«Խաղաղություն ննջեցյալոց»

«Խաղաղություն ննջեցյալոց»

Խաղաղության դարաշրջանը Նիկոլը ազգային ժողովից է սկսել։ Մի այնպիսի՜ խաղաղություն, լռություն, թվում է՝ թե ննջեցյալոց ապարանք է։ Միատոն խոսում են երեսփոխանները, օրենսդրական հարցեր են ներկայացնում ու հազվադեպ է լինում, որ մեկը մի հարց տա, ասի՝ յարաբ էս օրենքը խի՞ եք փոխում։ Անգամ առողջապահության նախարարի կոչնակատիպ ձայնը մելոդիկ է հնչում։ Ինչ որ մեկը նրան գգվում է՝ դե դուք մասնագետ եք, ավելի լավ կիմանաք։ Մեկի դեմքին մի թրթիռ չի զգացվում՝ հիշողությունները կորցրել,  չեն հիշում, որ մասնագետ չի։ 

Կար ժամանակ, երբ ավյունով լի էր ազգային ժողովը, հիմա թոշնել ու 100- ամյա ծերուկի է նմանվել։ Ծերացել ու հալից ընկել է։ Սա է խաղաղությունը, երբ վայելում ես ծերունական «թովչանքը»։ Սա է ժողովրդավարությունը, երբ այլախոհ չկա, սա է հաղթանակը, երբ պարտության գարշահոտ է գալիս։ Նայում ես  պատգամավորների շարժվող  աչքերին ու հիշում  դատարկախոս ու զառամյալ այն ծերունուն, ով գովում էր գլուխը ու կնոջը՝ «աչքերը շարժելով» հարցնում՝ այդպե՞ս չէ, կյանքս։  Իսկ կինը տանջահար ու ձանձրույթից հորանջելով ասում է՝ շարժվող բաներից միայն աչքերդ են մնացել, ոչուփուչ։