ՀՀ իշխանությունը հող է պատրաստում, որ Ադրբեջանը Վարդանյանին նոր մեղադրանք առաջադրի

ՀՀ իշխանությունը հող է պատրաստում, որ Ադրբեջանը Վարդանյանին նոր մեղադրանք առաջադրի

Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի «ուշագրավ» մտքերից մեկը վերաբերում էր Ռուբեն Վարդանյանին: Իմաստ չունի մեջբերել, ինչպես շատ փորձագետներ նկատեցին, կատարյալ բարոյազուրկ ու մանիպուլյատիվ այդ հայտարարությունը․ հավանաբար՝ շատերը ծանոթ են: 

Մամուլում ու հրապարակումներում հնչեց երկու առողջ մեկնաբանություն․ 
ա) անբարոյական, անմարդկային եւ անգամ ոչ տղամարդկային է ինչ-ինչ հայտարարություններ անելը, երբ մարդը գտնվում է թշնամու բանտում եւ չի կարող պատասխանել ու հակընդդեմ  հարցեր ուղղել իրեն հարց տվողին 
բ) անկախ քաղաքացու՝ գործող իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, պետությունը պարտավոր է ամեն ինչ անել՝ իր քաղաքացուն ազատ արձակելու համար: Դրանով պետությունը ոչ թե շնորհ ու լավություն է անում, այլ դա իր ուղղակի պարտավորությունն է եւ եթե անգործություն է դրսեւորում, ապա դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվի:

Իսկ երեկ վարչապետի մտքերն ավելի «բացված» ներկայացրեց Անդրանիկ Քոչարյանը, ապա Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակում» ոմն նորահայտ փորձագետ Լիլիթ Դալլաքյան, ով ոչ այլ ոք է, քան հայտնի «նախկին» Վիկտոր Դալլաքյանի դուստրը, իր կանխատեսումները ներկայացրեց Ռուբեն Վարդանյան-ընդդիմադիր պայքար-Ռուսաստան առանցքի շուրջ. «Ես դեռ հուլիսին եմ ասել, որ Գալստանյանի գլխավորած շարժումը սեպտեմբերին թափ է հավաքելու, առաջնորդը փոխվելու է, կրկին խաղարկվելու է ԼՂ հարցը, որի ամենավառ դեմքերից կարող է լինել Ռուբեն Վարդանյանը: Փաստորեն, դա իրականություն է դառնում»: Նա համարում է, որ սա Ռուսաստանի սցենարն է, բայց որ «շատ չսխալվի», ամեն դեպքում նշում է՝ «դա հավանական սցենարներից մեկն է»:

Մարդը դեռ Բաքվի բանտում է, ոչ մի նշան չկա, որ ազատ է արձակվելու, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն ասում է, որ դատավարությունը սկսելու են COP-ի համաժողովից, այսինքն՝ նոյեմբերից հետո, սրանք արդեն անհանգստանում են, որ դաշտում կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության «հավակնորդ» հայտնվել։ 

Վերջին օրերի այս ակտիվությունը՝ իշխանությունների կողմից, մի փոքր անսպասելի էր արդեն մեկ տարի ադրբեջանական բանտում գտնվող ու խոշտանգվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Գերիների հետ կապված գործընթացին հետեւող փորձագետները մեր ուշադրությունը հրավիրեցին մեկ այլ խնդրի վրա. այն, ինչ սկսել են ասել իշխանության ներկայացուցիչները Հայաստանում վերջին շրջանում, արդեն վաղուց գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Եվ քանի որ Ադրբեջանի դատախազը հայտարարել է, որ շուտով գործերը գնալու են դատարան, ըստ փորձագետների՝ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը ցանկանում է նոր մեղադրանք առաջադրել Վարդանյանին, ինչպես իրենք են գրում՝ «խաղաղության գործընթացը սաբոտաժի ենթարկելու համար», եւ հենց դրա համար են խնդրում իրենց հայ գործընկերներին՝ աջակցել նոր մեղադրանքի համար հիմքեր ստեղծելու գործում:

Դավիթ Գեւորգյան