Եթե իշխանությունները չգիտակցեն, ապա ծայրահեղ գործողություններն ինքնաբերաբար կլինեն

Եթե իշխանությունները չգիտակցեն, ապա ծայրահեղ գործողություններն ինքնաբերաբար կլինեն

Հայրենիքի փրկության շարժման շաբաթ օրվա հանրահավաքն անհանգստություն է առաջացրել իշխանական ճամբարում։ Չնայած վատ եղանակին, չնայած նախկինների նկատմամբ ունեցած վերաբերմունքին եւ քաղաքականությունից հիասթափությանը, Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք կայացավ, մոտավոր հաշվարկներով՝ 25-35 հազար մարդ է մասնակցել։ Տեւական ժամանակ պասիվացած շարժման հանրահավաքին մասնակցած մարդիկ, այդուհանդերձ, հիասթափված հեռացան։ Շատերը կտրուկ գործողություններ էին պահանջում։

Նրանց չբավարարեց Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, որ եթե ընդդիմության պլան Ա-ն՝ անհնազանդության ակցիաները արդյունք չտան, ցանկացած պահի կարող է կյանքի կոչվել պլան Բ-ն, այն է. «Կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Բայց պետք է դրա համար տեղերում կազմակերպվեն կոմիտեներ, բոլոր գյուղերում, կոլեկտիվներում պատրաստվեք, ժողովուրդ: Մենք միասնական ենք գնալու»: Ընդդիմությունը պատրաստվում է ուժեղացնել փողոցային ճնշումը, որոշ տեղեկություններով՝ ուժային կառույցներում էլ մեծ թվով պաշտոնյաներ սպասում են փողոցային ճնշման աճին, որ միանան շարժմանը եւ պարտադրեն Փաշինյանին հրաժարական տալ։ Եթե կրիտիկական զանգված հավաքվի փողոցում, չի բացառվում, որ ԱԺ շենքը պաշարեն եւ պատգամավորներին ստիպեն նախ ռազմական դրության ռեժիմը հանել, ապա վարչապետի անվստահության գործընթաց սկսել։ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքից հետո հայտարարել էր, որ ամենահեշտ բանը շենք-շինություններ գրավելն է, «բայց արդյո՞ք այդ շենքը գրավելը իշխանությունից հեռացնել է նշանակում»։

Ընդդիմությունը նաեւ մարզային այցելություններ, անհնազանդության տարբեր ակցիաներ, երթեր, մեծ հանրահավաքներ է ծրագրել։ 

Զրուցեցինք պաշտպանության նախկին փոխնախարար, Հայրենիքի փրկության շարժման քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ։

- Ընդդիմության սպասելիքներն արդարացա՞ն շաբաթ օրվա հանրահավաքից, որովհետեւ հանրային սպասումներն ավելի ռադիկալ են, կտրուկ գործողությունների կոչեր էին հնչում։ Ի՞նչ եք պատրաստվում անել, ո՞ր պահից կանցնեք պլան Բ-ին։

- Իմ կարծիով, այո, արդարացան մեր ակնկալիքները։ Ինչ վերաբերում է գործողություններին, ապա շարժումն առաջարկում է ինտենսիվ մասնակցել անհնազանդության ակցիաներին, համաժողովրդական մակարդակով ցույց տալ, որ սրանք այլեւս նախ չունեն իշխանություն, երկրորդը՝ չեն ունեցել, չունեն պիտանելիություն, երրորդ՝ ենթակա են Հայաստանին հասցրած ամենածանր վնասների համար կրելու քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։

- Մարդիկ գիտակցում են այդ ամենը, հիմա դուք ի՞նչ եք իրենց առաջարկում, հանրահավաքներից իշխանությունը չի ճնշվում։

- Գիտեք, իմանալ եւ տանը նստելն այլ բան է, իմանալ եւ դուրս գալ, գործընթացին մասնակցելը՝ բոլորովին այլ բան։ Վերջին հանրահավաքին մարդկանց տրամադրությունները, այն վճռականությունը, զայրույթը, որ կար, արդեն իսկ խոսում էր այն մասին, որ մարդիկ շատ արագ կանգնելու են ընդդիմության կողքին՝ ոչ թե այն պատճառով, որ սիրահարվել են ընդդիմությանը, այլ սիրում են իրենց երկիրը եւ պատրաստ են գնալ այն ճանապարհով, որը տանում է երկիրն այս ողբերգական վիճակից դուրս բերելուն։

- Մյուս կողմից՝ իշխանությունը փողոց դուրս եկած, հանրահավաքի ելած մարդկանց «ժողովուրդ» չի համարում, բազմիցս է ասվել, որ նախկիններն են ռեւանշի ձգտում եւ այլն։ Կա՞ նոր գործիքակազմ, որը կպարտադրի իշխանությանը հաշվի նստել բողոքող մարդկանց հետ։

- Բոլոր հնարավոր ճանապարհները պետք է օգտագործել, եթե պետք է՝ անգամ վիրաբուժական միջամտություն կլինի՝ այս չարիքից երկիրն ազատելու համար։

- Քաղաքական առումով ի՞նչ է նշանակում «վիրաբուժական միջամտություն»։

- Այսինքն՝ հանրային ճնշման միջոցով։ Չի կարող չարորակ գոյացությունը, որը մեր գլխին կախված է 2018 թվականից, երկար ժամանակ կախված մնալ ու պետությունը պահել արհեստական շնչառության մեջ։ Կա՛մ պետությունը պետք է մեռնի, կա՛մ չարորակ գոյացությունը։

- Ունե՞ք հստակ թիվ, որ եթե այսքան մարդ դուրս գա փողոց, հնարավոր կլինի հեռացնել իշխանությանը։

- Ընթացքը ցույց կտա։ Իշխանությունն այլեւս չունի իշխանության իրացման համար բավարար ռեսուրս։

- Եթե կրիտիկական զանգված հավաքվի փողոցում․․․

- «Կրիտիկական զանգված» ասվածը արհեստական հասկացություն է, կրիտիկական զանգվածը կարող է լինել 1000 հոգին, կարող է լինել 100 հազար հոգին։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե հանրային միասնական անհնազանդության, իշխանության վրա հանրային ճնշում գործադրելու ինտենսիվությունը որքանով արագ կվերածվի ժողովրդական շարժման։ Ընդդիմությունը փորձելու է մարդկանց ներգրավել, որպեսզի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, մեր երկրում իշխանափոխություն լինի։

- Բայց նոյեմբերի 9-ից հետո հենց դուք՝ ընդդիմադիրներդ էիք ասում, թե պետք չէ ակնկալել, որ հարյուր հազարներ պետք է փողոց դուրս գան, համաժողովրդական շարժում լինի, քանի որ մարդիկ տարբեր պատճառներ ունեն փողոց դուրս չգալու՝ կան սգավորներ, տնազուրկներ, փողոցից հիասթափվածներ եւ այլն։ Օրինակ, սյունեցիներն այսօր իրենց տունն են պահում ու չեն կարող միտինգ անել։

- Յուրաքանչյուրն ունի իր շարժառիթը՝ դժգոհելու սրանցից, մեկի համար հայրենիքն է, մյուսի համար՝ սահմանը, երրորդի համար՝ անվտանգությունը, չորրորդի համար՝ Արցախը, ապագան, սոցիալական խնդիրները եւ այսպես շարունակ։ Բոլոր ոլորտներում այս կառավարությունը երկիրը կանգնացրել է ծայրագույն փաստերի առջեւ, հետեւաբար, շարունակել այս իշխանության հետ ճանապարհ, նշանակում է փակ աչքերով գնալ դժոխք։ Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մտածող մասը սա է ուզում։

- Հասարակության մի մասը ռադիկալ քայլեր է ձեզնից ակնկալում, ասում է՝ հայրենիքը հանձնում են, մի հապաղեք, բռնի հեռացրեք։ Կգնա՞ք նման քայլերի՝ հաշվի առնելով իշխանական ճամբարից վերջին օրերին հնչող սպառնալիքները, որ կճնշեն, կկրակեն։

- Նպատակը պետք է արդարացված լինի, եթե պետք լինի, հանուն հայրենիքի փրկության, նաեւ այդ ճանապարհով չպետք է վարանել։ Իշխանություններին դեռեւս տրված է հնարավորություն՝ գիտակցաբար հեռանալու։ Իսկ եթե չի գիտակցում, ուրեմն զարգացումներն ինքնաբերաբար բերում են ընդհուպ մինչեւ այնպիսի գործողությունների, որոնք, ինչպես Դուք եք ասում, կարող են գնահատվել ծայրահեղ գործողություններ։ Բայց քաղաքական պրակտիկայում դրանք լայնորեն կիրառելի են այնպես, ինչպես իրենք են կիրառել 2018-ին՝ դրա անունը դնելով ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։