Արցախում այլ ռեժիմ է, Հայաստանում՝ այլ․ իսկ վիրուսը իրավական ռեժիմ ճանաչո՞ւմ է

Արցախում այլ ռեժիմ է, Հայաստանում՝ այլ․ իսկ վիրուսը իրավական ռեժիմ ճանաչո՞ւմ է

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել էր լուսանկարին, որում պարզ երևում է, որ հայաստանյան պատվիրակությունն ու Ալեն Սիմոնյանն ինքը Արցախի նախագահի երդմնակալությունից հետո հրավիրված խնջույքին առանց դիմակների ու առանց որևէ սոցիալական հեռավորություն պահպանելու ուտում-խմում են։ Ալեն Սիմոնյանը պարզաբանել էր, թե իրենք որևէ կարգ չեն խախտել, քանի Արցախի Հանրապետությունում գործում է այլ իրավական ռեժիմ։ Եվ առհասարակ, հիվանդացության թվերը Հայաստանում ու Արցախում տարբեր են։ Եվ նաև Արցախում էլ պարետանան կանոններն ուրիշ են։
Նշենք, որ նմանատիպ մի հայտարարություն էր արել Արցախի Հանրապետության պարետատունը՝ տարածքում դիմակ կրելու կանոնի հետ կապված:
Հայտարարության համաձայն՝ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:

Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Ինչպես կասեր դասականը՝ իյա՞, իրո՞ք։
Իսկ վիրուսը հարցնո՞ւմ է, թե ինչ իրավական ռեժիմ կա Հայաստանում ու Արցախում։ Բայց սա «թերևս» հռետորական հարց է։ Իսկ եթե ամեն ինչ այդքան կանոնակարգված է օրենքի  տառին համապատասխան,  Արցախում, OK,  դիմակ  չենք կրում ու հեռավորություն չենք պահպանում․ Արցախն էլ Հայաստան չէ, ուրեմն՝ Հայաստան վերադառնալով՝ բարի եղեք մեկուսանալ։ Չէ՞ որ Հայաստանի պարետի հայտարարությամբ՝ օտար երկրներից վերադարձած ՀՀ քաղաքացիները պարտադիր 14-օրյա կարանտին են պահպանում։