Նորատ Տեր-Գրիգորյանցը փակեց թեման

Նորատ Տեր-Գրիգորյանցը փակեց թեման

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատման հերթական տարեդարձի առթիվ մամուլում եւ հատկապես սոցիալական ցանցերում վերստին շրջանառվեց վաղուց արծարծված թեման, որ 94-ի գարնանը «մենք կարող էինք հասնել մինչեւ Կուր, բայց մեզ կանգնեցրին»: Հարցին սպառիչ պատասխան է տվել պրոֆեսիոնալ զինվորականը՝ այն տարիներին Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը. « Մեր հարձակողական ոգին շատ ուժեղ էր, իսկ այնտեղից Կուրին հասնելու համար ընդամենը 20 րոպե կպահանջվեր: Մեծ հեռավորություն չէր: Որտե՞ղ է Կուրը: Ներքևում է: Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք: Ես դա գիտեմ, քանի որ ինքս եմ առաջարկել: Մենք կանգնեցրել ենք առաջխաղացումը օպերատիվ իմաստով առավել կարևոր սահմաններին, քանի որ դրանից այն կողմ տեղանքը ավելի ցածրադիր է, աշխարհագրությունը գնում է դեպի ներքև՝ դեպի գետը: Իսկ ներքևում՝ ցածրադիր վայրերում, մեր ներկայիս դիրքերի և Կուրի միջև պաշտպանական գիծ կառուցելը հիմարություն է: Չի կարելի նման բան անել: Ռազմագիտությունը արգելում է դա: Ուստի նրանք մնացին ներքևում, իսկ մենք դիրքեր զբաղեցրինք վերևում»: Ավելի վաղ նույնն ասել էր ԼՂՀ ԻՈՒ շտաբի առաջին պետ գեներալ Ֆելիքս Գզողյանը:

Վերջ, մարտական գեներալները շահարկումների թեման փակեցին. մենք դիրքեր ենք զբաղեցրել այնտեղ, որտեղ կարող ենք արդյունավետ պաշտպանություն կազմակերպել եւ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Մնացածը ֆոլկլոր է՝ մինչեւ Բաքու հասնելու եւ այնտեղ «չայ» խմելու հնարավորությունը եւ մյուս բոլոր պատմությունները: