Ռուսնե՞րն են պարտադրել Փաշինյանին՝ հրաժարվել Լեհաստան այցից

Ռուսնե՞րն են պարտադրել Փաշինյանին՝ հրաժարվել Լեհաստան այցից
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 3-4-ին պետք է մեկներ Լեհաստան՝ մասնակցելու Կրիննիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։ Կառավարությունում նախապես պատրաստվում էին այս այցին, սակայն անսպասելիորեն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի մեկնելու Լեհաստան։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ ասաց, որ Փաշինյանի մասնակցությունը Լեհաստանի վերոնշյալ տնտեսական համաժողովին Հայաստանի կողմից պաշտոնապես չէր հաստատվել։ Թե ինչու՝ ԱԳՆ խոսնակը դժվարացավ ասել։

Լեհաստանում, սակայն, այս միջոցառմանը զուգահեռ սեպտեմբերի սկզբին պետք է անցկացվեն նաեւ Երկրորդ աշխարհամարտի սկսման 80-ամյակի հիշատակի միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 1-ին, Վարշավայում։ Այստեղ մի նրբություն կա՝ լեհերն այս միջոցառման հրավիրյալների ցանկը կազմել են այնպես, որ Երկրորդ աշխարհամարտի մասնակից մյուս կողմի՝ Սովետական Միության իրավահաջորդ Ռուսաստանը չմասնակցի։ Աշխարհի տարբեր երկրներից 250 հյուր է ժամանելու Լեհաստան, այդ թվում՝ Գերմանիայից, մյուս եվրոպական երկրներից։ Ելույթներ պետք է ունենան Անջեյ Դուդան, Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, Դոնալդ Թրամփը։ Միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սակայն չէին հրավիրել ՌԴ նախագահ Պուտինին՝ լուրջ ապտակ հասցնելով Ռուսաստանին։ Դեռ տեղեկատվությունը ստանալու պահին արդեն մենք հարցադրում էինք արել՝ Նիկոլ Փաշինյանն արդյոք կմեկնի՞ Վարշավա, եւ նրա այցն ինչպե՞ս կդիտվի մեր ռազմավարական գործընկերոջ կողմից։ Սակայն մեր կեսկատակ հարցը, պարզվում է, ճիշտ նշանակետին է խփել, եւ ՀՀ վարչապետը հրաժարվել է այցից։ Եվ որպեսզի չստացվի, որ Լեհաստանում կայանալիք մի միջոցառման մասնակցությունը մերժում է, մյուսը, չգիտես ինչու, հաստատում, Փաշինյանը որոշել է մերժել երկու միջոցառումների հրավերներն էլ։

Անշուշտ, կուլիսային իրադարձություններին մենք ծանոթ չենք, բայց կարող ենք եզրակացություն անել, որ ազդակը եկել է Ռուսաստանից, եւ սուվերեն պետություն համարվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կա՛մ չի ցանկացել նեղացնել բարեկամ Ռուսաստանին, կա՛մ փորձել է սիրաշահել ՌԴ նախագահին՝ հրաժարվելով մեկնել Լեհաստան, կա՛մ էլ՝ վատագույն տարբերակով, ուղղակի Վարշավա չմեկնելու հրահանգ է ստացել Ռուսաստանից։

ՀԳ Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կապվեց մեզ հետ եւ պարզաբանում տվեց, որ երկու միջոցառումները միմյանց հետ կապ չունեն եւ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է եղել միայն տնտեսական ֆորումին, Երկրորդ աշխարհամարտի միջոցառումներին նա հրավիրված չի եղել, ուստի հրավերը մերժելու մասին խոսք չի կարող գնալ։ Մերժվել է միայն տնտեսական ֆորումի մասնակցության հրավերը, ինչը կապ չունի Ռուսաստանին չհրավիրելու հետ։ Այս պարագայում էլ, անշուշտ, հասկանալի չէ, թե ինչպես է Լեհաստանը 250 հյուր հրավիրվում՝ ողջ աշխարհից, բայց Հայաստանի վարչապետին չեն հրավիրում եւ, ամեն դեպքում, Փաշինյանն ինչու է մերժել տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերը։