Ամենակարեւորը չեզոք երկիր կառուցելն է
Արցախի հայազրկումը նաեւ տարածաշրջանում մինչ այդ գոյություն ունեցող ռազմաքաղաքական ճարտարապետության ձախողում է նշանակում: Այժմ արդեն կփոխվեն ոչ միայն սկզբունքները, որոնցով կառուցվել եւ ղեկավարվում էր տարածաշրջանի ճարտարապետությունը, այլ նաեւ այդ ճարտարապետությունում քիչ թե շատ նշանակալի դերակատարում ունեցող ուժերն ու նրանց դերակատարման չափը:
Այս առումով որքան էլ Ռուսաստանում փորձեն արցախյան վերջին զարգացումները ներկայացնել որպես «միայն Հայաստանի ռազմաքաղաքական ձախողում», միեւնույն է` այն նաեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտությունն է: Գուցե, կարճաժամկետ կտրվածքով ռուսներին թվա, թե ընթացող գործընթացներում իրենք եւս շահող կողմ են, բայց համոզված ենք, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ ռուսները կհամոզվեն, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, առաջին հերթին իրենց ռազմաքաղաքական պարտությունն է, եւ դրա մեղավորներին պետք է փնտրել ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում:
Այո, արցախյան ռազմաքաղաքական ձախողումը ռուսական քաղաքականության ձախողումն է: Քաղաքականություն, որն այդպես էլ մնաց 19-րդ կամ, լավագույն դեպքում՝ 20-րդ դարում: Քաղաքականություն, որը վերջին 30 եւ ավելի տարիներին այդպես էլ չընդունեց այն, որ 21-րդ դարում գերտերությունները գերտերություն են մնում ոչ թե իրենց դաշնակիցների աղքատությունն ու թուլությունը, այլ նրանց տնտեսական, ռազմաքաղաքական ու տեխնոլոգիական առաջընթացն իրենց կապելով: Չընդունեց եւ թույլ չտվեց, որ անցած տարիներին Հայաստանում ձեւավորվի մի իշխանություն, որը զբաղված լինի ոչ թե Ռուսաստանին դուր գալու, այլ երկրի արդյունաբերական ու գիտաարտադրական պոտենցիալը մեծացնելու գործով:
Սակայն դա արդեն Ռուսաստանի խնդիրն է ու նրա ձախողումը: Իսկ մեր խնդիրն այսօր «չեզոք Հայաստանի» կառուցումը պետք է լինի: «Չեզոք Հայաստանի», որովհետեւ դրա այլընտրանքը «Հայաստանի ուկրաինացումն» է: «Ուկրաինացում», որն անկառավարելի զարգացումների եւ անկանխատեսելի հետեւանքների հսկայական ներուժ ունի: Մենք չգիտենք՝ գուցե այսօր իրոք անհրաժեշտ է ՀԱՊԿ-ից դուրս գալ: Ավելին, գուցե այսօր հենց այն պահն է, որ Հայաստանը պահանջի ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից․ դա տեղեկատվության տիրապետման եւ հաշվելու հարց է: Բայց դուրսբերման այդ պահանջը չպետք է լինի միայն այն պատճառով, որ Ռուսաստանը մեզ հետ վատ է վարվել, որ մենք շատ ենք ուզում «պատժել Ռուսաստանին»:
Եթե, իրոք, այդ քայլն անելու պահը հիմա է, ապա պետք է այդ քայլի ռազմաքաղաքական ու տնտեսական հետեւանքների հաշվարկման պահը եւս հիմա լինի:
Եվ հարցը հիմա ամենեւին էլ այն չէ, որ չի կարելի Ռուսաստանից պահանջել, որ նա հեռանա Հայաստանից, այլ այն, որ դա չի կարելի անել միայն այն պատճառով, որ այդպես են ուզում, կամ այդպես է հարմար տարածաշրջանով հետաքրքրված մյուս ուժի կենտրոններին: Խոսքն այն մասին է, որ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «չեզոքության ռեժիմի» բերելու գործընթացը «վատ սիրեկանի գրկից լավ սիրեկանի գիրկը նետվելու» նման ստացվի: Այս պետությունը, ի վերջո, արդեն 30 եւ ավելի տարիների պետություն է, եւ վաղուց արդեն ժամանակն է, որ այլեւս հաղթահարի «տերեր փնտրելու» բարդույթը: Եթե պետք է, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից, ապա պետք է հեռանա ոչ թե ուրիշի հետ՝ «Ռուսաստանի հետ մինչ այժմ ունեցած հարաբերությունների նման» հարաբերություններ հաստատելու համար, այլ չեզոք եւ հնարավորինս ինքնուրույն երկիր դառնալու համար:
Այս իմաստով Հայաստանի չեզոքությունը, անշուշտ, ռազմաքաղաքականության եւ առեւտրատնտեսական բազմավեկտորության քաղաքականություն պետք է լինի: Բայց այն չի կարող նաեւ կողմերից մեկի հետ ունեցած իր հարաբերությունները մեկ ուրիշի հետ ունեցած հարաբերությունների պատանդը դարձնող չեզոքություն լինել: Հենց սա է, որ մենք պետք է կարողանանք բացատրել Ռուսաստանին եւ պետք է կարողանանք հասկացնել, որ եթե մենք անգամ հիմա ենք կարողանում հասկանալ, որ Ռուսաստանի հետ մեզ հարյուրամյակներով հաշվվող համագործակցության պատմություն է կապում, ապա Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ այսօր եթե Հայաստանը հեռանում է իրենից, ապա դա չի անում ուրիշներին, առավել եւս՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդներին ավելի մոտ լինելու կամ Ռուսաստանին դավաճանելու համար:
Այլ դա անում է, քանի որ այս վերջին իրադարձությունների պատճառով այնպես է ստացվել, որ Հայաստանում այսօր ավելի շատ հավատում են ոչ թե Ռուսաստանի «փրկչական առաքելությանը», այլ հայ-ռուսական հարաբերություններում առկա տնտեսական ներուժին:
Բայց միայն Հայաստանը Ռուսաստանից հեռացնելով չէ, որ պետք է աչքի ընկնի Հայաստանի չեզոքությունը: Հայաստանի չեզոքությունը պետք է ավելին լինի, քան Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորող չեզոքությունը: Հայաստանի չեզոքությունը չի կարող «ինքն իրեն պաշտպանել չկարողացող» չեզոքություն լինել, որքան էլ առանձին շրջանակներ փորձեն մեր չեզոքության հաջողվածությունը «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» տեսքով ներկայացնել։ Մենք գիտենք, որ «պաշտպանվել չկարողացող» չեզոքությունները հաջողված չեզոքություններ լինել չեն կարող: Հաջողված լինել՝ նշանակում է «պաշտպանվել կարողացող» եւ «ուժից եկող» չեզոքություն: Եվ այս առումով, ինչպես մեր բոլոր հարեւանները, այնպես էլ բոլոր երկրները, ում հետ կհամագործակցի Հայաստանը, պետք է իմանան, որ Հայաստանի չոզոքությունը «երկխոսության ձգտող», բայց նաեւ «պաշտպանվել կարողացող» չեզոքություն է: Այդ չեզոքությունը «դեմի տրամաբանությամբ» չի գործում, բայց նաեւ իր «կարմիր գծերը» չի զիջում:
Իհարկե, Հայաստանն այդպիսի չեզոքության չի կարող հասնել, եթե չկարողանա այդ գործի համար մոբիլիզացնել համահայկական ողջ ներուժը, եթե չփոխվի ինքը, եթե թե՛ դրսում եւ թե՛ ներսում չվստահեն նրան: Համազգային ներուժը մոբիլիզացնելու, վստահելի լինելու կարողությունն այսօր իրոք որ կարեւոր է: Այնքան կարեւոր, որ առանց այդ կարողությունն ունենալու Հայաստանը չես փրկի: Բայց արի ու տես, որ այդ կարողությունը հենց այն կարողությունն է, որով Հայաստանի օրվա վարչախմբին չես բնորոշի: Չես բնորոշի, որովհետեւ օրվա վարչախումբն այդ կարողությունը չի ունեցել հենց ամենասկզբից: Չի ունեցել, ուրեմն ի սկզբանե սխալ էր նրա գալը, իսկ քանի որ այդ հմտությունները չի սովորել մինչեւ հիմա, ուրեմն այսօր սխալ է նաեւ նրա մնալը: Ու նա պետք է հեռանա: Հեռանա արագ, որովհետեւ Հայաստանը հապաղելու կամ ուշանալու իրավունք այլեւս չունի:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ