կան, որ Ադրբեջանում խոստանում են բացել եւ խոստանում են, որ 450 մլն դոլարի ներդրում կանեն: Մեկը երկաթգիծն է, որը գնում է Սեւանով, Դիլիջանով ու դուրս է գալիս դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի տարածքով: Ճիշտ է, Ադրբեջանը դեռ չգիտի, որ Դիլիջանի հատվածում մեր ճամփեն քանդված է: Եվ երկրորդը Նորաշենի «ստիկ» կոչվող ճանապարհն է: Մենք Նախիջեւանով գնում, Մեղրին անցնում ենք, եւ այս ճանապարհը 10 անգամ ավելի հզոր է, քան վրացական երկաթգիծը: Խորհրդային շրջանում բեռների 90 տոկոսն այդտեղ ենք ստացել: Նորաշենի «ստիկը», ի տարբերություն վրացականի, որը ծովափով է անցնում, մինչեւ 70 վագոնանոց գնացքներ է տանում, ի տարբերություն վրացականի, որտեղ մինչեւ 20 վագոն ունեցող գնացքներ են անցնում»,- ասում է Հրանտ Բագրատյանը: 

Մենք ժամանակին ծանր տարանք, երբ Բաքու-Թբիլիսի-Կարս գծից դուրս մնացինք: Հիմա, կոմունիկացիաների շուրջ բանակցությունների ժամանակ, մենք կարո՞ղ ենք բարձրացնել Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման հարցը: Մեր հարցին ի պատասխան՝ նախկին վարչապետն ասաց. «Ոչ, դա կապված է միայն Թուրքիայի հետ: Այդ հարցը մենք չէինք կարող դնել այս բանակցությունների ժամանակ»: Ըստ Բագրատյանի, Հայաստանը մի խոշոր ձեռքբերում ունի, որը ստացել է միայն ռուսների շնորհիվ: Դա «Մեղրիի միջանցք» հասկացության բացառումն է: «Մոսկվայում էս անգամ ռուսները մեզ իրոք օգնել են, որովհետեւ Ադրբեջանն ասում էր՝ Մեղրին դարձնենք միջանցք, ոչ թե ճանապարհ: Այս հասկացությունը ռուսները ջնջել են: Ես ժամանակին ասել եմ, որ ռուսները չեն թողնելու, որ Մեղրիում միջանցք՝ «կորիդոր» լինի: Նրանք խոսում են ճանապարհի մասին, որն Ադրբեջանից մտնում է Մեղրի: Բեռն անցնում է մաքսային սահմանը, ռուս սահմանապահները ստուգում են, Մեղրիից դուրս են գալիս՝ նորից ստուգում ենք: Բացառվել է, որ ադրբեջանցիք այդտեղ հերթապահություն անեն: Նրանք չեն կարող ճանապարհից աջ ու ձախ զինվոր պահեն, սահմանապահ դնեն եւ այլն»: