Գարիկ, «էդ ի՜նչ անջիգյար տղա դուրս եկար»

Գարիկ, «էդ  ի՜նչ անջիգյար տղա դուրս եկար»

Կորոնավիրուսի  աղբյուր հանդիսացող կարի ֆաբրիկայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է, բայց խուսափել է ասել, թե ինչ անվանում ունի կարի ֆաբրիկան կամ ում է այն պատկանում։ Խորհրդավոր ձևով գաղտնիքը թաքցվում էր, ինչպես Փաշինյանն էր ասում՝ կոռեկտության նկատառումով։ Դե մենք էլ կոռեկտորեն լռում էինք։ Երբ շշուկներ եղան, որ դա պատկանում է Սամվել Ալեքսանյանին, վերջինիս  կինը՝ Շողեր Մկրտչյանը, Instagram-ի սթորիում փորձում էր հերքել։

Վարակի տարածման հետ մեկտեղ, մոռացվեց, գնաց, բայց, բնական է, մարդկանց ենթագիտակցության մեջ մնաց՝ ու՞մն էր այդ ֆաբրիկան, որի անունն այդպես էլ չհրապարակվեց։  

Երեկ Արարատի մարզպետի ուղիղ եթերն էի լսում ու  ա՜յ քեզ բան, ,, բոլորին քաշեց,, ։ Իրենց համայնքների վարակվածության մասին էր խոսում, մեկ էլ թե․

«Ջրաշեն համայնքնում նույնպես ունենք թվով 6 հաստատված դեպք, որոնք նույնպես կապված են Սարտեքս ընկերության աշխատակիցների հետ, քանի որ Ջրաշենից նույնպես ունեինք աշխատակիցներ այդ արտադրամասում»:

Տղա ջան, այդքան խնամքով պահած, փայփայած լուրը, «լեզվի մի ֆռռոցով» հայտնու՞մ են, «էդ  ի՜նչ անջիգյար տղա դուրս եկար»։

Դե ո՞նց չփորձես իմանալ, թե Սարտեքսն ի՞նչ բան է։  2019թ․ նոյեմբերի 1-ին նրա բացման արարողության մասին է գրվում, որին ներկա է եղել  վարչապետը․

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի նորաբաց հագուստի ֆաբրիկաները ներկայում ստեղծել են 1000 նոր աշխատատեղ, առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության այս նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշների կարի ֆաբրիկաները:
«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլի» և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

Գարիկ, բա դա բա՞ն էր, որ դու արիր․․․