Ոստիկանությունը, քննչականը, դատարանը, դատախազությունը նույն տիրոջ լակեյներն են

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություններն այս օրերին ֆաշիստական ռեժիմի ամփոփագրեր են հիշեցնում՝ էսքան մարդ հասարակական կարգ է խախտել, էսքանը՝ խուլիգանություն, էսքանը խմբով ճնշել է ոստիկաններին, հայհոյել նրանց, նրանց վրա քարեր, գլանակներ, շշեր նետել, ճաղավանդակ ու բազրիք կոտրել։ Միեւնույն է, գազազած բերետավորներից զոհի կերպար կերտել չի ստացվում։
Շարժման ակտիվ օրերին ՔԿ-ն ու ոստիկանությունը ժամը մեկ մի «սվոդկա» էին թողարկում։ «Անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները»,- ասված է դրանցից մեկում։ Բայց տեսագրությունը, որում ոստիկանը երեխայի մազերից բռնում ու քարշ է տալիս, ոստիկանի նույնականացված լուսանկարը` սոցցանցերով պտտվող, ո՛չ փաստացի տվյալ են դիտել, ո՛չ էլ ապացույց։ Ոստիկանական բռնությունների դեպքերով ոչ մի մեղադրյալ չկա։ Չէ՞ որ Նիկոլն ասել է՝ ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, ինչի համար չեն կարող դատապարտվել։ Այդ դեպքում ինչո՞ւ էին տասնյակ տարիներով Մարտի 1 քննում, 2008-ի դեպքերն էլ էր իշխանությունը նույնկերպ արդարացնում` «իրենց պարտականությունն են կատարել»:
Հաղորդումներից մեկով ՔԿ-ն հայտնեց, որ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում կատարված դեպքերով 11 անձի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 8 հոգի կալանավորվել է, երկուսը տնային կալանքի տակ են, մեկի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, մեկը չկա` հանձնարարել են ոստիկաններին, որ գտնեն ու ձերբակալեն։ Ժամը 17․00-ի սահմաններում էլ ՔԿ-ն ամփոփված տվյալ ներկայացրեց՝ ապրիլի 20-ից մինչ օրս քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Արդյո՞ք հնարավոր չէ հասարակական կարգը պահպանել առանց վայրագությունների, առանց ծեծուջարդի, սադիստության։ Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, ով այս համակարգում աշխատել է 1978 թվականից մինչեւ 2018 թվականը՝ մոտ 40 տարի, սա ժամկետանց հարց է համարում։
«Եթե այդ հավաքների ժամանակ, ասենք, հրմշտոց լիներ, եւ նրանք բռնություն կիրառեին, կարող էինք ասել, որ՝ այո, առանց բռնության կարգ պաշտպանելը հնարավոր է։ Բայց այդ էտապը մենք վաղուց ենք անցել։ Հիմա եթե դու ոչինչ էլ չանես, նրանք բռնություն են կիրառում` ուղղակի ակտիվ մասսայի աչքը վախեցնելու, սարսափ սփռելու համար։ Ու էլի են անելու։ Յամայկա ծովահենական կղզում անգամ, որտեղ միջին դարերում բոլորն օրենքից դուրս էին, էլի ինչ-որ օրենքներ էին գործում, բեսպրեդել չկար։ Իբր դեմոկրատական երկիր ենք։ Դատախազությունը փոխանակ գազանների դեմ քրեական գործ հարուցի, հարուցում է ժողովրդի դեմ։ Ե՛վ ոստիկանությունը, ե՛ւ քննչականը, ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանը նույն տիրոջ լակեյներն են, մեկը մյուսին պաս է տալիս»։
Մեր դիտարկմանը, թե Մարտի մեկից հետո միակողմանի քննություն էր գնում, «քոպի փեստերով», բայց մեղադրանքներն այսչափ ոչ կոնկրետ չէին, Համբարձումյանն արձագանքեց․ «Կարո՞ղ եք ասել՝ օրինակ, Աբրահամ Գասպարյանն ինչ էր արել, որ կանգնած տեղը գողանում տանում են, խոշտանգում են, հաշվեհարդար տեսնում։ Այսօր անգամ պետք չէ, որ քաղաքացին իրեն պաշտպանելու համար հրի ոստիկանին։ Նա կարող է հանգիստ կանգնած լինել ցույցի տարածքում, բայց նրան գետնին գցելով, այլանդակ ձեւով խոշտանգելով տանեն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի ենք հասել»։
Երեխայի մազերը քաշելը, որը ֆիքսված է տեսանյութերում, արդյո՞ք հանցագործության ապացույց չէ, ոստիկանի դեմքն էլ կա։ «Իհարկե, այն էլ՝ հետեւից։ Բայց հիմա երեւի այդ անձին մի երկու կոպեկ ավել պարգեւավճար կշպրտեն, նրանք ոստիկանությանը պետական իրավապահ համակարգից վերածել են հանցավոր խմբավորման»։ Արդյո՞ք ահուսարսափ տարածելով ավելի չեն կատաղեցնում մարդկանց։ «Նորմալ մարդկանց մեջ սա կատաղություն է առաջացնում, իհարկե։ Ոնց որ հունիսի 12-ին, երբ որ սկսեցին նռնակներ նետել, ոչ ոք չփախավ։ Սա արդեն լուրջ սիմպտոմ է»։
Կարծիքներ