Շուշին «անարժեք բան» ասողը Զարթոնք գյուղի բնակիչ է

Շուշին «անարժեք բան» ասողը Զարթոնք գյուղի բնակիչ է

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ, Զարթոնք համայնքի հարևանությամբ, ժանրի կանոնների համաձայն, Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցրել էին մի խումբ անձինք, որոնք հորդորում էին «մի քիչ սեղմել», «թավիշին» վերջ տալ և այլն։ Փաշինյանին դիմավորողների խմբում է եղել նաև ամիսներ առաջ կառավարության դիմաց ի աջակցություն վարչապետի բողոքի ակցիա անող երիտասարդը, որն ասում էր, թե՝ «Շուշին հայերի համար անարժեք բան է»։ 

Մենք պարզեցինք, որ այդ անձի անունը Սահակ է, նա Զարթոնք համայնքի բնակիչ է։ Արմավիրից մեզ փոխանցեցին, որ տղայի պահվածքը և հայտարարությունները, մեղմ ասած, համայնքի բնակիչների սրտով չեն եղել, և երեկ, երբ նա կրկին մասնակցել է Փաշինյանի «ՓիԱռ» ակցիային, փորձել են նրան ծեծի ենթարկել։ 

Զարթոնքի համայնքապետ Սամվել Աղաջանյանը հաստատեց, որ Սահակն իրենց գյուղի բնակիչ է, սակայն ասաց, որ վերջինիս չեն ծեծել․ «Նման բան չի եղել, դե ինքը մի քիչ ուղեղից թույլ տղա ա, կարևորություն չեն տվել, երկու եղբայր են, մեկը հազիվ է քայլում, հաշմանդամություն ունի, մյուսն էլ էդպես»,- ասաց համայնքապետը։

Հարցրինք՝ իրենց համայնքից երեկ Փաշինյանին դիմավորողներ եղե՞լ են, ինքը դիմավորե՞լ է․ « Իհարկե եղել են, այո, ես էլ եմ գնացել»,- պատասխանեց Աղաջանյանը։ Որպես համայնքապետ աջակցո՞ւմ եք Փաշինյանին․

«Ես ընդհանրապես կուսակցական չեմ, ոչ մի կուսակցության չեմ հարում։ Գիտեք՝ ես հիմա չեմ կարող ասել, թե որպես ինչ էի գնացել դիմավորելու, բայց ես կուսակցական չեմ, չեզոք մարդ եմ»,- պատասխանեց համայնքապետը։ Հարցրինք նաև՝ շա՞տ մարդ էր եկել Փաշինյանին դիմավորելու․ «Դե, 2 գյուղ էր եկել, ահագին հարցեր բարձրացրինք»,- ասաց համայնքապետը։