Տնօրենին կանչել են նախարարություն, ասել են` դիմում գրի, գնա․ կոլեկտիվը ոտքի է ելել

Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը իր բողոքի ձայնն է բարձրացնում: Դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Գևորգյանին ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հրավիրել է հանդիպման և առաջարկել ինքնակամ հրաժարվել ԺՊ-ի պաշտոնից և ներկայացրել է իր նախընտրելի ժամանակավոր պաշտոնակատարին։
Մանկավարժական կոլեկտիվը համաձայն չէ տնօրենի պաշտոնակատարին փոխելու հետ: «Հրապարակի» հետ զրույցում դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Մկրտչյանն ասաց, որ երկու անգամ արդեն դիմում են ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, նույն նախարարության տարբեր վարչություններ, սակայն կամ պատասխան չի գալիս կամ էլ մերժում են ստանում:
«Մենք ունենք տնօրենի պարտականությունները կատարող պաշտոնակատար, որը մասնակցում է նախագծերի հաստատման փուլին՝ հետագա տնօրենի համար հաստատվել է, բայց բանավոր փուլը չի անցել: Հիմա հանրակրթության վարչության պետի զանգով մի քանի օր առաջ ներկայացել է նախարարություն, որտեղ խոսակցությունը տարել են էմոցիոնալ հողի վրա, հասցնելով այնտեղ, թե` դիմում գրեք, գնացեք, մենք ունենք տեղեկություն, ունենք վերապատրաստված տնօրեններ, որոնց, ոնց հասկանում ենք, ուղղորդում են: Անուն են հնչեցրել, թե ում են ուղղորդում դեպի մեր դպրոց, հոգեբանական ճնշում են գործադրում, որպեսզի մեր պաշտոնակատարն ինքը հրաժարվի։ Դրան նախորդել էր մի դրվագ՝ մեկ-երկու շաբաթ առաջ Ռեգինա Պրազյան անունով ֆեյք բլոգերը հրապարակում էր արել՝ առանց որևէ փաստական ապացույցի, առանց որևէ հիմքի, իրականությունից շատ հեռու, պրիմիտիվ բան էր գրված, մենք ուշադրություն չդարձրեցինք: Բայց հենց հաջորդ օրը նախարարը եկավ դպրոց՝ ուսումնասիրելու դպրոցի վիճակը, նախարարը չասաց, որ տեսել է որևէ բան, որ կապ ուներ այդ հիմար նյութի հետ, ընդհակառակը ավելի գոհ գնաց դպրոցից, որ ամեն ինչ լավ է, աշակերտները կան և այլն: Ու հանկարծ կանչում են տնօրենին և ասում՝ դե որ թուղթը տանք՝ կգրեք դիմում, ստորագրեք և այլն: Հիմա մենք դիմում ենք բոլոր հնարավոր միջոցներին այս խնդիրը բարձրաձայնելու համար և հասկանալու, թե ո՞ր իրավունքով է կանչվում պաշտոնակատարը նախարարություն՝ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի մոտ և ի՞նչ հիմքով կարելի է, ո՞ր օրենքով է դա ընդունելի և թույլատրելի՝ մարդուն ստիպել գրել դիմում»,-ասաց Մկրտչյանը:
Նա նշեց, որ նախկին տնօրենը թոշակի անցնելուց մեկ ամիս առաջ դիմում է գրել ու հեռացել, ինչից հետո տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Գևորգյանը: «Մենք մեր տնօրենի պաշտոնակատարից շատ գոհ ենք՝ մեծ հաջողություններ ունենք միջազգային օլիմպիադաներում, մեծ առաջընթաց ունենք հանրապետական օլիմպիադաներում, բազմաթիվ ատեստավորված մասնագետներ ունենք, մթնոլորտը շատ լավն է: Կարող եմ վստահաբար ասել, որ կոլեկտիվում չկա գեթ մեկը, որ կկանգնի ու հակառակը կասի, քանի որ բազմիցս տարբեր իրավիճակներում ստուգել ենք, թե ով ինչ դժգոհություն կարող է ունենալ, սակայն ոչ ոք չկա, որ այլ տնօրեն կուզենար: Մեզ մոտ ուղարկվել է Շողեր Գյուլասարյան անունով թեկնածուն` եթե չեմ սխալվում և ում մասին որ Թամարա Սարգսյանը խոսել է, ակնարկել է, ինքը չի անցել նախագծի հաստատման փուլը, նույնպես հավակնում է տնօրենի պաշտոնին և եկել է «բռնի ուժով», կարելի է ասել, մեզ հետ շփման՝ երկու անգամ: «Բռնի ուժով», այսինքն գալիս է և մենք ստիպված ընդունում ենք իրեն՝ մենք չենք կարող հրաժարվել իր հետ հանդիպումից... երկու անգամ եկել է ու ծնողների հետ է հանդիպել, աշակերտների հետ, ուսուցիչների հետ ու ստացել պատասխան: Մենք ասել ենք, որ իր դեմ ոչինչ չունենք, սակայն այլ տնօրեն չենք ուզում և մեր տնօրենի փոխարեն այլ տնօրեն չենք պատկերացնում»,-ասաց ուսուցչուհին:
Կարծիքներ