Ի՞նչ արժե կրթությունը մասնավոր օջախներում

Ի՞նչ արժե կրթությունը մասնավոր օջախներում

Կրթական համակարգում այս տարի ավելացավ եւս մի մասնավոր կրթօջախ․ Ավան վարչական շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիր հիմնարկ, որը զբաղեցնում է ավելի քան 29 000 քառ. մ տարածք եւ բաղկացած է երեք՝ ուսումնական, մարզաառողջարարական, հանգստի գոտիներից: Ուսումնական գոտում կգործեն մինչեւ 700 աշակերտի համար նախատեսված դպրոց, մանկապարտեզ՝ 190 երեխայի համար, ինչպես նաեւ 25 մ երկարությամբ փակ լողավազան, ֆուտբոլի եւ բասկետբոլի մինիդաշտեր, փակ սահադաշտ:

Համալիրի հանրային կապերի գլխավոր մասնագետ Անի Աբրահամյանն ընդգծում է՝ սա մասնավոր դպրոց է՝ 8։30-17։30 աշխատանքային ժամերով, որի ընթացքում երեխաներն անցնում են ողջ դասապրոցեսն ու դասապատրաստումը։

«Շենքային պայմաններն անկրկնելի են, որովհետեւ նման ենթակառուցվածքներով դպրոց գտնել հնարավոր չէ։ Մեր բոլոր դասարանները կահավորված են սմարթ-գրատախտակներով, նորագույն սարքավորումներով։ Դպրոցն ունի սահադաշտ, լողավազան, մարզական, սպորտային համալիր, ինչպես նաեւ բոլոր խմբակներից օգտվելու հնարավորություն։ Խմբակները սրանք են՝ գեղասահք, լող, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, ռոբոտաշինություն, կավագործություն, փայտամշակում, նկարչություն, երգ, պար։ Երեխաներն ունեն 3 խմբակ ընտրելու հնարավորություն․ շաբաթական 2 անգամ հաճախում են 2 խմբակ եւ մեկ անգամ էլ՝ մի խմբակ։ Խմբակներ ընտրելիս պարտադիր առաջարկում ենք մեկն ընտրել ֆիզիկականից, մյուսը՝ մտավորից, մեկն էլ՝ մշակութայինից, որպեսզի հավասարապես բոլոր հմտությունները երեխաների մոտ ներդաշնակ զարգանան։ Դպրոցի հիմքում հայկական հանրակրթական ծրագիրն է։ Դպրոցում առաջին դասարանից սկսած՝ անցնում ենք նաեւ օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն»,-ասում է Աբրահամյանն ու հավելում, որ երեխաներն այդ ընթացքում ապահովվում են նաեւ 3-անգամյա սննդով։

Ինչ վերաբերում է մանկավարժներին, ապա նրանց ընտրել են մրցութային հիմունքներով։ Նրանք բոլորը գործող մասնագետներ են՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական եւ անձնային որակները․ «Դասապատրաստումը պետք է փակի երեխաների բոլոր կարիքները, այսինքն՝ եթե երեխան թերանում է ինչ-որ առարկայից, այստեղ դասապատրաստման ընթացքում պետք է դա արվի, բացառվում է որեւէ օղակում լրացուցիչ պարապմունք, ամեն ինչ արվելու է տեղում՝ մեր մասնագետների ու դասապատրաստողների միջոցով»։

Այս համալիր ծառայությունների համար ծնողը տարեկան վճարում է 1 մլն 500 հազար դրամ․ «Վճարելու քաղաքականությունը ճկուն է, կարող են ամեն ամիս վճարել կամ եռամսյակով, ծնողն է ընտրում իրեն հարմար տարբերակը»։

Նա ընդգծում է՝ թե խմբակները, թե սնունդը ներառված են ընդհանուր արժեքի մեջ՝ բացառությամբ տրանսպորտի․ «Բոլոր ուսումնական նյութերը, այդ թվում՝ գրքերը, ամբողջությամբ մենք ենք տրամադրում։ Այստեղ մուտքն ու ելքը չիպերով են, որոնք էլի դպրոցն է տրամադրում, երեխաներն անհատական պահարաններ ունեն, որտեղ թողում են իրենց բոլոր իրերը։ Չկա բուֆետ, որտեղից, օրինակ, վճարովի հիմունքներով ինչ-որ բաներ կգնեն։ Վճարի մեջ ամեն ինչ մտնում է, եւ ծնողը լրացուցիչ որեւէ բանի համար չի վճարում։ Երեխայի ամբողջ օրը կազմակերպվում է այստեղ՝ տեղում»։  

Ուսումնամարզական համալիրն այս տարի, բացի 4-րդ, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններից, մյուս բոլոր դասարանների գծով ընդունելություն հայտարարել է։ «Այդ 4 դասարանների գծով ի սկզբանե ընդունելություն չենք հայտարարել, քանի որ քննական դասարաններ են, եւ բարձր մակարդակ ենք ուզում ապահովել, իսկ հարցազրույց իրականացնելու դեպքում դա մի քիչ ռիսկային է, դրա համար ի սկզբանե ընդունելություն չենք հայտարարել, իսկ մյուս բոլոր դասարաններում առնվազն մեկական խմբեր կան, ունենք դասարաններ, որ մի քանիսն են»,- եզրափակում է Աբրահամյանը։   

Կրթական դաշտում պետականից տարբերվող կրթություն է առաջարկում «Այբ» դպրոցը, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ 2011 թվականին։ «Այբ» դպրոցի հաղորդակցության մասնագետ Քրիստինե Քյուրքլյանը նկատում է՝ «Այբ» դպրոցը հիմնադրամ է եւ չունի սեփականատեր։ «Այբ» ավագ դպրոցում ուսումնառությունն իրականացվում է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի միջոցով, որը պետականորեն հաստատված կրթական ծրագիր է։ Սա նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր եւ իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարեւորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը եւ այլն: Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաեւ ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Այստեղ մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 2,800,000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Ուսման արժեքը ներառում է հիմնական դասապրոցեսը, խորացված պարապմունքները, ընտրովի դասընթացները, լրացուցիչ պարապմունքները, օլիմպիական խմբակները, 3-անգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ), դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

Քրիստինե Քյուրքլյանը նկատում է՝ «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթաթոշակային համակարգ, «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի աշակերտը, որն ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, ֆինանսական պատճառներով չզրկվի սովորելու հնարավորությունից: ««Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ՝ ուսման արժեքի փոխհատուցում»: