Այս փուլում ռեսուրս ծախսել Նիկոլ Փաշինյանի պես կարեւորություն չունեցող անձի օրինախախտումների վրա, արդյունավետ չէ

Այս փուլում ռեսուրս ծախսել Նիկոլ Փաշինյանի պես կարեւորություն չունեցող անձի օրինախախտումների վրա, արդյունավետ չէ

«Հայաստան» դաշինքից իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն օրերս բարձրաձայնել էր այն մասին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի և Երևանում «շրջայցի» ժամանակ կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը: Նրա մեկնաբանմամբ, ըստ էության, Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ(ծառայողական ավտոմեքենա, աշխատակազմ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ և այլն): 

Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ խախտումների մասով ինչ-որ տեղ դիմե՞լ են, պատասխանեց․ «Տեղեկություններն, որոնք «իմ ձեռքի տակ» առկա են, դրանք մամուլի հրապարակումներն են, այնքանով, որքանով որ Նիկոլ Փաշինյանը ծառաողական մեքենայով մեկնում է, նրան ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, որոնք աշխատավրձ ստանում են Պետական պահպանության ծառայության համար, ինչպես նաեւ  օգնական, խորհրդականներ, որոնք լծված են Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքացիներին ինչ-որ բան համոզելու կամ դիմումներ ստանալու-պատասխանելու գործով։ Արդեն իսկ Վենետիկի հանձնաժողովի տված հանձնարարականի հիման վրա դա համարվում է վարչական ռեսուրս»։

-Պարոն Հայրապետյանը, այդ հրապարակումները վիդեո տարբերականեր են, դրանցով հնարավոր չէ՞ ինչ-որ քայլեր ձեռնարկել։

-Իմ ասածը հիմնված է հենց այդ վիդեոների հիման վրա։  Ես որեւէ բան հիմա չեմ նախաձեռնում,  չեմ էլ պատրաստվում, որովհետեւ այս փուլում ռեսուրս եւ ժամանակ ծախսել Նիկոլ Փաշինյանի պես կարեւորություն չունեցող անձի ակնհայտորեն օրինախախտումների վրա, արդյունավետ չէ։

-Դուք միայն ուշադիր եք իշխանության կատարած խախտումների թե՞ նաեւ ընտրությանը մասնակցող մյուս ուժերի նկատմամբ։

-Ես առանձնակի սեւեռվածություն կոնկրետ քաղաքական ուժի կամ ներկայացուցիչների վրա չունեմ։ Այնքանով, որքանով  դրանք ինձ հասանելի են դառնում Ֆեյսբուքը թերթելիս կամ ինչ-որ տեղից, ժամանակ ունենալու դեպքում, դրանց արձագանքում եմ, անկախ նրանից՝ ով է կատարում օրինախախտումը։

- «Հայաստան» դաշինքում հատուկ անձինք կա՞ն, որոնք զբաղվում են նախընտրական շրջանում խախտումներ արձանագրելով։

-Կոնկրետ աշխատակիցներ չունենք, որովհետեւ փաստաբաններն, որոնք ներգրավված են գործընթացի մեջ, բացառապես նպատակ ունեն ապահովելու դաշինքի կողմից վարվող քաղաքականության եւ իրականացվող գործողությունների կամ գործառություների օրենքի տառին համապատասխանությունը։

-Տեղեկություններ կան, որ այլ ուժերի ընտրացուցակներում կան անձինք, որոնք չեն համապատասխանում ընդունված չափանիշներին, սակայն տեղ են գտել ցուցակներում, դրանց դուք ծանո՞թ եք, ուսումնասիրություն ունե՞ք։

-Կենտրոնական ընտրական հանձնաժողով կուսակցությունները եւ դաշինքները ներկայացնում են իրենց ցուցակները եւ այնտեղ ընդգրկված անձանց համապատասխան փաստաթղթերով։ Այնքանով որքանը ԿԸՀ-ի նիստը, որը ուղիղ հեռարձակմամբ էր, թույլ տվեց ենթադրել կամ հասկանալ, որ որոշ կուսակցություններ ունեն թերություններ եւ մտել են 48 ժամյա ռեժիմի մեջ, այսինքն՝ նրանց տրվել է 48 ժամ թերությունները վերացնելու համար։ Սա ենթադրվում է, որ եթե այդ թերությունները չեն հաղթահարվում, ապա այդ թեկնածուն դուրս է գալիս ցուցակից։ Բայց թե որ դաշինքի կամ կուսակության որ թեկնածուն ինչ խնդիր ունի, դրա մասին հստակ ինչ տեղեկություն չունենք։