Պիտի ընդհանրապես չկիրառեն կամ կիրառեն առավել թեթև խափանման միջոց, քան տնային կալանքն է

Պիտի ընդհանրապես չկիրառեն կամ կիրառեն առավել թեթև խափանման միջոց, քան տնային կալանքն է

Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այսօր ազատ արձակվեց։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվել է բուն գործի քննությունը։

«Տնային կալանքը պաշտպանության կողմին չի բավարարում։ Պաշտպանության կողմը քրեադատավարական գործիքակազմով ունի հնարվորություն բարձրացնելու խափանման միջոցի փոփոխման հարցը։ Խափանման միջոցը կամ պետք է առավել թեթև փոխել կամ ընդհանրապես չկիրառել։ Այս հանգամանքի վրա, ի դեպ, մենք խիստ կասկածում ենք։ Դատավարական իմաստով տնային կալանքը իրականում նույն ռեժիմն է, ինչ կալանքը։ Դատարանը իրավունք չունի էլ տնային կալանքը շարունակաբար կիրառելու»։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։

«Եթե մենք համարում ենք, որ մինչդատական վարույթը ավարտվել է մայիսի 26-ին, ապա դա նշանակում է, որ տնային կալանքը վերաբերելի է մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածին։ Մայիսի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, կիրառված խափանման միջոցը թողել է անփոփոխ և գործը ուղարկել է դատարան։ Եթե իրավիճակին հետադարձ ենք նայում, ապա պարզվում է, որ տնային կալանքը, որը կիրառված է 1 ամսով, կիրառված է մինչև մայիսի 26-ի համար։ Հիմա առաջին ատյանի դատարանը սահմանված կարգով պիտի անդրադարձ կատարի կիրառված խափանման միջոցին՝ տնային կալանքին։ Մենք, այո, առաջարկելու ենք ընդհանրապես չկիրառել կամ կիրառել առավել թեթև խափանման միջոց, քան տնային կալանքն է»,-հավելեց նա։