Ազգային առաջնորդը պետք է «ազատ փոխարկելի» լինի

Ազգային առաջնորդը պետք է «ազատ փոխարկելի» լինի

Ժողովրդավարության թյուրըմբռնումը հանգեցրել է զավեշտի: Ոմանց թվում է, թե ընտրութ­յուն­ների միջոցով իշխանության գալը բավարար է, որպեսզի այս կամ այն անձնա­վորությունը դառնա ազգի, պետության առաջնորդ: Իրավական տեսանկյունից՝ այդպես է: Բայց դա բավարար է «ներքին օգտագործման» առաջնորդի պարագայում: Խնդիրը նրանում է, թե այդ նույն հասարակության փոքր հատվածը, որը մշակութային բարձր մակարդակ ունի, որքանով կընդունի առաջնորդի հատկա­նիշներից զերծ անձնավորությանը` որպես այդպիսին: Այստեղ խոսքը բոլորովին էլ այն առաջնորդների մասին չէ, որոնց իբր պատրաստում են ինչ-որ կասկածելի «դպրոցներ»:

Ուզես, թե չուզես, պետք է հաշվի նստել նաև ու հատկապես արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ քո ազգային առաջնորդը պետք է «ազատ փոխարկելի» լինի: Թեև այս արտահայտությունն օգտագործվում է ազգային արժույթների առնչությամբ, այս դեպքում նկատի պետք է ունենալ այլ բան. ընդունելի՝ մյուս առաջնորդների, միջազգային հանրության կողմից: Պետության առաջ­նորդը պետք է ունենա զարգացման պատշաճ, այլոց կողմից ընկալելի մա­կարդակ, խորաթափանցություն, իմաստ­նություն, սկզբունքայնություն, դիրքորո­շումներում՝ հստակություն, պատրաստ լինի ամեն տեսակի փորձության, ինքնազոհողության՝ պետական ու ազգային շահերի պաշտպանության հարցերում: Նա պետք է լինի մի անձնավորություն, ում հետ հաճելի ու օգտակար է միջպետական կամ աշխարհաքաղաքական ինչ-որ հարցեր քննարկելը, ում հնարավոր չլինի չհարգել, և երբևէ որևէ մեկի մտքով չանցնի թույլ տալ վիրավորական արտահայտություն նրա կողմից ղեկավարվող պետության հասցեին:  

Որոշ արտաքին ուժերի, ակնհայտորեն, պետք չեն նշված հատկանիշներով ազգային առաջնորդներ, որոնք հարգանք են վայելում հավասարապես հասարակության բոլոր խավերի կողմից, հետևաբար՝ ստանում են նրանց անվերապահ աջակցությունը՝ պետության ապագային առնչվող բախտորոշ որոշումներ կայացնելիս: Խնդիրը հանգում է նրան, որ այդպիսի ուժերի ցանկությամբ չէ, որ պետք է առաջնորդվել, եթե ազգային արժանապատվության գիտակցումը բարձր է, ազգային արժեքները՝ անքննելի:

Հետևաբար, թեև ուշացած, արդեն երեք տասնամյակ, բայց ժամանակն է գիտակցել, որ պետության տվյալ պահի յուրաքանչյուր ղեկավարի կարևոր գործառույթներից է իրեն փոխարինող պատրաստելը: Նույնկերպ՝ պետական կառավարման բոլոր օղակներում, որտեղ պետք է ձևավորվեն ապագա ղեկավարների, առաջնորդների ռեզերվներ, որպեսզի ամեն անգամ չհայտնվենք արտավոր շրջանում. «եթե ոչ նա, ապա՝ ո՞վ»:

Մի կարևոր հանգամանք ևս: Շարունակականություն (ռուսերենում՝ приемственность): Եթե պետության հիմքերն ամուր են, իսկ նրա զարգացման ուղղությունը հստակ նախանշված, ապա իշխանության կամ առանձին ղեկավարների փոփոխությունը ոչ մի կերպ չեն կարող ու չպետք է ազդեցություն ունենան, քանի որ պետական ինստիտուտները կարգաբերված կլինեն՝ ելնելով դրանից, իսկ մեկ առանձին վերցրած ինստիտուտ ի վիճակի չի լինի բացասաբար ազդելու մյուս ինստիտուտների վրա, փոխելու ինչ-որ բան: Խնդիրը կարող է հանգել նախանշված ուղղությամբ ընթանալու արագությանը և արդյունավետությանը: Իշխանափոխությունն էլ պետք է կատարվի հենց այդ չափանիշներից ելնելով: Դե, իսկ այնպիսի տապալումների կամ ապաշնորհ առաջնորդների պարագայում, ինչին ականատես ենք տարիներ շարունակ, խոսք անգամ չի կարող լինել տվյալ ղեկավարի կամ իշխանության հետագա պաշտոնավարման մասին: Ու դա պետք է որոշեն ոչ թե ընտրողները, ինչին բանը չպետք է հասնի, այլ այդպիսի ղեկավարների և իշխանությունների գիտակցական բարձր մակարդակը, ինչը հնարավորություն կտա եզրահանգելու, որ տվյալ իրավիճակում պաշտոնավարելը վնասում է ազգային շահերին, կասեցնում պետության բնականոն զարգացման ընթացքը, նրան շեղում նախանշված ուղուց:

Գագիկ Վարդանյան