Հալեպում դեկտեմբերի 15-ից դպրոցները կսկսեն գործել եւ տագնապը կհեռանա
Սննդի խնդիր չկա, հացը առատ է։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սիրիայում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերի գլխավոր խմբագիր, հալեպահայ Զարմիկ Պողիկեանը։ Նա նշեց, որ առաջ կարող էին հաց գնել միայն սահմանված չափով` հատուկ քարտեր կային, որոնցով գնում էին հացը։ Հիմա հացը թխվում է, ցանկացողը սրտի ուզածի չափ կարող է հաց գնել, իհարկե, հացի գինն է փոքր-ինչ բարձրացել։ «Հացը, սննդամթերքը առատ է։ Մի քիչ աշխատանքի խնդիր կա, որոշակի անորոշություն կա, դեռ բաներ կան, որ կարգավորված չեն՝ ժամանակ է պահանջվում։ Անցումային կառավարության առաջին քայլերն են։ Էլեկտրականություն օրվա ընթացքում միայն երկու ժամ ունենք, վառելանյութ չունենք՝ ձմեռ է հիմա, հավանաբար պետք է մի քիչ սպասենք՝ սպասողական վիճակ է։ Ամեն ինչ չի կարող միանգամից հունի մեջ ընկնել, հսկա պետություն է, մեծաթիվ ժողովուրդ՝ դյուրին չէ կառավարելը։ Անցումային կառավարությունը հրավիրեց պաշտոնյաներին, որպեսզի առանց վախի գան և աշխատեն, պետական մարմիններն ու գերատեսչությունները փորձում են աստիճանաբար աշխատեցնել, որպեսզի քայլ առ քայլ կայունանա վիճակը, որ տնտեսությունը աշխատի»,-ասաց Պողիկեանը։ «Գանձասարի» գլխավոր խմբագիրն ասաց, որ հավանաբար դեկտեմբերի 15-ին դպրոցներն էլ կսկսեն գործել, թե արաբական, թե հայկական։ Զարմիկ Պողիկեանն ասաց, որ ժամանակի խնդիր կա ու ենթադրություններ անել պետք չէ, պետք է տեսնել, թե ինչպես կաշխատեցնեն։
«Տվել են անվտանգության երաշխիքներ։ Իրենց խոսքի համաձայն իրենք Սուրիայի հասարակության միասնությունը պիտի փորձեն պահել՝ խնդիր չունեն ժողովրդի հետ և փոքրամասնությունների իրավունքները պիտի փորձեն ապահովել և անվտանգությունը։ Ասում են՝ մեզ համար կարևոր է, որ ժողովուրդը միասնական մնա, այսպես են հայտարարում, այնպես որ պիտի սպասենք: Ժամանակը ցույց կտա, ինչպես խոստումներին հավատարիմ կմնան, ինչպես պետությունը աստիճանաբար պետք է ոտքի կանգնի։ Հիմնականը պետական հասատությունների ամուր մնալն է, եթե դա ամուր մնա, հաստատությունները աշխատեն բնականոն ձևով, կարծում եմ, տնտեսությունն էլ ուշքի կգա ու այսպես շղթայական կտարածվի»,-ասաց Պողիկեանը։
Հետաքրքրվեցինք` Սիրիայում կա՞ն հայեր, ովքեր մտածում են Սիրիայից հեռանալու մասին, ասաց, որ կան, ովքեր Հայաստանում բարեկամներ ունեն կամ տուն ունեն Երևանում, ու կան ընտանիքներ, որ ծրագրում են Հայաստան մեկնել։ «Բայց մեծ ընտանիքներ ունեցողները, ովքեր աշխատանք ունեն այստեղ, փորձում են վերադառնալ իրենց աշխատանքին ու ապրել, հաստատությունները, դպրոցները պիտի քիչ-քիչ բացվեն ու սկսեն գործել։ Արդեն որոշ հայկական կառույցներ սկսեցին աշխատել, օրինակ, եկեղեցիները, միութենական, բարեգործական հաստատությունները սկսեցին իրենց աշխատանքը, Առաջնորդարանն է աշխատում շատ ակտիվ։ Հիմա չկա այդ մեծ փափագը կամ մեծ ալիքը՝ դուրս գնալու ցանկացողների, բայց կան ընտանիքներ, որոնց տնտեսական վիճակը կայուն է ու դյուրին է լքել երկիրը, այլ տեղ նոր կյանք սկսելու համար՝ պիտի մեկնեն բնականաբար»,-ասաց «Գանձասարի» գլխավոր խմբագիրը։
Նա շեշտեց, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո հայերի հետ որևէ խնդիր չի արձանագրվել։ Քաոս էր երկրում, որովհետև դրանից օգտվողներ կային՝ հրկիզում էին, որոշ տեղերում թալան էր գնում, նախագահական պալատը թալանեցին, սակայն դա կանգնեցնելու համար ևս կարգ ու կանոն է պետք հաստատել։ «Առաջնորդարանը շատ ակտիվ աշխատում է, որ մարդիկ խուճապի չմատնվեն, անհրաժեշտության պարագայում նյութական օգնություն են տրամադրում, դպրոցները կբացվեն, որ մարդկանց միջից այդ տագնապը հեռանա»,-ասաց Պողիկեանը։ Լաթաքիայում իրավիճակը փոքր ինչ այլ է, որովհետև այնտեղ մեծ քանակով ալավիտներ են ապրում և սկզբում շատ մտահոգ էին, որովհետև որոշ բախումներ են եղել, բացի այդ Իսրայելը ռմբակոծում էր նավահանգիստն ու սիրիական բանակին պատկանող օբյեկտները, սակայն Պողիկեանը խոսել է Լաթաքիայում ապրող հայերի հետ, ասել են, որ այսօր համեմատաբար հանդարտ է եղել իրավիճակը։ Ինչ վերաբերում է Սիրիայի նոր իշխանությանը, ապա նրանց հետ ևս Լաթաքիայում որևէ խնդիր չեն ունեցել՝ ամենուր նույն կերպ են վերաբերվում հայերին, նշեց մեր զրուցակիցը։
Կարծիքներ