Հայկական իշխանությունը գործը տանում է դեպի նոր կապիտուլյացիա

Հայկական իշխանությունը գործը տանում է դեպի նոր կապիտուլյացիա

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

- Ինչո՞ւ Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ չօգտագործվեց «միջանցք» բառը, առավել եւս՝ «Զանգեզուրի միջանցք», իսկ այսօր Ալիեւը Հայաստանից ժամկետ է պահանջում, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», այլապես կլինեն խնդիրներ։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը դիվերսիայի եւ կամ պատերազմի մասին է։ Ինչո՞ւ էր Ալիեւը լռում Սոչիի հանդիպման ժամանակ։

- Պատասխանը պարզ է․ Սոչիում չասաց՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ քաղաքավարությունից, իսկ տուն գնալով ու վերադառնալով իր օրակարգին՝ նա շարունակեց շահագործել իր հաղթանակը եւ նաեւ Հայաստանի հետնահանջն անգամ այն սահմաններից, որոնք Հայաստանը համարում է սահմանված։ Շատ լավ է, որ Հայաստանում հիմա քննարկվում է հրամանատարների պատասխանատվության հարցը՝ այն բանի համար, որ նրանք սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի վրա կրակ բացելու հրաման չեն տվել, ավելի ճիշտ՝ հետ են պահել դրանից։ Բայց չէ՞ որ հասկանում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր խոստովանություն, յուրաքանչյուր քաղաքական հայտարարություն ուսումնասիրվում եւ «կարդացվում» է ոչ միայն Հայաստանում, այլեւ առնվազն՝ Ադրբեջանում։ Ինչից ելնելով՝ ադրբեջանական ցանկացած կոմպետենտ դիտորդ անում է մի պարզ, բայց ակնհայտ եզրակացություն՝ Հայաստանի բանակը պատրաստ չէ պաշտպանվել եւ պաշտպանել իր հողը։ Հետեւաբար, էքսպանսիան, առանց մեծամասշտաբ ու բաց ռազմական գործողությունների, շարունակվելու է։ Ես Ալիեւի հայտարարությունը կկապեի, մի կողմից, Հայաստանի բանակի կաթվածահարության նման վառ ապացույցի եւ, մյուս կողմից՝ հայկական իշխանության քաղաքական կաթվածահարության օրինակների հետ։ Իշխանություն, որ շատ լավ, ոչ դրական իմաստով, այլ՝ սկանդալային, խիստ ցայտուն եւ բարձր ձայնով իրեն դրսեւորել է այդօրինակ կաթվածահարության մասին վկայող օրինակներով։ Դրանցից մեկն էլ Հայաստանի խորհրդարանի խոսնակի հրաժարումն էր Հայաստանի գերիներից։ Իհարկե, գերի ընկնելը լավ բան չէ, բայց եթե դու կրակելու հրաման չես տվել, ուրեմն կրում ես եւ կիսում ես պատասխանատվություն այն բանի համար, որ այդ մարդիկ գերի են հանձնվել։

- Ալեն Սիմոնյանը հերքեց՝ ասաց, թե մոնտաժված է։

- Դա կարեւոր չէ եւ բնավ համոզիչ չէ։ Ես ինքս չգիտեմ, թե ինչպես կարելի էր այնպես մոնտաժել իր խոսքը, որ այն ավելի լավ տեսք ունենար։

- Այնուամենայնիվ, միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ առանց ռուսական կողմից քարտ-բլանշի։

- Այդ դեպքում շարունակեք Ձեր այդ միտքը եւ այն ձեւակերպեք այսպես․ որ Մոսկվան, Կրեմլը եւ անձամբ Պուտինն են հրամայելու Ալիեւին՝ շարունակել հարձակումները։ Դա՞ եք ուզում ասել։

- Մեջբերեմ որոշ քաղաքագիտական վերլուծություններ, որ Ալիեւի՝ Սոչիի «խաղաղասիրությունը» պայմանավորված էր նրանով, որ ՌԴ-ն հասկացնել է տվել՝ քանի որ Դոնբասի սահմանին իրավիճակն անհանգիստ է, ինձ երկրորդ թեժ կետ՝ Հարավային Կովկասում, պետք չէ։

- Իսկ ո՞վ է Ձեզ մոտ Երեւանում ապրող այդ խելոքը, որ բացահայտել է ամենամութ եւ դավադիր ռազմական գաղտնիքը։ Եվ ինչպե՞ս Հայաստանի սահմանին լարվածության մեծացումը կարող է օգնել Ուկրաինայի հետ սահմանի սրացումներին։

- Ոչ թե օգնել, այլ՝ խանգարել, քանի որ ՌԴ-ին պետք չէ 2-րդ թեժ կետ։ Ի վերջո, երկու դեպքում էլ ՌԴ-ն կներգրավվի, ինչը լրացուցիչ խնդիր է։

- Գիտեք՝ սա գլոբուսային ռազմավարություն է։ Կարելի է նույնկերպ ասել, որ ՌԴ-ն կներգրավվի Անտարկտիդայում։ Սրանք տարբեր ռազմաքաղաքական ուժային համակարգեր են, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեն։

- Իսկ Հայաստանը ՌԴ-ի համար Անտարկտիդա՞ է։

- Այո։ Իսկ Դուք այդ մասին չգիտեի՞ք։

- Վերջին 3 տարում հասկացել ենք։ Այդ դեպքում հակընդդեմ հարց․ ինչո՞ւ անկախանալուց հետո մեզ, այդ թվում՝ Ռուսաստանից, հավաստիացնում էին, որ ռուսականը միակ անվտանգային համակարգն է, որն այլընտրանք չունի։ Հիմա պարզվում է, որ մենք ՌԴ-ի համար Անտարկտիդա ենք։

- Դուք, ախր, անկախ պետություն եք։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն իշխանության եկավ հենց ռուսատյացության ֆոնին։ Չեք հերքում, չէ՞։ 

- Բայց, մյուս կողմից, ահավոր նվիրվածություն եւ ռուսամետություն կա այդ նույն իշխանության կողմից։

- Իսկ ինչո՞վ է դա արտահայտվել։

- Օրինակ նրանով, որ ՀՀ ոչ մի իշխանություն ռազմական զորախումբ չէր ուղարկել Սիրիա։ Այլ բազում օրինակներ էլ կան։

- Սերժ Սարգսյանը սակրավորներ ուղարկեց Սիրիա։ Մի 8 տարի կլինի։ Ի՞նչ կապ ունի այստեղ Փաշինյանը։ Փաշինյանն իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին ու նրա՝ Սիրիայի գործողությունների համար պատասխանատու չէ։

- Հիմա համարում եք, որ Հայաստանի համար անելանելի վիճա՞կ է, եւ չկա՞ այդ միջանցքը զիջելուն այլընտրանք։

- Ձեզ հետ զրույցում մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը պետք է վերջապես պաշտպանի իր սահմանները։ Ինչո՞ւ դա չի անում։

- Ինքներդ ասացիք՝ պատրաստ չէ, գուցե մարտունակ չէ։ Ի վերջո, ահավոր պատերազմից 1 տարի է անցել, մենք դեռ չենք ապաքինվել։ Երեւի՝ հնարավոր չէ։

- Հայաստանում թիկունքում բավականաչափ ուժեր կան, ինչո՞ւ են այդ զորքերը թիկունքում, ո՛չ սահմանին։ Ինչո՞ւ են սահմաններին այդքան քիչ։ Ինչո՞ւ է Հայաստանը ճանապարհներ կառուցում՝ սկզբում հյուսիսից հարավ, իսկ հետո՝ Սյունիքում։ Ինչո՞ւ սկզբում Սյունիքում չէր կառուցում։ Բացատրեք։

- Այսինքն՝ համարում եք, որ երկուսի մակարդակով կա պայմանավորվածություն, հետեւաբար՝ երրորդն ինչո՞ւ խառնվի։

- Ես համարում եմ, որ հայկական իշխանությունը գործը տանում է դեպի կապիտուլյացիա։ Եվ իրեն ոչ ոք այդ գործում չի կարող օգնել։

- Նո՞ր կապիտուլյացիայի։ 

- Այո։