Ինչ էինք, ինչ դարձանք

Ինչ էինք, ինչ դարձանք

2018 թվականի  մայիսից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն դուրս է բերվել իր ավանդական, անվտանգության առումով՝ նախընտրելի ուղեգծից և հայտնվել մի իրավիճակում, որտեղ նա ոչ մեկին պետք չէ՝ ոչ որպես գործընկեր, ոչ որպես ռազմավարական դաշնակից և ոչ էլ որպես բալաստ, որ երբեմն-երբեմն պետք է գալիս հավասարակշռություն պահպանելու համար: Թավշյա իշխանությունները, որ իրենց դրսի տերերի շնորհիվ կարողացան ապազգայնացնել մի ողջ հասարակություն՝ գրեթե 99 տոկոսով նույն ազգի ներկայացուցիչներից բաղկացած, երկիրը նետեցին դարավոր թշնամու ոտքերի տակ՝ խարխլելով մեր տարածաշրջանում ձևավորված փխրուն կայունությունը, որ ձեռք էր բերվել վերջին 30 տարիներին տարբեր գործընթացների, այդ թվում նաև՝ Արցախյան ազատամարտի, Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության և տարածքային լիարժեք ստատուս-քվոյի շնորհիվ:

Արձանագրենք դաժան փաստը՝ լակոտակրատիայի ապուշության հետևանքով իր անվտանգության ուղեծրից դուրս ընկած Հայաստանը, 44 օր շարունակ «շան ծեծ» կերով Ադրբեջանից ու Թուրքիայից, ու դեռ հայտնի չէ, թե էլի ինչեր կարող են տեղի ունենալ, եթե երբեմնի ռազմավարական դաշնակիցն ու մյուս գործընկեր երկրները չկարողանան փակել թուրք-ադրբեջանական տանդեմի ահագնացող ախորժակը:

Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված անփառունակ երևույթը շարունակում է գրգռել թշնամուն և ոգեկոչել նոր հաջողությունների: Վարչապետի աթոռին իր ներկայությամբ նա արդեն իսկ խայծ է թշնամու համար: Թուրքը շատ լավ է հասկանում, որ այն, ինչ չի կարողացել ձեռք բերել 30 տարի շարունակ, կարող է և արդեն իսկ ձեռք է բերում իրեն նոր Հայաստանի հիմնադիր հռչակած քաղաքական դիլետանտից: Եվ ինչպես չփոյփայեն նրան, ինչպե՞ս չաղոթեն նրա արևշատության համար, եթե նա է այն հանկարծահաս հաջողությունը, որ 100 տարին մեկ է ընկնում երկնքից: Այսօր միայն նա կարող է իրենց ձեռքը մի փաստաթուղթ տալ, որ աշխարհի համար վերջնականապես կփակի հայկական հարցը, իրենց արնախում պապերին կմաքրի Հայոց ցեղասպանության մեղքերից, թափառական թուրք ցեղախմբին կտա բնիկ ազգության անձնագիր և կդառնա մեծթուրանական պետության հիմնարկեքի վկայագիրը:

Իսկ ի՞նչ նախորդեց այս ամենին: Հայաստանում իշխանության եկավ մի չկայացած լրագրող, որի ձեռամբ ու գիտությամբ ընդամենը 2.5 տարում քանդվեցին պետական կառույցները, իրավական համակարգը, ընտանեկան-բարոյական ավանդական կարգերը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, անվտանգությունը, բանակը… Ամեն ինչ, որ կապված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության հետ: Լեզվական ճամարտակությամբ և պոպուլիզմի աննախադեպ դոզայով նրան հաջողվեց պառակտել հասարակությանը, լվանալ ՀՀ քաղաքացու ուղեղը, հայաստանցիներից կերտել այն աստիճանի անհայրենիք էակներ, որոնք թշնամու բաց երախն անգամ անտեսելով՝ բարբաջում են, թե լավ էր՝ Արցախը տվեցինք, պրծանք: Ոչ, չենք պրծել, տալը դեռ նոր է սկսվում: Մենք չունենք բանակ, մենք չունենք դաշնակիցներ, մենք չունենք տնտեսություն, մենք չունենք պետականության զգացողությամբ ապրող հասարակություն, մենք բառիս բուն իմաստով վերածվել ենք անկառավարելի «խալխի», թշնամին ոտքի կոխան է անում մեր բնակավայրերն ու տները: Եվ այս ամենը միայն այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետության դուրսպրծուկ ղեկավարը, ասացեք խնդրեմ,  նախընթաց արտաքին քաղաքականությունը համարում էր «ուրիշի կոշիկները լիզելու» քաղաքականություն և որոշել էր ամեն ինչ սկսել 0 կետից:

Վերջը սա էր լինելու: Բարեկամ Ֆրանսիան Հայաստանը համարում է աղետյալ երկիր և միայն իր որբախնամ ծրագրերում է հիշատակում մեզ, Իրանը, որ Հայաստանը միշտ համարել էր իր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, այսօր ապշահար հետևում է ՀՀ իշխանությունների վերջին կործանարար քայլերին, Վրաստանը, որ, չնայած Ռուսաստանի հետ իր հակամարտությանը, շարունակում էր մնալ Հայաստանն աշխարհի հետ կապող հիմնական կամուրջ, այսօր սարսափած է Հայաստանի թույլտվությամբ Հարավային Կովկաս թուրքերի աննախադեպ ներխուժումից, և վերջապես մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որ Հայաստանը միշտ դիտարկել է որպես այս տարածաշրջանում իր ազդեցության և ուժերի հավասարակշռության պահպանման հիմնական ֆակտոր, ստիպված է վերանայել իր քաղաքականությունը՝ չվստահելով ոչ մեր զինված ուժերին, ոչ մեր անվտանգության ծառայություններին և ոչ էլ մեր իշխանություններին:

Ռուսաստանը երբեք էլ մեր սիրուն աչքերի համար չէ, որ մեզ համարել է իր ռազմավարական դաշնակիցը և աջակցել մեզ տարատեսակ միջազգային հարթակներում: Որպես միջուկային գերտերության՝ այդ երկրի համար կարևոր են բոլոր մանրուքները՝ սկսած մեր աշխարհագրական դիրքից և վերջացրած մեր հարաբերություններով հարևանների հետ: Եվ հանկարծ մեզանում ի հայտ է գալիս մի քաղաքական անգրագետ, որ ստանձնում է Հայաստանից ու Անդրկովկասից Ռուսաստանին վտարելու գործընթացը՝ չհաշվարկելով վտանգների այն ծավալը, որ դրանից հետո կախվելու էր ոչ միայն սեփական երկրի և ժողովրդի, այլև Ռուսաստանի գլխին:

Այդ իրավիճակում մեղադրել Ռուսաստանին, թե հաշվի չի նստում ՀՀ իշխանությունների հետ, մեղմ ասած՝ ճիշտ չէ: 30 տարի շարունակ հայկական զինված ուժերն են ապահովել Արցախի Հանրապետությոան անվտանգությունը: Իսկ ի՞նչ էր Արցախի Հանրապետությունն իր ազատագրված տարածքներով… Մի՞թե միայն մեզ բաժին հասած շքեղ ժառանգություն: Իհարկե ոչ: Արցախի Հանրապետությունը հզոր գործոն էր առաջին հերթին թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական նկրտումների դեմ, որ մի կողմից մեր թիկունքն էր ամրապնդում, իսկ մյուս կողմից ապահովում միջուկային գերտերության ներգրավվածությունն այս տարածաշրջանում ընթացող պրոցեսներին, որոնք անմիջականորեն կապված էին նաև նրա անվտանգության հետ: Ասվածի վառ ապացույցն է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, ավելի ճիշտ այն Արցախում, որ հնարավոր եղավ փրկել Ադրբեջանից, Թուրքիայից և, իհարկե, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները «յուրովի» պատկերացնող ՀՀ իշխանություններից: Իսկ այն, թե ինչ վճռականությամբ, ինչ մանևրով ու ինչ կորուստների գնով ռուսական զորքը մտավ Արցախ, կարծում ենք, լավ դաս եղավ մեր այն գեներալների համար, որոնց մասին ասում են՝ սապոգներն ու մունդիրը հանես՝ մեջը մարդ չկա: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Ռուսաստանը պահպանեց և ավելի ամրապնդեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, բայց, ցավոք, առանց Հայաստանի մասնակցության:

Այսօր արդեն հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների մասնակցությունը նաև Հայաստանի Հանրապետությանը վերաբերող անվտանգության հարցերին: Ռուսներն, այո, ռազմաբազա ունեն Հայաստանում, նրանք, որպես ռազմավարական դաշնակից, պաշտպանում էին հայ-թուրքական սահմանը: Փոխարենը ՀՀ իշխանություններին ու ՀՀ զինված ուժերին էր վստահված ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության գործը, ինչը բավականին լավ ու գրագետ էր արվում մինչև 2018 թվականը: Վերջին տարիներին, սակայն, իսկ մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո, պարզվեց, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց թրքամետ քաղաքականությամբ իսկական պատուհաս են դարձել Ռուսաստանի և նրա տարածաշրջանային շահերի համար: ՀՀ թավշյա իշխանություններն Ադրբեջանին ուղղակի հրավիրում են հայկական տարածքներ, հանքերի ու գյուղերի տեսքով նվերներ մատուցում Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, իսկ վերջերս էլ Արարատի մարզում՝ Նախիջևանի կողմից: Եվ դարձյալ Ռուսաստանն ստիպված դիմեց կտրուկ քայլերի, բայց արդեն որպես Խորհրդային Միության ժառանգորդ՝ Ադրբեջանին հասկացնելով, որ ԽՍՀՄ քարտեզից այնկողմ չի կարող անցնել և վաղ թե ուշ նաև ԼՂԻՄ- ին է վերադարձնելու Հադրութն ու Շուշին: Եթե այս պահին Ադրբեջանը զորք չի մտցնում Սյունիք, ապա միայն ռուսական զորքի պատճառով, որ տեղակայված է նաև հայ-ադրբեջանական սահմանի վրա: Ահա այսպես քայլ առ քայլ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից վերածվեցինք ռազմավարական խայտառակության՝ դառնալով սպառնալիք թե մեր սեփական գոյության և թե այդ երկրի տարածաշրջանային շահերի համար:

Ի՞նչ է մնում անելու Ռուսաստանին… Զգուշանալ ՀՀ իշխանություններից և ամեն գնով պաշտպանել սեփական շահերը: Իսկ այդ շահերն այսօր պահանջում են ամեն կերպ հասնել որևէ խաղաղության՝ պահպանելով ազդեցությունն ու ներկայությունն այս տարածաշրջանում: Եվ, որքան էլ զարմանալի հնչի, այդ գործում Ռուսաստանի լավագույն «դաշնակիցն» ու անփոխարինելի գործիքն է դառնում այլևս խայտառակվելու տեղ չունեցող թավշյա խունտայի պարագլուխը, որին կարելի է ստիպել նույնիսկ Հայաստանի կեսը կորցնել՝ Արցախի օրինակով ռուսական ևս մեկ հենակետ պահպանելու նպատակով: Ռուսաստանին այսպիսի իշխանությամբ ռազմավարական «դաշնակից» պետք չէ, բայց միևնույն ժամանակ Մոսկվան չի կարող անտեսել միջազգային հանրության կարծիքն ու մի հարվածով լուծել հայկական լակոտայրատիայի հարցերը: Նրան որոշակի ժամանակ է պետք: Ու դա է նաև պատճառը, որ այս խելքից պատուհասը շարունակում է հորջորջվել ՀՀ վարչապետ:
Խորը թյուրիմացության մեջ են մեր այն քաղաքացիները, որ շարունակում են պնդել, թե ընդդիմության «սակավաթիվ» հավաքներով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Իշխանափոխությունը Հայաստանում արդեն իսկ կայացած փաստ է: Թավիշը խայտառակվել և պարտվել է վերջնականապես: Վարչապետ կոչեցյալը նույնիսկ մայրաքաղաքում տեղաշարժվելու դժվարություններ ունի, նա չունի սեփական օրակարգ, չի կարող երկրից հեռանալ կամ վերադառնալ առանց թյլտվության կամ պարտադրանքի և, ամենակարևորը՝ նա չունի սատարող զանգված, այլապես մեկ վայրկյան անգամ չէր վարանի Երևանի փողոցներ հանել այդ բիոմասսան: Փորձեր արեց, իհարկե, բայց հայտնվեց ծաղրուծանակի կիզակետում:

Չգիտեմ  ինչ խորհուրդ տալ այս անցյալ կատարյալին: Թե ասում եմ՝ հրաժարական տուր՝ իր տալով չէ, թե ասում եմ մնա՝ իր մնալով չէ: Բա ի՞նչ անենք, երբ մեզ մնացել է ռուս-թուրքական այս պատերազմում աղոթել Պուտինի հաղթանակի համար և հուսալ, որ մի լույս կբացվի: Իսկ հիմա՝ ուշադրություն… Ո՞ւր են մեր մեծամեծները: Լռվել, մնացել եք, որ ի՞նչ անեք: Չե՞ք տեսնում, որ Պուտինը բռնել է էս ոչուփուչի ցավոտ տեղերից ու այնպես է թափահարում, որ հիմա կպոկի: Արժե՞ այդ էկզոտիկ տեսարանն ըմբոշխնելու համար վարի տալ մի ողջ պետություն: Ի վերջո այս ամենի մեջ նաև ձեր մեղքը կա և պետության կործանումը նաև ձեզ վրա է գրվելու:
Թե բա՝ պատիվ ունեմ… Լո՞ւրջ: