Անօթևան անձանց նոր տեսակի ծառայություններ են մատուցվելու

Անօթևան անձանց նոր տեսակի ծառայություններ են մատուցվելու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հայտնել է, որ անօթևան անձանց նոր տեսակի ծառայություններ են մատուցվելու՝ ելնելով նրանց անհատական կարիքներից:

«Շատ կարևորում ենք «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որովհետև այս պահին այն միակն է տրամադրած ծառայությունների տեսակով, բայց նույնքան կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավումը։ Անօթևան անձանց տրվող ծառայությունները զարգացնելու ենք, ավելին՝ նոր տեսակի ծառայություններ ենք մատուցելու՝ ելնելով շահառուների անհատական կարիքներից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հիմնադրամին պատվիրակված ծառայությունները լինեն ընդունված չափանիշներին համապատասխան։ Այս առումով շնորհակալ ենք ՄԻՊ գրասենյակին՝ առկա թերությունների արձանագրման համար, որոնց ուղղությամբ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել հաստատությանը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ կատարած այցի ժամանակ։

Նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է անօթևանների ժամանակավոր կացարանի կենցաղային պայմաններին և նրանց տրվող սոցիալական ծառայություններին։ Գասպարյանը հավաստիացրել է՝ պետությունն անօթևան անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում նախատեսում է անել ավելի մեծ ներդրումներ։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է վերանորոգել անօթևաններին սպասարկող հարկաբաժինը, որը մինչև տարեվերջ կավարտվի։ Իսկ ինչ վերաբերվում է բնակվող 100 շահառուներին, ապա նրանք կշարունակեն ստանալ երկանգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական և բժշկական տարաբնույթ ծառայություններ:

Նախորդ տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր միայն մեկ կազմակերպություն՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը: