«Գագիկ Ջհանգիրյան» պրոյեկտի ֆիասկոն դաս չեղավ

«Գագիկ Ջհանգիրյան» պրոյեկտի ֆիասկոն դաս չեղավ

Նույնիսկ այս քաոսն ու սահմաններին տիրող դաժան իրավիճակը, նույնիսկ մեր պետության ամենօրյա գահավիժումը Նիկոլ Փաշինյանին հետ չի պահում իշխանությունը զավթելու եւ պետական ինստիտուտները ոչնչացնելու  ու «գրավելու» ծրագրից։
Թվում է, թե այս 4 տարում հասել է իր առջեւ դրած բոլոր նպատակներին․

-ոչնչացրել է Սահմանադրական դատարանը
- դատարաններում ներդրել է անգրագետ ու կամակատար դատավորներ, որոնք իր քաղաքական հակառակորդների նկատմամբ հաճույքով կալանք են կիրառում, դատերը ձգձգում ու հալածանքների ու խոշտանգման գործիքներ կիրառում։
-դատախազության գլխին կարգել է իր օգնականին, որ ում դեմ ուզենա քրեական գործեր հարուցվեն՝ առանց հարցեր տալու
-կառավարությունը 100 տոկոսով իրեն հնազանդ ու անդեմ առանձնյակներից է ձեւավորել
- ՄԻՊ ինստիտուտը ջարդել է եւ մեր պետության համար օգտակար գործ անող մի համակարգ, որն արտաքին աշխարհի հետ էր հարաբերվում, ոչնչացրել է
- ոստիկանությունը դարձրել է իր անձնական անվտանգությունը պաշտպանող մանկուրտների մի ջոկատ՝ իր համերկրացու գլխավորությամբ․․․
Բայց պարզվում է՝ դեռ ամեն ինչ չի զավթել, կործանել ու տանում տվել՝ դեռ որոշ բաներ ունի անելու։

Դեռ սահմանազատում պետք է անի թշնամու օգտին։
Դեռ բանակը պետք է մինչեւ վերջ փոշիացնի։
Դեռ միջանցք ու ճանապարհ պետք է տա գիշատիչներին։ Դեռ Հայաստանի դարպասները պետք է բացի թուրքի ու ադրբեջանցու առաջ։

Իսկ այսօր էլ իմացանք, որ որոշել է ԲԴԽ-ն ամբողջությամբ զավթել՝ Կարեն Անդրեասյանին որոշել է գործուղել ԲԴԽ, որ այս մարմինն ու, ըստ այդմ, դատական համակարգը վերջնականապես ենթարկեցնի իրեն։

 «Գագիկ Ջհանգիրյան» կոչվող նախագծի խայտառակ ֆիասկոն էլ, փաստորեն, ոչ մի դաս չեղավ։ Չհասկացան, որ չի կարելի ձեւացնել, թե անկախ դատարան ես ձեւավորում, բայց տակից հրահանգում ես անցանկալի դատավորներին ճզմել ու անկախության ամեն մի նշույլ ոչնչացնել։

Մարդը, ինչքան ավելի քիչ հեղինակություն ու հարգանք ունի, այնքան ավելի շատ կառույցներ է ուզում յուրացնել ու իրեն ենթարկեցնել։ Մարդը նպատակասլաց գնում է դեպի իր նպատակները՝ Հայաստանի հանրապետության վերջնական ոչնչացում։