Մարդը վճարել է 200 դրամ, հիմա 5 հազար պիտի վճարի. ինչու սա չեք ասում

Մարդը վճարել է 200 դրամ, հիմա 5 հազար պիտի վճարի. ինչու սա չեք ասում

Ազգային ժողովում քննարկվող գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրինագիծը կոշտ քննադատության է արժանացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի կողմից։ Իր ելույթում պատգամավորը շեշտել է, որ բարձրացման հիմնավորումը՝ Երևանի կենտրոնում կառուցված թանկարժեք բնակարաններով, անարդար է մարզերի բնակիչների նկատմամբ։

«Սա միայն գույքահարկ չէ։ Դուք մարզերում հողի և գույքի հարկերը միավորել եք՝ ստեղծելով մեկ միասնական հարկատեսակ, որը փաստացի անգամներով բարձրացնում է հողի հարկը։ Այդ մոտեցումը ծանր է հատկապես գյուղական համայնքների համար, որտեղ հողից եկամուտներն օրեցօր նվազում են»,- նշել է Ղազարյանը։

Նա նաև ընդգծել է, որ խոսվում է միայն շքեղության հարկից, մինչդեռ իրականում գերբեռնվածությունը զգում են հասարակ քաղաքացիները։ «Վարդենիսում, օրինակ, մարդը գուցե ունեցել է երեք միլիոն դրամից մի փոքր բարձր արժեքով գույք, նախկինում վճարել է 200 դրամ հողի հարկ, իսկ հիմա ստիպված կլինի վճարել 5000 կամ նույնիսկ 8000 դրամ։ Սա արդար չէ, հատկապես հաշվի առնելով հողի եկամտաբերության անկումը»,- ասել է պատգամավորը։

Արման Ղազարյանի խոսքերով՝ հարկային այս քաղաքականությունը խորացնում է սոցիալական անհավասարությունը և պետք է վերանայվի՝ հաշվի առնելով նաև մարզաբնակ քաղաքացիների շահերը։