Մասնագետները հեռանում են տեսչությունից. ինչո՞ւ

Մասնագետները հեռանում են տեսչությունից. ինչո՞ւ

ՀՀ կրթության տեսչական մարմնում վիճակն այնքան էլ բարվոք չէ՝ կադրերի արտահոսք կա, իսկ ուսումնական տարին շուտով կսկսվի, եւ տեսչության դերը շատ մեծ է արտակարգ դրության հետ կապված ուղեցույցի իրականացումը ստուգելու առումով: Միայն վերջին երկու ամսում տեսչական մարմնից ազատվել է երեք տեսուչ, որից երկուսը՝ գլխավոր մասնագետ: Վերջին մեկ տարում աշխատանքից ազատվել են 1 բաժնի պետ, 6 մասնագետ, գործավար, տնտեսվար եւ այլք։ Տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված այս հեռացումները, արտահոսքը, արդյոք իրենց դիմումների հիման վրա՞ են հեռանում, թե՞ մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն է ազատում աշխատանքից։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կրթության տեսչական մարմնից (այսուհետ` տեսչական մարմին) ազատվել է 7 աշխատակից, որից 6-ը՝ իրենց դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի տեղափոխվելու, իսկ մեկը՝ կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով: Տեսչական մարմինը բաղկացած է 4 վարչությունից եւ 2 բաժնից: Առայսօր բաժնի պետերից որեւէ մեկը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Այնուհանդերձ հավելենք, որ 2020 թվականի հունվար ամսին, իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ, աշխատանքից ազատվել է տեսչական մարմնի նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Ի գործ» բացառիկ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին տալիս է հնարավորություն՝ աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այժմ տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու, նոր կարգավորումների եւ գործիքակազմերի մշակմանը մասնակցելու համար տեսչական մարմինը ներգրավել է այս ծրագրի երկու մասնակցի»,- գրավոր պատասխանել են տեսչական մարմնից։