Ի՞նչ են մտածում ընդդիմադիր ուժերը եռյակի հանրահավաքի մասին

Ի՞նչ են մտածում ընդդիմադիր ուժերը եռյակի հանրահավաքի մասին

Երեկ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները, հայտարարեցին հոկտեմբերի 8-ին համահայկական հանրահավաք անցկացնելու մասին։ Հանրահավաքը տեղի է ունենալու Երեւանի Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին։ «2018թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձեւավորվեցին արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված եւ առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողվել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը»,- ասված է կուսակցությունների տարածած հայտարարության մեջ։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անդրադարձել է հանրահավաքին միանալու հարցին։ «Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց։ ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը»,- ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Փորձեցինք հասկանալ՝ արդյոք հանրահավաքին մասնակցելո՞ւ են արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը․ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այս հարցին, ասաց․ «Հանրապետական կուսակցությունը «Հայրենիք», ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հանրահավաքին միանալ-չմիանալու հարցը, մասնակցության հարցը չի քննարկել գործադիր մարմնի նիստում։ Այդ հարցը չէինք էլ կարող քննարկել, որովհետեւ այսօր առավոտյան է նման տեղեկատվություն հրապարակվել, առաջիկայում եթե գործադիր մարմնի նիստ լինի, կքննարկենք եւ մեր կուսակցության դիրքորոշումը ձեզ կտեղեկացնենք»։ Շարմազանովը նշեց նաեւ, որ իրենք ողջունում են գործող կառավարության դեմ միասնական ջանքերը․

«Ամեն դեպքում, մենք դրական ենք վերաբերվում առողջ ընդդիմադիր ուժերի համագործակցության գաղափարին, ազգային գաղափարախոսության, ազգային օրակարգի, Արցախի հիմնահարցի եւ այս ապազգային  քաղաքականություն վարող կառավարության դեմ միասնական ջանքերը։ Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, ընդհանուր առմամբ, պատրաստ ենք համագործակցության բոլոր այն ուժերի հետ, որոնց քաղաքական օրակարգը համընկնում է մեր օրակարգի հետ, բայց կոնկրետ երեկ քաղաքական ուժերի հանրահավաքի հարցը մեր գործադիր մարմինը դեռ չի քննարկել, երբ քննարկենք եւ որոշում կայացնենք, բնականաբար, դա կներկայացնենք թե՛ լրատվամիջոցներին եւ թե՛ հանրությանը»։

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն ասաց, որ դեռեւս ծանոթ չեն հանրահավաքի օրակարգին․ «Մենք այսօր ենք իմացել, որ հանրահավաք է անցկացվելու։ Մենք այս հանրահավաքի ո՛չ օրակարգը գիտենք, ո՛չ ինչ-որ նպատակ, ըստ այդմ՝ ես չեմ կարող ասել՝ կմասնակցե՞նք, թե՞ ոչ։ Եթե մինչ այդ հանրահավաքի օրակարգի մասին մանրամասներ հայտնվեն, մենք ըստ այդմ կկարողանանք որոշումներ կայացնել»։

«Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը եւս նշեց, որ որոշում դեռ չունեն․ «Այս պահի դրությամբ դեռ մենք չենք քննարկել մեր մասնակցության կամ չմասնակցության հարցը, բայց մոտակա օրերին նախատեսում ենք հավաք, իսկ կոնկրետ եռյակի հանրահավաքի մասով դեռեւս որոշում չունենք։ Ամեն դեպքում, եթե օրակարգը իշխող վարչախմբի հեռացումն է, բնական է, որ մենք ողջունում ենք՝ անկախ նրանից, թե ինչ ձեւաչափով է, եւ որ կուսկցություններն են»։ Հիշեցնենք, որ Բաբայանն արդեն երկու անգամ փորձել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք եւ երթ անել, որոնք մարդաշատ չեն եղել։

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը եւս նշեց, որ մասնակցության հարցը այս պահին դեռ չեն քննարկել․ «Դեռ ժամանակ ունենք, կքննարկենք, կասենք»։