Վրաստանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի կայունություն․ Ջոնի Մելիքյանը՝ Գախարիայի առաջարկի մասին

Վրաստանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի կայունություն․ Ջոնի Մելիքյանը՝ Գախարիայի առաջարկի մասին

Շարունակվում են ռազմական գործողություններն արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմանին։

Այսօր հարևան Վրաստանի Հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան առաջարկել էր հայ-ադրբեջանական բանակցություններ Թբիլիսիում՝ Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացումը թուլացնելու եւ խաղաղությունը վերականգնելու հարցում։

Թեմային «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձել է վրացագետ Ջոնի Մելիքյանը։


-Պարո՛ն Մելիքյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Գախարիայի առաջարկը։

-Գախարիայի առաջարկը կարևոր է։ Չեզոքությունը, որ իրենք այս օրերի ընթացքում պահում են, որի մասին խոսում են, նույնպես կարևոր է։ Բայց չեմ համարում, որ այս պարագայում Վրաստանը որպես հարթակ կողմերի համար համապատասխան լինի։ Եվ նաև այն ֆոնի վրա, որ Մոսկվան բախումների ժամանակ պարբերաբար կարողացել է այդպիսի հարթակ լինել, այսօր նույնիսկ այնտեղ հնարավոր չէ։ Եվ երկու երկրների ղեկավարների կողմից նույնիսկ հռետորաբանությամբ չի երևում պատրաստակամությունը բանակցություններ վարելու։ Գախարիայի առաջարկը կմնա պատմության մեջ, միգուցե չիրագործվի, սակայն կարևոր է Վրաստանի թե՛ դիրքորոշումը, թե՛ դիրքավորումն այս ամեն ինչում։ Այս ամենն ընդգծում է, որ Վրաստանը բավականին խոցելի է այս իրավիճակում։ Եվ Վրաստանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի կայունություն և ստաբիլ իրավիճակ, ինչը տալիս է իրենց հնարավորություն թե՛ տնտեսապես զարգանալու, թե՛ բարեփոխումներ կատարելու, թե՛ տարածաշրջանային դիրքերից հանդես գալու համար։

-Հաշվի առնենք այն հանգամանքը, որ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Վրաստանի տարածքով զենքեր են տեղափոխվել, ադրբեջանական վարձկաններ, թուրքական զինյալներ են տեղափոխվել, անկեղծություն տեսնո՞ւմ եք Վրաստանի առաջարկի մեջ։

-Ես մինչև չկարդամ Ձեր նշած երևույթների հետ կապված հայկական որևէ պաշտոնական արձագանք կամ հայտարարություն, ես չէի ցանկանա մեկնաբանել  ֆլայթռադարով կամ սոցցանցերում այսօր տարածվող այդ լուրերը։ Դրանք պետք է հստակ ապացուցվեն, և եթե իրականություն է, պետք է, երևի թե, արձագանք լինի։ Եվ արձագանքի պարագայում կարելի է արդեն խոսել նրա մասին՝ ինչքանով է վրացական կողմի քաղաքականությունը համապատասխանում իրականությանը։

-Այսինքն՝ առաջարկությո՞ւնը

-Այո՛, այսօր մենք ֆիքսում ենք, որ իրենց մոտ կա այդ տրամադրվածությունը, իրենք այդ բաներն են հայտարարում, այդ քաղաքականությունն է որդեգրել, և բավականին մեծ ցանկություն կա, որ գոնե իրենց խոսքերը գործերի հետ բռնեն։ Ես, երևի թե, այսքանով կսահմանափակվեմ կոնկրետ այս հարցի շուրջ․ որ իրենց գործելով, իրենց կիրառական քաղաքականությամբ ցույց տան իրենց չեզոք լինելը։

-Իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչ տրամադրություններ են տիրում Վրաստանում Հայաստանի հանդեպ, Ադրբեջանի հանդեպ։ Ավելի շատ կողմնորոշումը դեպի Հայաստա՞նն է, թե՞ Ադրբեջանը, թե՞ իրականում չեզոքություն կա։ 

-Տարբեր շրջանակներում, տարբեր հայացքներ ունեցող մարդիկ տարբեր կերպ են ընկալում իրավիճակը։ Չէի ասի, որ կարելի է ընդհանրացնել։ Քաղաքական գործիչներն էլ տարբեր կերպ են մեկնաբանում, որոշ ընդդիմադիրներ հստակ աջակցություն են հայտնում Բաքվին, Բաքվի դիրքորոշմանը։ Հիմնականում իշխանության ներկայացուցիչները չեզոք հայտարարություններով են հանդես գալիս, նույնիսկ պառլամենտի նախկին նախագահը (իշխող մեծամասնության ներկայացուցիչ), մեկնաբանելով վարչապետ Գախարիայի առաջարկը, ևս մեկ անգամ շեշտեց, որ Վրաստանը կարող է այդպիսի հարթակ լինել։ Միգուցե, տեսականորեն, կարող է լավ հնարավորություն լինել զուգահեռ ֆորմատում, քանի որ Վրաստանի ազգային շահերից է բխում, որ հարևան Ադրբեջանը և Հայաստանը բանակցեն, այլ ոչ թե պատերազմեն, բայց նաև մենք պիտի հասկանանք, որ ընդունող կողմը պիտի նաև ունենա հնարավորություն հարևանների վրա ազդելու, լծակներ ունենա, Վրաստանի դեպքում մի քիչ այլ է։

Սերգեյ Առաքելյան