Պահանջում ենք իրավական գործընթաց, որպեսզի Արսեն Թորոսյանը կանչվի պատասխանատվության հնարավոր հանցավոր անգործության համար

Պահանջում ենք իրավական գործընթաց, որպեսզի Արսեն Թորոսյանը կանչվի պատասխանատվության հնարավոր հանցավոր անգործության համար

Քաղաքացիները առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանին պատասխանատվության կանչելու համար Իրավական գործընթաց են նախաձեռնել. 400 օգտատեր ստորագրել է այս կոչը

«Պահանջում ենք իրավական գործընթաց, որպեսզի Արսեն Թորոսյանը կանչվի պատասխանատվության հնարավոր հանցավոր անգործության համար։

1. Փաստական հիմքեր և հիմնավորումներ
Ակնհայտ է, որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայուն և վերահսկելի չէ: Այս մասին վկայում է այն փաստը, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում վարակակիրների և մահացած անձանց քանակը շարունակում է ավելանալ: Վերջին շաբաթներին հիվանդության նոր դեպքերի աճի օրական տեմպերով մենք տարածաշրջանում առաջատարներից ենք։ Մեր գնահատմամբ՝ այս բարձիթողի վիճակի հիմնական պատճառը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անգործությունը և մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակը կամ այդ մակարդակի ի սպառ բացակայությունը։ Ներկայումս կորոնավիրուսով ՀՀ-ում վարակվածների թիվը 7000-ից ավելի է, ինչպես նաև ունենք 80-ից ավել մահացության դեպքեր, սակայն չկա որևէ պաշտոնատար անձ կամ կառույց, որը իր վրա կվերցնի մարդու առողջությանը պատճառած վնասի և կորուսյալ կյանքերի համար պատասխանատվությունը ու կկրի համարժեք պատիժ:
Ակնհայտ է այն ճշմարտությունը, որ երբ պրակտիկ բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները կատարելիս թույլ է տրվում անզգուշություն, ապա նրան հնարավոր բոլոր տարբերակներով ենթարկում են պարսավանքի և քրեական պատասխանատվության, իսկ ԱՆ նախարարի կողմից կատարված գործողությունների վրա աչք է փակվում։ Ստորև ներկայացվում ենք այն հոդվածները, համաձայն որի, կարծում ենք, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին պետք է ենթարկել պատասխանատվության։
Հայաստանը կանգնած է բնական աղետի առջև, սակայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փաստացի չի կարողանում, իսկ եթե ավելի կոնկրետ ցուցաբերում է բացարձակ անգործություն հասարակությանը կոնսոլիդացնելու և համաճարակը կանխելու հարցում։ Վերջինիս կողմից չեն մշակվում և իրականացվում նպատակային և արդյունավետ միջոցառումներ։ Անգործության հետևանքով ավելի է խորանում և տարածվում համաճարակը։
Վերոգրյալը կարելի է հիմնավորել մի շարք փաստեր առաջ բերելով, որոնք ուղղակիորեն վկայում են Արսեն Թորոսյանի կողմից ցուցաբերած անգործության և անփույթության մասին, մասնաորապես լրատվական մարմիններին տրված մի շարք հարցազրույցների ժամանակ պաշտոնական կերպով հայտարարել է (մեջբերում լրատվական կայքերից) «Կորանավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա» կամ «Ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ նրանց ուղղարկել դպրոց, որովհետև չեմ համարում առողջապահական վտանգը բարձր» և այլն: Վերոգրյալը ուղղակիորեն փաստում է այն մասին, որ Արսեն Թորոսյանը մակերեսային է մոտենում իրավիճակին և չի կարողանում տիրապետել իրավիճակին ու վերահսկողության տակ առնել համավարակի տարածումը, ինչի մասին նա պաշտոնապես հայտնել է քննարկումների ընթացքում:

2. Իրավական հիմքեր և հիմնավորումներ

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը․
1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝
1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.
2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը․
1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Վերոնշյալ հոդվածներով ապացուցվում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի մեղավորությունը կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի շատացման և 80-ից ավելի քաղաքացիների մահվան գործում։ Դրան ավելի կոնկրետ իրավական գնահատական կարող են տալ իրավապահ մարմինները: Ուստի ակնհայտ և արդարացված է Արսեն Թորոսյանի գործողությունների իրավական գնահատման հանրային պահանջը:
Սա քաղաքական, քաղաքագիտական, քրեական և ոչ բնական իրողություն է․ օբյեկտիվորեն այսպիսի բան չպետք է լիներ։ Երկրին հասցված մեծ հարվածի բեռը կրում է Արսեն Թորոսյանը, ում, կարծում ենք, պետք է ենթարկել քրեկան պատասխանատվության։
Պահանջում ենք իրավական գործընթաց, որպեսզի Արսեն Թորոսյանը կանչվի պատասխանատվության հնարավոր հանցավոր անգործության համար»։

Նախաձեռնող՝ Նունե Ավանեսյան