Դիտարկելով վարչապետի աթոռից կառչած անձի վարքագիծը․․․

Դիտարկելով վարչապետի աթոռից կառչած անձի վարքագիծը․․․

Նախկինների օրոք, որքան հիշում եմ, հակակոռուպցիոն կազմակերպություններն ակտիվորեն վեր էին հանում պետական պաշտոնյաների հետ առնչություն ունեցող՝ ոչ միայն կաշառքի, այլև հովանավորչության, շահերի բախման, մեկ անձից գնումների և բազմաթիվ այլ հակաօրինական երևույթները: Քանի որ դրանք բոլորը կոռուպցիա կոչված մեծ երևույթի դրսևորումներ էին: Իսկ ես դա լավ եմ հիշում, քանի որ շուրջ երկու տասնամյակ այդ կազմակերպություններից մեկի աշխատակիցն էի: Հիշում եմ նաև՝ չնայած այդ մեկը բոլորն են հիշում, որ ընդդիմադիր լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլն այդ հարցում դատապարտում էր գործող իշխանությանը՝ քարը քարի վրա չթողնելով: Եվ իշխանության եկավ առաջին հերթին հենց կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ շաղ տալով: Ու որպեսզի այդ չարիքի դեմ պայքարն արդյունավետ լինի՝ նախաձեռնեց դրա ինստիտուցիոնալացման գործընթացը: Առաջին հերթին  գործարկվեց դատավորներին «վեթինգելը» (զտելը), այնուհետև ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեն, նշանակվեցին հակակոռուպցիոն ջահել դատավորներ, ընդունվեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը: Ի դեպ, օրերս այն Սահմանադրական դատարանի կողմից «ստացավ» անբավարար: 

Հիշեցնեմ, որ ՍԴ որոշման համար պահանջվեց երկու-երեք տարի՝ հաշվի առնելով, որ այդ դատարանի անդամները՝ մեկ-երկուսի բացառությամբ, Նիկոլի սրտի դատավորներ են: Ինչևէ, ինչպես սովորաբար տեղի է ունենում փողոցից իշխանության եկածների դեպքում, այդ ամենը հիմնականում ուղղվեց ընդդեմ նախկինների: Ինչը, կարծում եմ, խիստ բնական երևույթ է, քանի որ վաղուց անցյալում է մնացել այն ժամանակը, երբ ասվում էր, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Որովհետև սեփական շրջապատում կոռուպցիոն դրսևորումներ փնտրելը չի կարող չհարվածել հենց գլխավոր իշխանավորի՝ «մեծարգո վարչապետի» հեղինակությանը: Հատկապես եթե հաշվի ենք առնում, որ լիազորությունների ի շահ օգտագործման, ինչը ևս կոռուպցիոն հանցագործությունների շարքում է, երևույթն անմիջապես առնչվում է հենց վերը նշված գլխավոր իշխանավորին: Որին, ի դեպ, իր շրջապատում դիմում են որպես «մեծարգո վարչապետի», չնայած թե որն է նրա մեծարգո լինելու հիմքը՝ ասողներն էլ կդժվարանան արձանագրել:
Այս մտորումների պատճառ դարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նահապետյան Արթուրին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցը: Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյան Հայկի՝ «Հայփոստում» աշխատող տիկնոջ՝ վերջին երեք տարիների ընթացքում աշխատավարձի զգալի աճով. 2021-ին այն կազմել է մոտ 6.8 միլիոն դրամ, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին հասել է 10.5 միլիոն դրամի։ Իսկ անցյալ տարի տիկինը նշանակվել է «Հայփոստի» տնօրեն։ Ինչը, բնականաբար, տեղի չէր ունենա, եթե Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար: 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ըստ «Հրապարակի», պատասխանել է, որ չի կարող մեկնաբանել ներկայացված հարցադրումը՝ նշելով, որ այն տվյալների վրա չի հիմնվում, որոնք կկարողանային վկայել կոռուպցիոն բնույթի որևէ հանցանքի մասին։ Կարելի էր ենթադրել, որ կոմիտեի նախագահը ծանոթ չէ կոռուպցիոն հանցագործությունների ցանկին, որ ամբողջացվել էր դեռևս նախկինների օրոք: Բայց քանի որ այդպես լինել չի կարող, ավելի հավանական է այն պնդումը, որ վերջինս չի կարող դիրքորոշում հայտնել այդ երևույթի առնչությամբ: Որովհետև, նախ, տիկնոջ ամուսինը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավարն է, ով վայելում է «մեծարգո վարչապետի» ամբողջական վստահությունը: Եվ՝ երկրորդ, ինչը շատ ավելի կարևոր է, եթե հակակոռուպցիոն քննիչներն անդրադառնային այդ հարցին, ապա չէին կարող բաց թողնել «մեծարգոյի» քաղաքացիական կնոջ քեյսը (գործ, դեպք, փաստ) կուսակցական կամ մասնավոր հիմնադրամով հայաստանյանյան գործարարներից հսկայական դրամաշնորհներ ստանալու վերաբերյալ: Ինչը, բնականաբար, տեղի չէր ունենա, եթե վերջինիս քաղաքացիական ամուսինը չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը:

ՀԳ.  Ավելացնեմ, որ հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնում» Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, դժբախտաբար, կարող են քննել միայն նախկինների՝ թեկուզ լինեն դրանք քաղաքականապես չեզոք, ներկա ընդդիմադիրների և «մեծարգո վարչապետի» վստահությունը կորցրած՝ նախկին յուրայինների գործունեությունը: Ինչից, բնականաբար, տեղյակ է նաև տիկին Թովմասյանը, բայց որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ նա պարտավոր է նման հարցեր տալ իշխանավորներին ու օգտվում է հարցեր տալու իր իրավունքից: Քանի դեռ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների անդամներին չեն զրկել այդ իրավունքից, ինչը չի կարելի բացառել՝ դիտարկելով վարչապետի աթոռից կառչած անձի վարքագիծը: