Ո՞վ ես դու, Մուրադյան Գեւորգ

Ո՞վ ես դու, Մուրադյան Գեւորգ


Ըստ ԵՊՀ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է դառնալ կրթության, մշակույթի կամ տնտեսության ոլորտի ճանաչված անձ: Սա իմպերատիվ պահանջ է: Վերջերս ԿԳՄՍՆ-ի քվոտայով ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ հետագայում նախագահ դարձավ Մուրադյան Գեւորգը: Փորձեմ ներկայացնել վերջինիս, քանզի կարծում եմ, որ Մուրադյան Գեւորգը ոչ միայն ճանաչված անձ չէ, այլեւ ճանաչման խնդիր ունի: Բոլոր տվյալները, որոնք կներկայացնեմ, վերցված են հանրամատչելի աղբյուրներից:

Մուրադյան Գեւորգի «ճանաչման» գործընթացը սկսվեց որպես հյուրանոցի աշխատողի: Հյուրանոցը պատկանում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին: Վերջինս ուներ նաեւ շինանյութի խանութ: Օրերից մի օր Մուրադյան Գեւորգը հայտնվեց հենց այդ խանութում: Նա որպես վաճառող էր աշխատում էլեկտրական լամպերի բաժնում: Շատերն են հիշում, որ խորհրդային տարիներին կրթական ոլորտը նույնականացվել է լուսավորության հետ (օրինակ, կրթության նախարարությունը կոչվում էր լուսավորության նախարարություն): Միգուցե դա էր պատճառը, որ լամպերի համեստ վաճառողը հայտնվեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմի՝ կրթական ոլորտի պատասխանատուի պաշտոնում, հետո՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակ: Ամենայն հավանականությամբ, լամպերի վաճառքը եւ, հետեւաբար, լուսավորության հիմնահարցերը լուրջ ազդեցություն ունեցան Մուրադյան Գեւորգի կյանքում: Նրան հիշեցին նաեւ հեղափոխությունից հետո եւ վստահեցին մայր բուհը: 

Համադրելով Մուրադյան Գեւորգի՝ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ առկա իրավական ակտերը, պարզում ենք, որ վերջինս, այնուամենայնիվ, ճանաչված լինելու պարտավորություն ունի: Իհարկե, հյուրանոցում աշխատելը, լամպեր վաճառելը կամ ՀՀ նախկին վարչապետի հետ առերեսվելը ենթադրում է ճանաչելիության որոշակի պաշար, սակայն չեմ կարծում, որ այն բավարար է կրթության, մշակույթի կամ տնտեսության ոլորտի ճանաչված անձ հռչակվելու համար: Ավելին, կարծում եմ, որ այն շատ քիչ է:

Կրկին հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ Մուրադյան Գեւորգը հասցրել է ունենալ նաեւ երկու ձեռնարկություն՝ «Բոլցման» եւ «Մետրիկա» ՍՊԸ-ները: Թե ինչով են զբաղվում ՍՊԸ-ները՝ անհայտ է: Հանրամատչելի աղբյուրները դրա վերաբերյալ լռում են: Թերեւս բացառություն է կազմում ՀՀ կադաստրի պետական կոմիտեին մատուցած 234 հազար ՀՀ դրամի ծառայությունը, որը մատուցվել է Մուրադյան Գեւորգի ղեկավարած ՍՊԸ-ներից մեկի կողմից: Վերջիններիս զբաղվածության վերաբերյալ այլ տեղեկություններ չկան: Սակայն կա տեղեկություն, որ «Բոլցման» եւ «Մետրիկա» ՍՊԸ-ներն իրենց գոյության ընթացքում գլորած հարկային տարիները վնասով են փակում: Մասնավորապես, վերջիններս, 2018թ․ հարկային տարվա արդյունքներով, վնասներ են հայտարարագրել: 

Մի ուշագրավ փաստ եւս՝ Մուրադյան Գեւորգի «Մետրիկա» ՍՊԸ-ի հաշվապահ Մարտիրոսյան Հասմիկը «Գառնի ինվեստ» ՈւՎԿ-ի ղեկավարներից մեկն է: Նշեմ, որ «Գառնի ինվեստ» ՈւՎԿ-ի խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը ՀՀՇ-ական Բագրատ Ասատրյանն է, որը եղել է ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, ինչպես նաեւ ղեկավարել է ՀՀ բանկերի ասոցիացիան: «Գառնի ինվեստ» ՈւՎԿ-ն քաղաքացիներին տոկոսով վարկ է տրամադրում: 

Թերեւս՝ այսքանը: Այլ հանրամատչելի տեղեկություններ Մուրադյան Գեւորգի վերաբերյալ չկան: Իհարկե, կան տեղեկություններ, որոնք նկարագրում են վերջինիս էությունը, սակայն դրանք հանրամատչելի չեն: Համադրելով առկա տեղեկությունները՝ փաստում եմ, որ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի ներկայիս նախագահը, ձգտելով ճանաչված դառնալ, այդպես էլ չճանաչվեց հասարակության կողմից, թեեւ շփվեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի,

ՀՀԿ քաղաքական վերնախավի եւ այլոց հետ: Նա ճանաչված չդարձավ նաեւ, երբ սկսեց շփվել օրվա իշխանության ներկայացուցիչների հետ: Եվ խնդիրը հյուրանոցում աշխատելը կամ լամպեր վաճառելը չէ: Աշխարհում կան հռչակավոր մարդիկ, որոնք իրենց գործունեությունը սկսել են շատ ավելի ցածր սոցիալական մակարդակից: Խնդիրը շրջապատի մեջ էլ չէ: Խնդիրը հենց Մուրադյան Գեւորգի մեջ է, քանզի հնարավոր չէ չգիտակցել, որ դու գիտության մեջ Վիկտոր Համբարձումյան եւ Սերգեյ Մերգելյան, մշակույթի մեջ՝ Ռոբերտ Ամիրխանյան եւ Հովհաննես Չեքիջյան, կրթության մեջ՝ Հրաչյա Աճառյան եւ Էդուարդ Աղայան, տնտեսության մեջ՝ Հրանտ Բագրատյան կամ Խաչատուր Սուքիասյան չես: Ավելին, հնարավոր չէ չգիտակցել, որ անընդհատ հայտարարագրելով վնասով աշխատելու մասին՝ դու դառնում ես ձախողակ տնտեսվարող, դրանից բխող բոլոր հետեւանքներով, սակայն կամավոր կամ դրդմամբ զբաղեցնում ես պաշտոն, որն օրենքով պետք է զբաղեցնի ճանաչված անձ: Չեմ կարծում, որ գիտության, մշակույթի, կրթության ոլորտում անհայտ, իսկ տնտեսության ոլորտում ձախողակ (վնասով աշխատող) Մուրադյան Գեւորգը չի գիտակցում այդ ամենը: Գիտակցելով է անում կամ էլ՝ դրդմամբ: Երկու դեպքում էլ խախտվում են օրենքը եւ բարոյականության նորմերը, իսկ Մուրադյան Գեւորգը, այսպես թե այնպես, ճանաչված չի դառնում:


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ