Ախ, այդ կադրերը

Ախ, այդ կադրերը

Կադրերի հարցը միշտ եղել է բոլոր իշխանությունների աքիլեսյան գարշապարը։ Առհասարակ, մենք՝ հայերս, չմահավան ազգ ենք ու շատ քչերին ենք հավանում։ Առավել եւս՝ պաշտոնյաներին ու մեզ կառավարողներին։ Բայց միայն այդ չմահավանությունը չէ խնդիրը, այլ այն, որ կադրային ռեսուրսի առումով մենք շատ հարուստ չենք, եւ բոլոր ոլորտներում կա կադրերի դեֆիցիտ։ Բնականաբար՝ ղեկավար պաշտոններում կադրերի խնդիրն ավելի սուր է եւ ավելի ակնառու։ Մարդը, թվում է, կարեւոր գործ է անում իքս ոլորտում, իր տեղում է, օգտակար է, հաջողակ։ Նրան նկատում են, առաջ են տանում, եւ սկսվում է գահավիժումը։ Ակտիվ հասարակական գործչից մեկ էլ տեսնում ես ստացվել է ապաշնորհ պատգամավոր, լավ ճարտարապետից՝ Երեւանի վատ գլխավոր ճարտարապետ, նվիրյալ կուսակցականից՝ վատ նախարար, գործունյա մտավորականից՝ վատ քաղաքապետ։ Լինում է նաեւ հակառակը՝ գործադիրում մարդը ձախողվել է, բայց օրենսդիր մարմնում վատ չի աշխատում։ Թեեւ հակառակ օրինակները՝ հաջողված նշանակումները, շատ ավելի հազվադեպ են։ Ավելի շատ ձախողված նշանակումների օրինակներ գիտենք, եւ այդ ձախողումները ոչ միայն ձախողվածների, այլեւ նրանց նշանակողի ձախողումներն են։ Իսկ հիմքում մարդկանց ու կադրերին գերագնահատելն է, նվիրվածության ռակուրսով առաջնորդվելը, երբ բարձր պաշտոնների չեն նշանակվում պրոբլեմատիկ մարդիկ, որոնք իրենց սեփական կարծիքն ունեն եւ մի օր էլ կարող են քննադատել գործող իշխանություններին եւ նրանց քաղաքականությունը։ Կադրային ձախողումների հիմքում մի գործոն էլ կա՝ ծրագիր, պատկերացում, տեսլական չունենալու հանգամանքը։ Երբ դու գիտես, թե ինչ ես ուզում անել, ուր ես ուզում գնալ, հեշտ է ուղին որոշելը՝ ինչ քայլերի ու կադրերի, ինչպիսի մարտավարության միջոցով։ Երբ չգիտես՝ խարխափում ես։