Սկսվե՜ց…

Սկսվե՜ց…
Մասիս Մայիլյան, ընտրություններ, Արցախ

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ չի բացառել իր ակտիվ մասնակցությունն առաջիկա համապետական ընտրություններին: Որ նա 2020թ. նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկն է՝ Ստեփանակերտում վաղուց էին խոսում: Մայիլյանի գրառումն այս իմաստով սենսացիա չէր: Իսկ ահա դրան հետեւող մեկնաբանություններում ինչ-որ էյֆորիկ նոտաներ են հնչում:

Լրատվամիջոցներից մեկը, մասնավորապես, խնդիրը ձեւակերպել է այնպես, որ Մայիլյանը «որևէ կերպ ինտեգրված չէ Հայաստանի քրեաօլիգարխիկ նախկին համակարգին ու ավելին՝ 2017-ի նախագահական ընտրություններում եղել է Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը, այլ խոսքով՝ մեկը, որն ուղղակիորեն իրեն դուրս է դրել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գծած խաղի սցենարից»։  

Հարկավոր է սկզբունքային ճշգրտում անել. Մասիս Մայիլյանը Բակո Սահակյանի մրցակիցն է եղել 2007թ. ընտրություններում: Մինչ այդ նա դիվանագիտական ծառայության մեջ էր եւ հասել էր փոխարտգործնախարարի պաշտոնին: Այսինքն, պետական համակարգի ներկայացուցիչ էր: Եւ նախագահի թեկնածու առաջադրվելու նրա որոշումը տարակուսանքի տեղիք էր տվել: Իշխող տպավորություն էր, որ այդ քայլին նա գնացել է՝ արտաքին որոշակի ազդակներից դրդված: Վարկած էր շրջանառվում, որ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի, Մասիս Մայիլյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրած թեկնածուն է, որ նրա քարոզարշավի հովանավորը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որ դա մի ժամանակահատված էր, երբ խոսվում էր, որ Ռոբերտ Քոչարյանն իրավահաջորդ է տեսնում ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Վարդան Օսկանյանին:

Որքանո՞վ է իրականության մոտ այս վարկածը՝ դժվար է ասել: Փաստն այն է, որ ընտրություններում ստանալով շուրջ 13 տոկոսի աջակցություն, Մայիլյանը 2007թ.-ին դուրս մնաց ներիշխանական դասավորություններից եւ 10 տարի զբաղվում էր փորձագիտական գործունեությամբ՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթասի» հովանու տակ:

Մայիլյանն Արցախի արտաքին գործերի նախարար նշանակվեց 2017թ.-ին՝ Արցախում սահմանադրական փոփոխություններից եւ խորհրդարանում եռամյա ժամկետով Բակո Սահակյանի նախագահ ընտրվելուց հետո: Եւ եթե համարվում է, որ Արցախի իշխանությունը Հայաստանի ռեժիմի կցորդն էր, ապա նման առանցքային պաշտոնում Մայիլյանը չէր կարող նշանակվել առանց պաշտոնական Երեւանի հետ պայմանավորվածության:

Բացառված չէ, որ հենց դրանով էլ տրվել է նրա նախագահական ապագայի մեկնարկը, նրան նախապատրաստում էին որպես Բակո Սահակյանի իրավահաջորդի: Մանավանդ որ Մայիլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան որոշակի շրջանակների հետ: Այնպես որ, այնքան էլ արդարացի չէ, երբ փորձ է արվում նրան ներկայացնել որպես առհասարակ ,,խաղի սցենարից դուրս,, քաղաքական գործչի՝ ի հակակշիռ Արցախի նախագահի մյուս հավանական թեկնածուների: Ունենք այն, ինչ ունենք: Եւ մարդկային ու քաղաքական առկա ռեսուրսով է Արցախը գնում նախագահական ընտրությունների: Գերխնդիրն է՝ ապահովել ազատ մրցակցությունը՝ բացառելով արտաքին որեւէ միջամտություն: Նույնիսկ եթե դա Հայաստանի հեղափոխական իշխանությունից պիտի լինի: