Եթե բորսայում գինը բարձրացել է, մեր հանձնաժողովն ի՞նչ անի

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախօրեին քննարկվեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մասին օրենքի փոփոխության նախագիծը։ Դրանով բավականին ուժեղացվում են ՏՄՊՊՀ-ի գործառույթներն ու լիազորությունները՝ մոտեցնելով ընդհուպ իրավապահ կառույցներին հատուկ լիազորություններին։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ լիազորությունների առումով գլոբալ բան չի փոխվում, ավելի ճիշտ՝ հստակեցվում է։ Որոշ ռեժիմներով նույնիսկ թեթեւացումներ են նախատեսվում։
- Կոնկրետ ո՞ր լիազորություններն են հստակեցվում, ինչպես հասկացանք՝ ուժային կառույցներին մոտ լիազորություններ եք ստանում։
- Բացարձակ նման բան չկա։ Եթե խոսքը վերաբերում է օպերատիվ ծառայության մասին օրենքում կատարվող փոփոխությանը, դա ոչ թե ՏՄՊՊՀ-ի կազմում է ստեղծվում, այլ հենց էսօր օպերատիվ ծառայություն իրականացնող մարդկանց հնարավորություն է տրվում հակամրցակցային համաձայնության գործերով զբաղվել, որը էսօր օրենքում կա դրույթ, որը մենք պետք է իրականացնենք, ընդ որում՝ դրույթի ոչ հստակության մասին խոսում են արդեն տասը տարի թե՛ միջազգային գործընկերները, թե՛ Ազգային ժողովի տարբեր պատգամավորներ։ Ընդ որում, այդ առաջարկը եղել է թե՛ իրենց կողմից, թե՛ միջազգային կառույցների կողմից՝ ԵՄ-ի կողմից, տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի կառույցի կողմից։ Այդ նույն պրոցեսը կա նաեւ ԵԱՏՄ-ում, մենք ընդամենը լիազորությունները հստակեցնում ենք, որպեսզի համապատասխան ծառայություն մատուցող մարդիկ կարողանան իրականացնել ֆունկցիա, բայց ոչ՝ ՏՄՊՊՀ-ի կազմում։
- Այսինքն՝ իրե՞նց եք օժտում ՏՄՊՊՀ-ին հատուկ գործառույթներով, օրինակ՝ ոստիկանությանը։
- ՏՄՊՊՀ-ի գործառույթներով չէ, եթե կա հակամրցակցային համաձայնություն, էսօր Քրեական օրենսգրքում դրա համար կա պատիժ նախատեսված, եւ դրանց բացահայտմանն ուղղված գործողությունները իրենց խնդիրների մեջ լրացնում ենք։ Կլինի դա ոստիկանությունը, ՊԵԿ-ը կամ ԱԱԾ-ն, եթե իրենց իրավասության ներքո լինի։ Մենք քանի որ անհրաժեշտություն չենք տեսնում, որ ՏՄՊՊՀ-ն ունենա լրացուցիչ աշխատակիցներ, դա բարդ գործընթաց է, եւ բավականին տեխնիկական հագեցվածություն է պետք, օրինակ՝ փաստաթղթաշրջանառությունը ֆիքսելու, գների մասին պայմանավորվածությունը ֆիքսելու համար, մենք ասում ենք՝ էդ հակամրցակցային համաձայնություններով, որը քրեորեն պատժելի արարք է համարվում, օպերատիվ ծառայություններին տալ՝ որպես խնդիր, որ իրենք աջակցեն մեզ։
- Անդրադառնանք տնտեսական վիճակին․ մենք տեսանք, որ վերջին ամիսներին էական գնաճ արձանագրվեց շուկայում, տնտեսագետները սա պայմանավորում էին հիմնականում դոլարի կուրսի բարձրացմամբ։ Դուք ուսումնասիրե՞լ եք՝ գնաճի հիմնական պատճառը դոլարի կո՞ւրսն էր, թե՞ այլ պատճառներ էլ կան։
- Մենք միայն նայում ենք կենտրոնացված շուկաները, ուզում եմ անպայման հստակ էդ մեսիջը գնա, այսինքն՝ այնտեղ, որտեղ խաղացողների քանակը շատ է, եւ կենտրոնացվածություն չկա, այսինքն՝ խոշոր խաղացողների մասնաբաժինը սահմանաչափից փոքր է, մենք, բնականաբար, դրանք նայում ենք, կարծում եմ՝ մոտ օրերս կհրապարակենք մի շարք շուկաներում տեղի ունեցող գների բարձրացման, ո՛չ գնաճի, հիմնավորումները։ Իհարկե, դոլարի փոխարժեքի բարձրացումը որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն էական ազդեցություն ունեցել է ձեռքբերման համաշխարհային գների բարձրացումը։ Քովիդով պայմանավորված՝ օրինակ, եգիպտացորենի եւ արեւածաղկի շուկայում ենք խնդիր ունեցել, դրանց համաշխարհային գները բարձրացել են, ու դրանից պատրաստվող ձեթի ձեռքբերման արժեքը բարձրացել է։ Մենք նայում ենք ձեռքբերման գինը, նաեւ՝ տրանսպորտային արժեքը փոփոխության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ, դոլարի կուրսը։ Եվ եթե համաչափ են, ուղղակի դրա մասին տեղեկացնում ենք հանրությանը, եթե համաչափ չեն, վարույթ ենք սկսում։
- Ամանորին ընդառաջ, ինչպես միշտ լինում է, ձուն թանկացել էր՝ հասնելով 80-100 դրամի։ Ձուն տեղական արտադրանք է, չենք ներկրում, բայց թանկանում է․ սա ինչո՞վ է պայմանավորված։
- Ձու չենք ներկրում, բայց հավի կերի գինն էականորեն բարձրացել է։ Ձվի մասով ես էս պահին ձեռնպահ կմնամ որեւէ բան ասելուց, որովհետեւ մենք Ամանորից առաջ հրապարակել ենք որոշում՝ հակամրցակցային համաձայնության հետ կապված, եւ մեծ տուգանք ենք նախատեսել էդ ընկերությունների հետ կապված։ Որոշումը դեռեւս ուժի մեջ չի մտել, որովհետեւ իրենք բողոքարկման ժամկետ ունեն, եւ ձվի էս վերջին թանկացումները եւս վարույթի շրջանակներում կուսումնասիրենք։
- Ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությանն ու ՏՄՊՊՀ-ին, որ ջանքեր է գործադրում, տուգանում է, որոշումներ է ընդունում եւ այլն, չի հաջողվում զսպել գնաճը, թույլ չտալ, որ հակամրցակցային համաձայնություններ տեղի ունենան։
- Դա գնաճ չէ․․․ Հիմա, եթե գնի բարձրացում կա, օրինակ՝ բենզինի շուկայում, որ ասում են՝ գնի բարձրացում կա, եթե բորսայում գինը բարձրացել է, մեր հանձնաժողովն ինչպե՞ս կարա․․․ Եթե բորսայում գինը բարձրանում է, չի կարող Հայաստանում էլ չբարձրանա։ Մեր խնդիրն այն է, որ եթե բորսայում բարձրանում է, մեզ մոտ բարձրանա, եթե բորսայում իջնում է, մեզ մոտ էլ իջնի։ Հիմա ձվի դեպքում նորմալ չէ, դրա համար էլ տուգանել ենք։
Կարծիքներ