Հարցազրույց

«Հրապարակ». Դա չի կարող լինել 2 պետությունների հարաբերությունների կարգավորման նախապայման

«Հրապարակ». Դա չի կարող լինել 2 պետությունների հարաբերությունների կարգավորման նախապայման

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ

- Ադրբեջանը Հայաստանին ուղիղ, առանց միջնորդների հանդիպելու եւ բանակցելու առաջարկ էր արել՝ գնդակը թողնելով Հայաստանի դաշտում։ 32 հայ գերիների վերադարձը, սահմանին երկու երկրների սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովների ղեկավարների հանդիպումները ո՞ր երկրի միջնորդությամբ են եղել։

- Գերիների վերադարձի հարցում բանակցություններն ուղիղ են եղել, երկկողմ՝ առանց միջնորդների։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ուղիղ են բանակցել։

- Ադրբեջանի հետ ուղիղ, առանց միջնորդների, դեմ առ դեմ բանակցությունները խորհրդարանական ընդդիմությունը վտանգավոր է համարում։ Օրինակ, Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ուժեղի ու թույլի միջեւ բանակցություններ չեն լինում, լինում է ուղղակի պարտադրանք։ Արդյո՞ք Հայաստանը բավականաչափ ուժեղ է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու համար։ 

- Հարցը վերաբերում էր կոնկրետ հումանիտար խնդրին, եւ հնարավորություն է եղել ուղիղ բանակցությունների միջոցով այդ հումանիտար հարցի հանգուցալուծումը ստանալու։ Սա շատ զգայուն թեմա է։ Արդեն 3 տարի մեզ հարցադրումներ են անում` թե՛ ընդդիմադիրները, թե՛ գերիների հարազատները, թե ինչու գերիների հարցը չի լուծվում։ Հայաստանը տեսավ, որ կարող է ուղիղ բանակցելու միջոցով լուծման գալ, գնաց այդ քայլին։ 

- Ընդհանուր բանակցային գործընթացը, խաղաղության պայմանագիրը նույնպե՞ս կնքվելու է առանց միջնորդների։ Ուզում եմ հասկանալ՝ բացի զինծառայողների փոխանակումից, երկկողմ էլ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու առաջարկի վերաբերյալ։

- Կարեւորն արդյունավետությունն է, կարեւոր է, որ այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանն առաջ է քաշում, եւ որոնց շուրջ կան համաձայնություններ, դրանք ամրագրվեն խաղաղության համաձայնագրում։ Ստացվել է այնպես, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվել որոշակի ֆորմատներում՝ վաշինգտոնյան եւ բրյուսելյան բանակցություններում՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մեզ համար կարեւոր է այդ տրամաբանությամբ շարունակելը։

- Բրյուսելը եւ ԱՄՆ-ն ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու հետ կապված, եվրոպական գործընկերները դե՞մ են Փաշինյան-Ալիեւ` առանց միջնորդների բանակցություններին։ 

- Եվրոպական գործընկերներն իրենց տեսակետները չեն պարտադրում, եթե խոսքն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդության մասին է։ Նրանք բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն  եւ անվտանգություն հաստատվի։ Բայց Հայաստանն ունի ակնկալիքներ միջնորդներից, որպեսզի բավարար ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար։ 

- Նոյեմբերի 30-ին սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպում ունեցան հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ օրը։

- Համաձայնության են եկել որոշակի աշխատանքային  հարցերի կազմակերպման շուրջ, աշխատակարգի անհրաժեշտության։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում կրկին կլինի հանդիպում։

- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խոսում են «Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին, որն ուղիղ սպառնալիք է Հայաստանի նկատմամբ։ Բաքվի այս հռետորաբանության վերաբերյալ պաշտոնական Երեւանն ի՞նչ դիրքորոշում ունի, արդյոք այսպես հնարավո՞ր է հասնել խաղաղության։

- Բաքվի այս հռետորաբանությունն անընդունելի է, հատկապես երբ հնչում է բարձր մակարդակով։ Իմ ընկալմամբ՝ այդ տերմինի գործածումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություն է։ Մենք կարող ենք հումանիտար տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ունենալ, բայց այդ տերմինաբանությամբ խոսելը որեւէ կերպ չի նպաստում խաղաղության գործընթացին։ Ուզում եմ նաեւ ընդգծել՝ որեւէ մեկն Ալիեւի հետ ուղիղ բանակցությունների չի գնացել։ Որպեսզի խաղաղություն տեղի ունենա, պետք է Ադրբեջանը հրաժարվի այդօրինակ ագրեսիվ հռետորաբանությունից։ 

- Ադրբեջանի համար խաղաղության հասնելու կարեւոր պայման է 150 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի այն տարածքներ, որտեղ Խորհրդային Միության ժամանակ ապրել են ադրբեջանցիները։ Այս պահանջը կա՞ խաղաղության պայմանագրի օրակարգում:

- Այս հարցը չի կարող լինել բանակցությունների օրակարգում, որովհետեւ դա շատ վիճելի հարց է։ Ամեն օր ադրբեջանցի ինչ-որ մի պաշտոնյա մի թիվ է հրապարակում եւ ասում, որ այսքան մարդ պիտի գնա Հայաստանում ապրի։ Դա գուցե մի հարց է, որին անհրաժեշտ է անդրադառնալ ապագայում, բայց, բնականաբար, դա չի կարող լինել երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման նախապայման։ Մենք չենք մտնում այդ խոսակցության մեջ, հակառակ դեպքում կարող ենք շատ հստակ խոսել Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից եւ ադրբեջանական մյուս բնակավայրերից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրների մասին։ 

- Խաղաղության պայմանագրի կետերից մեկն այն է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ալիեւը մինչ այս պահը չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պաշտոնական Երեւանը նշում է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքի, ինչպե՞ս է հնարավոր։

- Մենք դրան հակված ենք, գնդակն Ադրբեջանի դաշտում է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image