Կորոնավիրուսը հասել է թաղապետարաններ․ Հայկ Մարությանը թեստ կհանձնի՞

Կորոնավիրուսը հասել է թաղապետարաններ․ Հայկ Մարությանը թեստ կհանձնի՞

Երեւանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակված անձինք կան, այդ թվում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գործավարուհին։ Մենք տեղեկացանք, որ դեպքեր են հայտնաբերվել նաեւ վարչություններում։

Երեկ մեզ քաղաքապետարանից ասել էին, որ առնվազն 2 վարակակիր կա, որոնք մեկուսացված են, մենք տեղեկացանք, որ այսօր նրանց թիվն ավելացել է։

Պայմանավորված համավարակի տարածմամբ՝ ավագանու խմբակցության անդամները սկսել են ավելի քիչ գնալ քաղաքապետարանի շենք։ Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստերին մասնակցում են բացառապես օնլայն տարբերակով։

Ավագանու անդամը նաեւ նշեց․ «Ասում են՝ շատ չեն վարակակիրները, մի քանի հոգի:Կրթության վարչությունում է դեպք գրանցվել,բոլոր աշխատողներին մեկուսացրել են արդեն,մի քանի դեպք է գրանցվել վարչական շրջանների համայնքապետարաններում՝ Նորք-Մարաշում և Նուբարաշենում»:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ անհրաժեշության դեպքում են գնում քաղաքապետարան․ «Անցած ուրբաթ օրն եմ եղել»։

Հետաքրքիր է նաեւ նախկինում կորոնավիրուսի դեմ խիստ պայքարող Հայկ Մարությանը գնո՞ւմ է աշխատանքի, թե՞ հեռավար է աշխատում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրը փոխանցեց, որ իրենց դա եւս հետաքրքիր է, բայց դժվար է իմանալը․ «Թաքուն է մտնում․  մի հատ մուտք կա եզրից, որ դժվար նկատող լինի, միշտ էդտեղով է մտնում»։

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ Մարությանը գնում է աշխատանքի։
Հարցին, թե նա չի՞ պատրաստվում թեստ հանձնել, պատասխանեց․ «Քաղաքապետարանի ղեկավար անձնակազմում կորոնավիրուսով վարակված անձանց դեպքեր չեն հայտնաբերվել»։