Ասել են` ով մեր Նիկոլին դեմ գնաց, լավ չի լինի ու հարձակվել են

Ասել են` ով մեր Նիկոլին դեմ գնաց, լավ չի լինի ու հարձակվել են

Արդեն տեղեկացել ենք, որ առաջին շաբաթվա ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ։ Շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեցին նախաձեռնության համակարգողները։

«Հինգ լիարժեք օրվա ընթացքում մենք հավաքել ենք 14 800 ստորագրություն, որից 10 հազար ստորագրություն հավաքել ենք Երևանի 12 վարչական շրջաններում, 4500 ստորագրություն հավաքել ենք մարզերում, ցավոք, մեր ծածկույթը դեռ փոքր է, 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային եղանակով»,- նշել է Ավետիք Չալաբյանը եւ հիշեցրել, որ ստորագրահավաքի ավարտին դեռ վեց շաբաթ կա, եթե այս տեմպով շարունակվի, ապա նախաձեռնության անդամների նախատեսածից կրկնակի թվով ավելի ստորագրություններ կհավաքվեն։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, թիվը կարող է և աճել, և նվազել, բայց նման տեմպը մեզ լավ մեկնարկային պայմաններ է տալիս»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ստորագրահավաքին արդեն միացած քաղաքացիներին, խոստանալով ստորագրություններն ըստ էության օգտագործել։ Նա նաեւ ընդգծել է, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է, ստորագրահավաքին միացածները որևէ կուսակցությանն իրենց աջակցությունը չեն հայտնում, այլ ստորագրում են օրենսդրական նախաձեռնության ներքո։ 

Իսկ այսօր տեղեկացանք, որ Մարտունիում «Հայաքվեի» անդամները, այդ թվում` լրագրող Նաիրի Հոխիկյանը, ինչ-որ տղամարդկանց կողմից հարձակման են ենթարկվել, վերջիններս փորձել են խոչընդոտել ստորագրահավաքը եւ ճնշում գործադրել ստորագրողների վրա: 

Մենք զրուցել ենք «Հայաքվե» նախաձեռնության հեղինակներից մեկի` Արամ Պետրոսյանի հետ:

- 2 օր առաջ տեղեկացանք, որ 15 հազար ստորագրություն է հավաքվել արդեն: Հետաքրքիր է` ստորագրահավաքի տեղամասերն ընդլայնելո՞ւ եք, դրանք շատացնելու ծրագիր կա՞: Հայաստանում շատ են վարչական շրջանները, համայնքապետարանները, բայց ստորագրահավաքը հատուկենտ տարածքներում է իրականացվում:

- Կա, իհարկե, հենց վաղն Աշտարակ քաղաքի համայնքապետարանում տեղամաս կբացվի: Վաղն առավոտյան 9-ից աշտարակցիները կարող են մասնակցել նախաձեռնությանը: Հենց հիմա ես ճանապարհին եմ, Աշտարակ եմ գնում:

- Մենք տեղեկացանք, որ Արմավիրի մարզում ստորագրողները բավականին պասիվ են: Ինչո՞ւ:

- Դեռևս միայն Արմավիր քաղաքում է նախաձեռնությունը գործում: Էջմիածնում էլ մոտակա օրերին տեղամասը կբացվի:

- Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տարածք տրամադրե՞լ է:

- Այո, միայն չորս համայնք է մերժել: Մնացած բոլորը տվել են համաձայնություն: Արդեն մեր խնդիրն է: Պետք է հասցնենք:

- Ստորագրողների հոսքն այսօրվա դրությամբ ի՞նչ վիճակում է:

- Նորմալ է: Նույն տեմպով շարունակվում է: Տարբերությունն այն է, որ մի տեղ կարող է տասը քվե պակաս լինել, մի տեղ` 30 քվե ավել:

- Իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում այլ տեղամասեր բացելու ծրագիր չկա՞:

- Հնարավորություն չկա օրենքով: Օրենքն ասում է, որ միայն թույլատրվում է այն իրականացնել թաղապետարաններում: Ցանկություն կա ընդլայնելու, սակայն օրենքը թույլ չի տալիս: Մենք շատ կուզեինք գոնե հանրային վայրերում էլ լինեին տեղամասեր:

- Այսօր առավոտյան Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա: Տեղյա՞կ եք, թե ովքեր են սադրիչները: Գուցե այլ համայնքներում և՞ս կան սադրիչներ:

- Սադրանքներ չեն եղել նման ձևով: Եղել են մեկ-երկու դեպք, որ ավելորդ բան ասեն, բայց նման սադրանք չի եղել: Ամեն կերպ փորձում ենք չգնալ կոնֆլիկտի:

- Ո՞ր համայնքներում են հրահրել:

- Չեմ հիշում, քիչ են նման դեպքերը:

- Ովքե՞ր են եղել Մարտունիում հարձակվողները, տեղյա՞կ եք:

- Ասել են` ով մեր Նիկոլին դեմ գնաց, լավ չի լինի: Այստեղից կարելի է ենթադրել, որ իշխանական շրջանակներից են: