Նիկոլ Փաշինյանը որոշել է մոտ ապագայում հեռանա՞լ, թե՞ պաշտպանվում է «թշնամիներից»

Նիկոլ Փաշինյանը որոշել է մոտ ապագայում հեռանա՞լ, թե՞ պաշտպանվում է «թշնամիներից»

Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել ԱԱԾ արխիվի որոշ նյութեր, թե ինչ բնույթի, կարելի է միայն կռահել։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկեց եւ ընդունեց կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծը, որով ճանապարհ է բացում վերոնշյալ գործընթացի համար՝ ԱԱԾ-ին շնորհվում է արխիվները ոչնչացնելու լիազորություն։ Մինչ այդ գործող օրենսդրությունը սահմանում էր՝ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։ Կառավարության առաջարկով այդ ձեւակերպումը փոխվեց․«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում  են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

Ինչպես եւ սպասվում էր՝ բուռն քննարկումներ ծավալվեցին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախագծի հիմնական զեկուցող, ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց․ «Օրինակ, ԱԱԾ-ի հետ համագործակցել է «Ալֆա» անունով մեկը։ Հիմա ձեր առաջարկած փոփոխությամբ կարո՞ղ է պատահել, որ ինչ-որ իրավական ակտով մի օր ոչնչացվեն «Ալֆա»-ի համագործակցությունն ԱԱԾ-ի հետ հավաստող փաստաթղթերը»։ Անդրանիկ Սիմոնյանը պարզաբանեց․ «Ոչնչացման համար որեւէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, եւ այս փոփոխությունն արվել է այն տրամաբանությամբ, որ ունենանք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Խնդիրն ինչո՞ւմն է, ձեր տագնապը չեմ հասկանում»։

Գեղամ Մանուկյանը բացատրեց․ «Գաղտնի ծառայություններում ինչ-որ պահի կարող են գաղտնազերծել որեւէ անձի գործունեություն։ Այդպես եղավ հայտնի հետախույզներ Վարդանյանների դեպքում։ Բայց այս օրենքով ԱԱԾ-ին իրավունք է տրվում ոչնչացնել փաստաթղթերը»։ Անդրանիկ Սիմոնյանն անդրդվելի մնաց․ «Շատ լավ։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ-որ մեկը չի տանելու ինչ-որ թուղթ պատռի ու գցի»։ Ապա Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց պնդումը բավականին հստակ էր․ «Կարո՞ղ է մի օր պարզվել, որ ոչնչացրել են արխիվային այնպիսի նյութեր, որոնք կարող էին բացահայտել գործակալական ցանցեր։ Այդ ո՞ր օրենքն է սահմանում գաղտնի տեղեկությունների ոչնչացման ընթացակարգ»։ Օգտվելով ելույթի իրավունքից՝ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ սրանով ԱԱԾ-ն հնարավորություն կունենա ոչնչացնել այն նյութերն ու փաստաթղթերը, որոնք երբեւէ առնչվել են այն անձանց, որոնք ինչ-որ ժամանակում համագործակցել են ԱԱԾ-ի հետ, հետեւաբար, այդ նյութերի ոչնչացման պարագայում կբացառվի նման անձանց հանդեպ հնարավոր քրեական հետապնդումը։ Ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսին լրացնելով, օբյեկտիվ հարցադրումներ էին հնչեցնում՝ հանրության մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է այն լուրջ հիմնավորումը նման փոփոխության, ի՞նչն է պատճառը, որ օրենքով ԱԱԾ տնօրենին իրավունք են վերապահելու նման փաստաթղթերը ոչնչացնել, այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ որոշել են հրատապության ռեժիմով այս նախագիծը բերել, զեկուցել մի քանի րոպեում․ «Չեմ հասկանում, թե հիմա ինչու եք դնում գործակալների բացահայտման խնդիրը, որովհետեւ եթե չլինեն գործակալներ, հատուկ ծառայությունները ոչինչ չեն կարող անել՝ ինչ վերաբերում է փաստաթղթերի ոչնչացմանը», զարմացավ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եզրափակիչ ելույթում ընդդիմության մտահոգություններին անդրադառնալով, հույս հայտնեց, որ նրանցից որեւէ մեկն իրավաբանի կրթություն չունի։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցանկացավ հստակություն մտցնել․ «Այսինքն, նոր կարգավորմամբ չի լինելու փաստաթուղթ, որը նախկինում հնարավոր չէր առանց գաղտնազերծելու ոչնչացնել, իսկ հիմա հնարավոր է»։ Անդրանիկ Սիմոնյանը դրական պատասխան տվեց․ «Այո, որեւէ նոր բան չկա»։

Ռուբինյանը հավելեց․ «Կարծում եմ՝ կարեւոր հարցի պատասխանը ստացանք։ Չեմ հասկանում, թե էությունը թողած՝ ինչու էիք կես ժամ խոսում գործակալների մասին, ու պարզ չէր, թե որ գործակալների»։ Արծվիկ Մինասյանը մինչեւ օրինագծերի քվեարկությունն արձագանքեց ԱԱԾ փոխտնօրենին․ «Մեր խմբակցությունում շատ են իրավաբանական կրթություն ստացած անձինք, այդ թվում՝ ես։ Ի տարբերություն պարոն Սիմոնյանի, մենք այդ կրթությունը ստացել ենք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բարձրակարգ դասախոսների կողմից եւ այդ ուժով ենք հարցադրումներ հնչեցնում։

Սահմանադրությունը սահմանում է, որ լիազորող նորմերը պետք է լինեն բավականաչափ հստակ, եւ մեր բարձրաձայնածը դրա մասին էր»։ Արծվիկ Մինասյանը սխալ հանեց պաշտոնյային ասելով, որ նա խեղաթյուրում է փաստերը․ «Սիմոնյանի վկայակոչած իրավական ակտերում խոսվում է ոչնչացման մասին՝ միայն դրանց գաղտնազերծումից հետո։ Իսկ այս ձեւակերպմամբ՝ «գաղտնազերծում կամ ոչնչացում», ստացվում է, որ նյութը կարող է ոչնչացվել՝ առանց գաղտնազերծման»։

Ի դեպ, օրակարգ բերված այս փոփոխությունների թեման երեկ ընդդիմադիր շրջանակներում սյուռ քննարկումների դաշտ էր բացել, ոմանք մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, որ կամ Նիկոլ Փաշինյանը որոշել է մոտ ապագայում հեռանալ, իսկ մինչ այդ մտադիր է մաքրել հետքերն իր հետեւից, կամ էլ արտաքին հետախուզական կենտրոնների բացահայտումներից վախենալով՝ որոշել են վերացնել որոշ կարեւոր նյութեր։