Ավելի վատ բան, քան առանց իրավական հիմքերի աշխատողին հացից զրկելն է, չկա ողջ աշխարհում

Ավելի վատ բան, քան առանց իրավական հիմքերի աշխատողին հացից զրկելն է, չկա ողջ աշխարհում
Սպարտակ Առաքելյան, ԱԺ

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Սպարտակ Առաքելյանը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով նույնպես հայտնվել է կադրերի ռեզերվում։ Իրավական փորձաքննության վարչությունը միավորվել է տնտեսական փորձաքննության վարչությանը, վերանվանվել է՝ փորձագիտական եւ վերլուծական վարչություն։ Առաքելյանը պնդում է, որ ԱԺ ղեկավարությունը գործընթացն իրականացնում է օրենքների շրջանցմամբ։ Մենք արդեն գրել ենք, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների գերակշիռ մասին աշխատակազմի ղեկավարությունն ուղարկել է կադրերի ռեզերվ, մոտ հինգ տասնյակ աշխատակից պատրաստվում է բողոքարկել իրենց առանց իրավական հիմքերի ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության որոշումը։ 

- Պարոն Առաքելյան, մի քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են, որ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նոր հաստիքացուցակները համալրվում են օրենքի ոտնահարմամբ, խախտվում են հատկապես պետական ծառայողների իրավունքները, պաշտոնապես հստակ պարզաբանում չի տրվում՝ ինչ սկզբունքներով են համալրվելու նոր ստորաբաժանումները։ Խնդրում եմ իրավաբանորեն բացատրել՝ ի՞նչ խախտումների մասին է խոսքը, եւ, առհասարակ, ի՞նչ է կատարվում աշխատակազմում։

- Միանշանակ մասնագիտորեն կպնդեմ, որ մի շարք ազատումներ եղել են ապօրինի, մասնավորապես, մի շարք աշխատակիցներ, որոնք պետական ծառայողներ են, նրանց հետ նոր պայմանագրերը կնքվել են հղումները սխալ կատարելով, հղումները կատարվել են այլ օրենսդրությանը, մինչդեռ պետք է կատարվեր Աշխատանքային օրենսգրքին։ Նպատակն այն է, որպեսզի ծածկեն իրենց կողմից թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ երկու ամիս առաջ ազատման մասին ծանուցելու պարտականությունը, որը չեն կատարել: Վերջնական նպատակը վարձատրություն չտալն է, որովհետեւ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է առանց ծանուցման դեպքում 60 օրվա համար լրացուցիչ պահպանել վարձատրությունը եւ վճարել տույժեր։ 

- Ձեր ղեկավարած ստորաբաժանումը նույնպես միավորվել է, Դուք հայտնվել եք կադրերի ռեզերվում, ինչպե՞ս է որոշվելու՝ Դուք ի՞նչ պաշտոն եք զբաղեցնելու, ի՞նչ առաջարկ է Ձեզ արվել։

 - Որեւէ առաջարկ ինձ չի արվել, իսկ կադրերի ռեզերվ ինձ ուղարկելը կատարվել է օրենքը կոպիտ խախտելով, մասնավորապես, ես թերթերից մեկում տեսա հրապարակում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հայտնել է, որ անվանացանկն ու հաստիքացուցակը դեռեւս պատրաստ չեն, համալրման ու խմբագրման փուլում են, իսկ սա նշանակում է, որ բացակայում է այն իրավական հիմքը, որի հիման վրա լուծվել են մի շարք աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաեւ մի շարք պետական ծառայողների ուղարկել են կադրերի ռեզերվ։ Մինչդեռ օրենքի պահանջն է, որ այդ փոփոխությունները պետք է ամբողջությամբ հրապարակեին, որից հետո էլ միայն դա կստանար օրինական ուժ։ Իսկ ինչպես Գալստյանն էր նշել իր հարցազրույցում, նրանք հաստիքացուցակը չէին ընդունել, որովհետեւ դեռեւս լրամշակման փուլում է։ Եթե չկա համապատասխան իրավական հիմքը, ապա օրենքին հակասում է նման կրճատումներ անելը։ 

- Մենք տեղեկություն ենք հրապարակել, որ ԱԺ տասնյակ աշխատակիցներ դիմել են փաստաբանական ընկերությունների, պատրաստվում են բողոքարկել ԱԺ որոշումը՝ համարելով, որ խախտվել են իրենց իրավունքները։ Դուք նո՞ւյնպես բողոքարկելու եք։

- Միանշանակ, որովհետեւ համարում եմ, որ օրենքին համապատասխան չէ։ Եթե ժամանակին կային կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներ՝ իրավական փորձաքննության վարչություն, իրավաբանական բաժին, եթե այս համապատասխան իրավական նախագծերը ժամանակին տային այդ բաժինների փորձաքննությունը, այս բոլոլա իրավիճակը չէր առաջանա։ 

- Իսկ պետական ծառայողները ծանուցվե՞լ են նախապես։ 

- Ծանուցվելը պարտադիր չէ, բայց կան անհատական իրավական ակտեր, որ պետական ծառայողին պետք է պաշտոնից ազատեին, ուղարկեին կադրերի կարճաժամկետ ռեզերվ, իսկ օրենքի տեսանկյունից նշանակում է, որ անհատական ակտն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը, միաժամանակ մի շարք աշխատողների բաժանվել են առանց հերթական համարի եւ ամսաթվի հրամաններ, որոնք իրավական ուժ չունեն։ Սա նշանակում է, որ իրավական հիմքի բացակայության պայմաններում ԱԺ ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, որպեսզի հետագայում իրավական հիմքը հաստատելուց հետո, ըստ էության, նման կեղծիքներ թույլ տալով՝ կարողանան հղում տալ նախկին իրավական ակտին եւ իրավական ուժ տան։

- Հիմա, փաստորեն, ԱԺ աշխատակազմի գերակշիռ զանգվածն ուղարկված է կադրերի ռեզերվ, պետծառայողներին առաջարկում են երկամսյա պայմանագրեր կնքել՝ ասելով, թե այդ ընթացքում մրցույթ կհայտարարվի, ու, ըստ այդմ, պարզ կդառնա՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի։ Սակայն մի շարք մասնագետներ մեր մասնավոր զրույցում ասում են՝ եթե տվյալ բաժինը չի լուծարվել, այլ անվանափոխվել է կամ միավորվել, ապա արտամրցույթով կարող են նշանակվել։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ 

- Այո, անվանափոխության, միավորման դեպքում արտամրցութային կարգով կարող են նշանակվել, բացի դրանից, օրենքում կան մի շարք դրույթներ։ Օրինակ, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող անձանց հաստիքների կրճատման կամ անվանափոխության դեպքում պաշտոնի նշանակվելու նախապատվություն ունեն, իմ օրինակով կարող եմ ասել, որ ունեմ մինչեւ երեք տարեկան երեխա, եւ օրենքի այդ հոդվածն իմ մասով շրջանցվել է։

 - Իսկ Ձեզ հայտնի՞ է՝ քանի՞ աշխատողի իրավունքի խախտման մասին է խոսքը։ 

- Մոտավորապես 40-50։ 

- Նախօրեի միջադեպի մասին տեղյակ եք՝ ԱԺ աշխատակից Սասուն Պետրոսյանի եւ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի միջեւ կոշտ զրույց, գուցե վիճաբանություն է եղել, որից հետո Պետրոսյանը սրտի տագնապով հիվանդանոց է տեղափոխվել։ 

- Հենց Տիգրան Գալստյանի հետ վիճաբանության մասին չեմ կարող պնդել, բայց զուտ այն, որ Սասուն Պետրոսյանին առաջարկվել է ավելի ցածր պաշտոն՝ պայմանագրային հիմունքներով, ընդ որում՝ մարդն աշխատում է ԱԺ-ում 20 տարուց ավելի, հետագայում ականատես եղանք շտապօգնության կանչին, եւ Սասուն Պետրոսյանին ուղեկցեցին հիվանդանոց, հետո ճշտեցինք, որ ստենտավորել են։ Ավելի վատ բան, քան առանց իրավական հիմքերի աշխատողին հացից զրկելն է, չկա ողջ աշխարհում։