Պետք է խոսել հայրենիքի մասին եւ ասել ճշմարտությունը

Պետք է խոսել հայրենիքի մասին եւ ասել ճշմարտությունը

ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Շուկշինան այս խոսքերն ասել է իրեն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան հանձնելու արարողության ժամանակ: Մրցանակաբաշխության ժամանակ նա խոսել է մշակույթի բացակայության վիրուսի մասին, որը հոշոտում է ռուսների մի ամբողջ սերունդ, անդրադարձել բարոյական արժեքների եւ մշակույթի կարեւորությանը՝ ազգի հարատեւման գործում։ Ըստ էության, խոսքը վերաբերում է ազգային արժեհամակարգին, առանց որի անհնար է նույնականացնել որեւէ ազգի, առանց որի ոչ մի ազգ չի կարող ոչ միայն գոյատեւել, այլեւ՝ զարգանալ:

Մինչ ամբողջ աշխարը «ծնկի է եկել» քովիդի վիրուսի առաջ, Մարիան խոսում է այլ՝ մշակույթը հոշոտող վիրուսի մասին: Որոշները կարող են տարակուսել, բայց Վասիլի Շուկշինի այս հմայիչ ու ինտելեկտուալ դստեր ասածի մեջ գլխավորն այն է, որ ցանկացած ժողովրդի գլխավոր սպառնալիքը մշակութային աղետն է, մշակութային շոկը, որի առջեւ կանգնած է նաեւ Ռուսաստանը: Ու նա ասում է ճշմարտությունն իր հայրենիքի վտանգների մասին. «Այն ավելի վտանգավոր է, քանի որ ոչ ոք չի մահանում նրանից, բայց նա հնձում է մի ամբողջ սերունդ… ոչ մի պետություն, ոչ մի քաղաքակրթություն, ոչ մի կայսրություն չի կարող դիմակայել առանց հոգեւոր եւ բարոյական հիմքի…»։

Մարիա Շուկշինան այլ կերպ չէր էլ կարող մտածել, քանզի նրա ծնողները՝ Վասիլի Շուկշինը եւ Լիդիա Ֆեդոսեեւան, նրա մեջ սերմանել են անանց արժեքներ:

Կարո՞ղ ենք, արդյոք, մենք էլ այդպես խոսել մեր հայրենիքի՝ Հայաստանի մասին ու ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, ոչինչ՝ բացի ճշմարտությունից: 

Գագիկ Վարդանյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր