Լեյտենանտ Շմիդտի որդիները կամ՝ Էդմոն Մարուքյանը փորձում է խախտե՞լ կոնվենցիան

Լեյտենանտ Շմիդտի որդիները կամ՝ Էդմոն Մարուքյանը փորձում է խախտե՞լ կոնվենցիան

Օրերս, Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձ արեց խախտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը՝ հայտարարելով. «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդի­մա­դիր խմբակցություն իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»- ասաց Էդմոն Դանտեսը, կներեք՝ Էդմոն Մարուքյանը: 

Եվ այսպես, քաղաքական «ռասկլադը», ըստ կլասիկ ընդդի­մադիր Մարուքյանի, ում «ցավը տանելու» պատրաստակամություն էր հայտնել պատկառելի մի անձ, այսպիսին է.
«ԼՀԿ»՝ 73 %
«Իմ քայլ»՝ 17 %
Մնացած՝ 10 %-ը «խուրդա-մուրդա», իրենց կուսակցություն հռչակած ինչ-որ անհասկանալի միավորումներին:

Ենթադրաբար՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև մյուս բոլոր նախկին իշխա­նության ներկայացուցիչներին մի կողմ քաշվելը նշանակում է ՀՀԿ-ներին, ԲՀԿ-ներին, ՀՅԴ-ներին, ԼՏՊ-ներին՝ ՀԱԿ-երի ու ՀՀՇ-ի հետ միա­սին (կամ՝ հակառակը), պարույյրհայրիկյաններին առաջարկվել է «նստել տեղ­ներն ու քարանալ կամ՝ կծկվել»՝ ըստ նախասիրության:

Բայց, առաջին պարբերությունում ինչ-որ օրենք խախտելու մասին խոսք եղավ: Այո, «նախկին իշխանություն», «նախկիններ» ու դրանց զուգորդմամբ այլ արտա­հայ­տություններ (հատկապես ժողովուրդ բառի հետ. օրինակ, նախկինները խմել են ժողովրդի արյունը, նախկինները ժողովրդից խլել են իր իսկ իշխանությունը և այլն) արդեն իսկ արտոնագրվել են՝ Փաշինյանի կողմից (հարցրեք Քերոբյանին՝ ում ենթակայության տակ է գտնվում համապատասխան կառույցը): «Նախկինները» Փաշինյանի բրենդն է, այսինքն, գրանցված ապրանքային նշանի նման մի բան, որն արտաբերելիս՝ լսարանի մոտ առաջանում են որոշակի ասո­ցիացիաներ: Օրինակ, երբ լսում ենք Կոկա-կոլա, կամ Մերսեդես, հասկանալի է, չէ՞, որ բացի այդ ապրանքային նշանների իրավական գրանցված լինելուց, սպառողի մոտ առաջանում են ինչ-որ զգացողություններ. Մերսեդես՝ ամենալավը, Կոկա-կոլա՝ «Taste The Feeling»՝ «Փորձիր…Զգա»: «Նախկիններ» բրենդը ժողովուրդն արդեն ոչ միայն «փորձել» է, այլ «զգացել է» մինչև ողնածուծը: Իսկ «նախկիններ» Փաշինյանի բրենդն ամենալավն է: Հետևաբար, նկատի ունե­նա­լով այն, որ հայերը գենետիկորեն Մերսեդես են նախընտրում, ապա էլեկտորատը կրկին կնախընտրի Մերսեդեսը, կներեք, Փաշինյանի «նախկիններ» բրենդը. Ամենալավը կամ՝ ոչ մի Մարուքյան: Բայց, միևնույն է, Մարուքյանը խախտել է կոնվենցիան, գրեթե այնպես, ինչպես Պանիկովսկին էր խախ­տել լեյտանան Շմիդտի որդիներին առնչվող կոնվենցիան, ինչի մասին Բալագանովը տեղյակ պահեց Օստապ Բենդերին:
-Դե, իսկ այժմ պատմեք - ասաց Օստապը, թե ինչպես է այդ սրիկան խախտել կոնվենցիան և ինչ կոնվենցիա էր դա…

Հ.Գ. Ո՞րն է ելքը, Մարուքյանի ելքը: Ելքը «քայլ արա մերժիր նախկինին» -ի, «փոքր, քիփլիկ ընդդի­մա­դիր խմբակցություն» ստեղծելու և դրանում Նիկոլին պար­տակելու փոխարեն, ուղղակի պետք է գնալ բոլորովին նոր մակարդակ: Ասենք, օրինակ, պետք է հայտարարել. «ստեղծելու ենք եռյակներ» (խորհրդային հայտնի тройка – ների նմանությամբ), որոնց վճիռով, տեղում գնդա­կահարելու ենք նախ­կիններին, նախանախկիններին նրանց ընտանիքի անդամ­ներին, խնամի-բարե­կամ­ներին, ընկերներին՝ անկախ սեռից ու տարիքից, իսկ նրանցից բռնագրավ­ված շար­ժական ու անշարժ գույքը, դրամական միջոցները բաժանելու ենք անխելք մարդ­կանց, քանի որ իրենք իրենց խելքով ապրուստի միջոցներ չեն կարող հայ­թայթել:  

Հ.Գ. Մի ժամանակ գյուղերում ակումբներ կային, ըստ Լենինի մտահղացման, որպեսզի մարդկանց մշակութային մակարդակը բարձրացվի: Այդ ակումբներում ֆիլմեր էին ցուցադրում, ելույթներով հանդես էին գալիս ստեղծագործական խմբեր, գրողներ: Հրազդանի շրջանի գյուղերից մեկում մի օր հանդես էր գալիս Աշտարակից եկած ինքնագործ ստեղծագործական խումբ: Մինչ օրս հիշում եմ. «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը…» կատարումը, որը կոլորիտով ներկայացում էր, որում ներկայացված էի մի քանի հոգի՝ ազգային տարազով: Այն ժամանակ, երբ հեռուսատեսությունն այդքան զարգացած չէր, չկային շատ ու շատ բաներ, այդ ամենը հրաշք էր, անկեղծ ու անմիջական:
Ինչու՞ հիշեցի: Չգիտեմ թե ինչու, բայց տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտում, տեխնոլոգիական վերջին նվաճումների կիրառմամբ, բեմադրվում է «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը…»-ի նման մի բան: 

Գագիկ Վարդանյան