Դատախազի սիրտը «կալանք» է ուզում

Դատախազի սիրտը «կալանք» է ուզում

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Վերջինս այնուհետև տարակուսում է․

«Գուցե դատարանները համարում են, որ կան իրավիճակներ, երբ իրավաբանությունն անպետք կատեգորիա՞ է, և պետք է այն հարմարեցնել քաղաքական կոնյու(Ն)կտուրայի քամիների ուղղությունների՞ն, թե՞ իսկապես համարում են, որ նման աղաղակող փաստերի ու ռիսկերի առկայության պայմաններում, նման որոշումը չի ընկալվելու որպես երկրում զինված հեղաշրջում իրականացնելու, արյուն թափելու ուղղակի կոչեր հնչեցնելն առնվազն յուրօրինակ կերպով արդարացնելու, ընդունելի համարելու «քարտ բլանշ» դատաիրավական համակարգի կողմից»։  

Սա ասում է գլխավոր դատախազի խորհրդականը, ա՛յն գլխավոր դատախազի, որի սեղանին է (օրեր շարունակ)  մեր լավագույն իրավաբանների ներկայացրած միջնորդությունը՝ վարչապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ձերբակալելու պահանջով (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), բայց վերջինս լուռ է։  
Խորհրդականի գրառման մեջ դատարանների հանդեպ  մեղադրանքի անթաքույց նոտաներ են հնչում․ վերջիններս բաց տեքստով մեղադրվում են զինված հեղաշրջման նման ծանր հանցագործությանն օժանդակելու, կամ առնվազն՝ հանցավոր անգործության մեջ։ Մինչդեռ գլխավոր դատախազության որևէ պաշտոնյայի, և իրեն՝ գլխավոր դատախազին,  իրավունք չի վերապահված նման կասկածների վերաբերյալ հրապարակային հասցեական հայտարարություններ անել։ 

Վերադառնալով գրառման բուն նյութին՝ նկատենք, որ Գ․ Աբրահամյանը կալանավորման որոշում է ակնկալում մեկի համար, ում զինված հեղաշրջման կոչը, այո՛, քրեորեն պատժելի, սակայն  ուղղակի մանկական չարաճճիություն է նոյեմբերի 12-ին երկրի վարչապետի՝ առաջնագծից Երևան տղերք հրավիրելու և բոլոր «վնգստացողների» հարցերը մեկընդմիշտ լուծելու կոչի դիմաց։ Որովհետև այդ կոչը քաղաքացիական պատերազմ հրահրող կոչ էր։ Որովհետև այդ կոչն անում էր ոչ թե հասարակ ցուցարարը, այլ երկրի առաջին դեմքը։ Ցուցարարի և առաջին դեմքի հանրային և պետական նշանակալիության տարբերության չափ՝ վտանգավոր էր վերջինի՛ս կոչը։
Բայց գլխավոր դատախազությունն այդպես էլ չարձագանքեց։

Նկատենք նաև, որ գլխավոր դատախազի խորհրդականի դժգոհությունը, այնուամենայնիվ, «մարդկայնորեն» հասկանալի է։ Մասնագիտական արժանապատվության ու նաև մունդիրի պատվի հարց է՝ ամիսներ շարունակ կալանքի միջնորդություններ ներկայացնել ընդդիմության զանազան ներկայացուցիչների համար և գրեթե զանգվածաբար մերժվել դատարանների կողմից։ Հասկանալի է նաև, որ գլխավոր դատախազության աշխատանքի արդյունավետության մի ցուցիչն էլ կալանքի բավարարված միջնորդությունների թիվն է, որն այս պարագայում չափազանց ցածր է, իսկ դա կարող է հարուցել «վերևի» դժգոհությունը, ավելի ճիշտ՝ հիվանդագին ցասումը։ 

Բայց գրառման մեջ ամենազվարճալին այն է, որ «քաղաքական կոնյունկտուրայի քամիների» մասին խոսում է հենց գլխավոր դատախազի խորհրդականը։